Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թշնամական նոր գործողություն. Ալիեւն անթաքույց հրավիրում է Թուրքիային գործելու ընդդեմ Հայաստանի

Օգոստոս 19,2020 12:00

Թուրք-ադրբեջանական «եղբայրությունն» ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների՝ հուլիսյան ռազմական գործողություններից 1 ամիս անց

Անցյալ շաբաթ թուրք-ադրբեջանական միասնությունը ի ցույց դրեց հերթական ուղերձը ընդդեմ Հայաստանի ու Արցախի:

Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի ռազմական ողջ ղեկավարությունը։ Պատվիրակության կազմում էին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաեւ թուրքական բանակի՝ ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի հրամանատարները։

Թուրքիայի ռազմական ղեկավարությունը նշյալ այցի ընթացքում հետեւում էր հուլիսի վերջին Ադրբեջանի տարածքում մեկնարկած համատեղ լայնածավալ զորավարժությունների եզրափակիչ փուլին։

Հիշեցնենք, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջեւանում, Քյուրդամիրում, Գյանջայում եւ Եվլախում թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերն անցկացրեցին «Թուրք-ադրբեջանական արծիվ-2020» համատեղ զորավարժությունը, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջեւանում եւ Բաքվում անցկացվեցին համատեղ ցամաքային վարժանքներ:

Ցուցադրական զորավարժությունների ավարտին Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդես էին եկել ուշագրավ հայտարարություններով, իսկ Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ալիեւը կրկին խոսել է Հայաստանի հետ սահմանային վերջին բախումների մասին՝ նկատելով. «Թուրքիան դարձավ մեզ առաջինը եւ միանշանակ աջակցող երկիրը»:

Հուլուսի Աքարը Թուրքիայի եւ Թուրքիայի ԶՈւ անունից հերթական անգամ աջակցություն էր հայտնել Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր ելույթում, մասնավորապես նշել էր. «Բարեբախտաբար, մենք փորձի փոխանակում ենք անում աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի հետ։ Թուրքիայի Զինված ուժերը ամբողջ աշխարհին ցուցադրել է իր ուժը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։ Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի Զինված ուժերը եւս իր սրբազան պարտքը կիրագործի»։

Իսկ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել էր. «Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ օկուպացված տարածքներն ազատագրելու գործում»: Թուրքիայի պաշտպանության նախարարը «եղբայրական Ադրբեջանին» կրկին հավաստիացրել է, թե՝ «դուք մենակ չեք»: «Ուզում եմ բացեիբաց հայտարարել, որ մեր բոլոր միջոցներով մինչեւ վերջ Ադրբեջանի հետ ենք: 83 միլիոնանոց Թուրքիան մեր եղբայրների կողքին է»:

Պաշտոնական Բաքուն, այսպիսով, ի լուր աշխարհի Թուրքիայի զինված ուժերի «սրբազան պարտքն» արձանագրեց ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվ մասնակցության նման «հայտը», այն էլ հուլիսյան հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից հետո նոր իրողություն է՝ թե՛ Հայաստանի դիվանագիտության, թե՛ միջազգային հանրության համար:

Ռազմատենչ, պատերազմի ու հայատյացության քաղաքականություն վարող Ալիեւի իշխանությունը անթաքույց թշնամական գործողության վերաբերյալ նոր պաշտոնական հայտարարություն է անում երկրի պաշտպանության նախարարի մակարդակով: Սա նոր մարտահրավեր է, որին պետք է արձագանքի քաղաքակիրթ աշխարհը:

Մոսկվայի համար կարեւոր է կայունությունը

Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, նրանք քննարկել են մասնավորապես տարածաշրջանային հարցեր:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում խնդրի՝ հայ-ադրբեջանական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում, ռուսական կողմը կարեւորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարեւորությունը:

Կրեմլի մամուլի ծառայությունը Պուտին-Ալիեւի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում նշել էր հետեւյալը. «Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարման համատեքստում նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրները։ Ռուսական կողմը ընդգծել է իրադրության սրմանը նպաստող ցանկացած գործողության անթույլատրելիությունը»:

Մինչդեռ ադրբեջանական կողմը, պարզվեց, թե ինչու է պաշտոնական Բաքուն նախաձեռնել հեռախոսազրույց Պուտինի հետ: Պաշտոնական Բաքվի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Ալիեւն իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածված պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, թե Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիեւը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։ «Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով», նշել է Ալիեւը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն եւ հարցեր են առաջացնում»։

Ստացվում է, որ Ալիեւը մի կողմից դժգոհում է Ռուսաստանից, սակայն զուգահեռ դրան ազդարարում է, որ Թուրքիան առաջիկայում կդառնա Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այս մասին ասել էր Ադրբեջանի նախագահը, երբ ընդունել էր Թուրքիայի ռազմական ղեկավարությանը` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ:

Ալիեւը, մասնավորապես, պնդել է. «Մենք ամեն տարի թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում ավելի քան տասը նման` համատեղ զորավարժություն ենք անցկացնում, դա սովորական երեւույթ է, եւ այստեղ ինչ-որ արտառոց բան փնտրել պետք չէ: Մենք եւս նկատում ենք, որ այս վարժանքները անհանգստություն են առաջացնում որոշ երկրներում, սակայն դրանց համար հիմքեր չկան: Սա թուրք-ադրբեջանական միասնության հերթական դրսեւորումն է»: Այնուհետեւ նա հավելել է, թե մոտ ապագայում Թուրքիան կարող է դառնալ Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում. «Գաղտնիք չէ, որ Թուրքիան այժմ հզոր ռազմաարդյունաբերական ներուժ ունի, որից նաեւ մենք ենք օգտվում: Ուզում ենք ապագայում եւս շարունակել այդ համագործակցությունը: Վստահ եմ, որ առաջիկայում Թուրքիան, ինչպես մյուս ոլորտներում, ռազմատեխնիկականում եւս կդառնա մեր թիվ մեկ գործընկերը»:

Վերջին հինգ տարիներին, ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի, Ադրբեջանը զինատեսակների շուրջ 60 տոկոսը ձեռք էր բերել Իսրայելից, 30 տոկոսը` Ռուսաստանից: Հիմա, սակայն, Բաքուն կարծես մտադիր է կենտրոնանալ թուրքական արտադրանքի վրա:

Այսպիսով, պաշտոնական Բաքուն եւ Անկարան հանդես են գալիս ընդդեմ Հայաստանի, եւ իրենց միասնությունն ու «եղբայրությունը», կարծես, կապում են այն փաստով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Նրանք փորձում են իրենց ռազմատենչ քաղաքականության հիմքում դնել Հայաստան-Ռուսաստան ռազմական ոլորտի համագործակցությունը, իբր, նպատակ ունենալով արդարացնել թուրք-ադրբեջանական ապագա նոր ծրագրերը ինչպես՝ ռազմատեխնիկական ոլորտի, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան նոր, հնարավոր պատերազմը:

Ուշագրավ է, որ հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության եւ ռազմական գործողություններից ընդամենը օրեր անց Ադրբեջանի նախագահը Հայաստանին «հրավիրում» էր կռվի Ադրբեջանի հետ «դեմ առ դեմ»: Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանություններին «մենամարտի» էր հրավիրել՝ «ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու փոխարեն»՝ նշելով. «Մեզ հետ կռվիր դեմ առ դեմ, կտեսնենք՝ ով կհաղթի»։

Վերոնշյալ հայտարարությունից ընդամենը մեկ ամիս անց Ալիեւը ստիպված եղավ արձանագրել, որ Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանը կարող է իրագործել իր «սրբազան պարտքը»։

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31