«Ամուլսարի եւ Ջերմուկի պաշտպանության շարժմանը մասնակցում եմ շատ շուտվանից՝ դեռ 2013 թվականից, երբ ներկայիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան էր հրավիրել արքայազն Չարլզին:
Ամուլսարը չի գործարկվելու: Իսկ Հայաստանում նոր հանք ընդհանրապես չպետք է բացվի: Մենք փոքր երկիր ենք եւ էլ տեղ չունենք, որպեսզի բնությունն էլի կեղտոտվի, մարդկանց առողջությանը վտանգ սպառնա: Հին հանքերի հարցը պետք է վաղ թե ուշ քննարկվի եւ մեթոդներ մշակվեն, թե ինչպես աստիճանաբար սկզբում համապատասխանեցվեն շահագործման միջազգային չափանիշերին՝ թույլատրելիի սահմանները չանցնեն, բնությունը չաղտոտեն, մարդկանց չվնասեն եւ գնան փակման ճանապարհով: Այն եկամուտները, այն գումարները, որ մուտքագրվում են պետբյուջե հանքերը շահագործվելուց, շատ չնչին են: Փաստացի, օտար երկրներից գալիս են, մեր երկրի ընդերքը, որ պատկանում է ՀՀ ժողովրդին ու սերունդներին, կորզում տանում են: Ու դրանից ոչ մեր տնտեսությունն է զարգանում, ոչ էլ մի այլ բան:
Փոխարենը՝ էկոլոգիական մեծ վնաս են հասցնում: Հավանաբար, շատ լավ գիտեք, թե Քաջարանում մարդիկ ինչ հիվանդություններ են ձեռք բերում հանքերի շահագործման արդյունքում: Բայց քանի որ դրանք շատ երկար տարիներ գործարկվում են եւ դրանք աշխատատեղեր են, վերցնել ու միանգամից փակելը խելամիտ որոշում չի լինի, ու ոչ-ոք նման բան չի սպասում կամ պահանջում: Մենք ասում ենք՝ նախ համապատասխանեցրեք ստանդարտներին եւ հետո աստիճանաբար մշակեք ծրագիր, ըստ որի Հայաստանի Հանրապետության զարգացումը կլինի առանց հանքարդյունաբերության, ավելի ստեղծարար ոլորտները զարգացնելով. տուրիզմ, գյուղատնտեսություն ու հազար ումի այլ բան: Ի վերջո, բարձր տեխնոլոգիաների հսկայական ռեսուրս ունենք: Մեր ինժեներները օտար երկրների համար են աշխատում, խնդիրներ լուծում, այնինչ, այդ ամենը կարող են անել Հայաստանի համար, եթե, իհարկե, պետական մակարդակով երկրի խնդիրներն ու կարիքները վերհանված եւ հասկանալի լինեն: Դրա համար հարկավոր է պետական ծրագիր եւ պետական տեսլական ունենալ:
Կարդացեք նաև
Ցանկացած ընտրություն զոհողության գին ունի եւ այդ գինը չափազանց մեծ է՝ համեմատած այն բանի հետ, թե մենք դրա դիմաց ինչ ենք ստանում:
Բացի դա, եկեք խնդրին նայենք այն տեսանկյունից, թե ինչ ենք մենք ժառանգելու մեր սերունդներին՝ քանդված, ապականված պոչամբարներով երկի՞ր, որտեղ չեն կարողանալու իրենց ապրելակերպն ապահովել, ամայի երկի՞ր: Իսկ Ամուլսարն այն կարեւորագույն խնդիրներից է, որի շահագործման պատճառով, գուցե, անհրաժեշտ լինի, որ բոլորս դուռը փակենք ու հեռանանք երկրից:
Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին՝ դեռ 50-60-ականներին, Ամուլսարի տարածքում ուրանի պաշարներ են հայտնաբերել: Եվ դեռ հարց է, այս պահի դրությամբ ուսումնասիրված չեն այն աշխատանքները, ինչ արել է «Լիդիանը» այն տեղում, որտեղ ըստ քարտեզի ուրանի պաշար գոյություն ունի: Արդյո՞ք դրա արդյունքում այսօր արևդեն ռադիացիայի մակարդակը արդեն չի բարձրացել հենց Ջերմուկում: Դրանով ոչ-ոք, մեր կառավարությունը չի մտահոգված:
Մենք հայտարարում ենք, թե ժողովրդավարական, իրավական երկիր ենք, բայց կառավարման որեւէ օղակում այդ ժողովրդավարությունը չի դրսեւորվում, քանի որ մարդկանց կարծիքը հաշվի չի առնվում»,- ԱԺ բակում ի պաշտպանություն Ամուլսարի եւ Ջերմուկի պահպանման զբոսանքի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ծրագրավորող ինժեներ Լուսինե Հովսեփյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ