Կարդացեք հոդվածաշարի 1-ին մասը, 2-րդ մասը, 3-րդ մասը, 4-րդ մասը, 5-րդ մասը, 6-րդ մասը, 7-րդ մասը, 8-րդ մասը, 9-րդ մասը եւ 10-րդ մասը
Այսպիսով 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական և գաղափարական դաշտում ստեղծված իրավիճակը բավականին լարված էր։ Ազգային բևեռը, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի գաղափարական վայրիվերումների, հայտնվել էր խիստ անբարենպաստ վիճակում։ Գաղափարական խարխափումներին գումարվել էին նաև իրականացված լիբերալ քաղաքական ուղեգծի անհաջողությունները, սրվել էր սոցիալական բևեռացվածությունը, աճել էր արտաքին պարտքը։ 2016-ին ՀՅ Դաշնակցության հետ կնքված կոալիցիոն հուշագիրը կարող էր ընկալվել հաջողություն միայն Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների հարցում ազգային գաղափարախոսության դաշտ պետական քաղաքականության վերադարձի առումով։ Երկիրը բոլոր առումներով հայտնվել էր շատ ավելի վատ վիճակում։
ՀՅ Դաշնակցության մոտեցումների առումով, զուտ կուսակցական տեսանկյունից, թվում էր խիստ անտրամաբանական 2016-ին սոցիալ տնտեսական ոլորտը տապալած, երկրում բազմաթիվ անընդունելի երևույթների և անարդարությունների հեղինակ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարության կազմավորումը։ Մյուս կողմից, ՀՅ Դաշնակցության համար հսկայական կարևորություն էր ներկայացնում Ազգային հարցում սկզբունքային կեցվածքի որդեգրումը իշխանության կողմից և ապազգային ուժերի կողմից ռևանշի նոր փորձի վիժեցումը։
Միևնույն ժամանակ արևմտյան կենտրոնների կողմից կառավարվող քաղաքական խմբավորումների և նրանց ազդեցության դաշտը ներքաշված ուժերի համար կատարված դերաբաշխման արդյունքում տերպետրոսյանական ՀԱԿ-ը կամավոր ստանձնեց ծայրահեղ ապազգային, Արցախի հարցում պարտվողական դիրքորոշումներ արտահայտող ուժի դերը, ավելի Նիկոլ Փաշինյանի ԵԼՔ-ի համար ազատելով ավելի «հավասարակշիռ» ընդդիմության դաշտը։ Միևնույն ժամանակ ինքնակամ ստանձնելով ազգային հարցերում թիրախի դերը, ՀԱԿ-ը ԵԼՔ-ին ոչ միայն այս հարցում դուրս էր բերում ազգային բևեռի հարվածի տակից, այլ նրա համար անսահման հնարավորություններ էր ստեղծում հանդես գալու արևմտյան գաղափարական կենտրոններ մշակած և արդեն դասական դարձած քարոզչական գործիքակազմով՝ «կոռումպացված քրեաօլիգարխիկ ռեժիմի, լափած բյուջեի, թալանված հսկայական միջոցների» մասին կարգախոսներով։
Կարդացեք նաև
Այս պայմաններում լարվածության թուլացման միակ հնարավորությունը կարող էր լինել հասարակական տրամադրություններին ավելի համահունչ, ավելի ներկայացուցչական ու հավասարակշիռ խորհրդարան ձևավորելը։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն գործադիր իշխանության ձևավորման լիազորությունը համամասնական ընտրակարգով ընտրվող խորհրդարանին վերապահելով, կարծես հնարավորություն էր ստեղծվել։ Ցավոք, այս հնարավորությունը ևս, ինչպես 2012-13-ին, ձեռքից բաց թողնվեց։ Մեկ կուսակցության ձեռքում բոլոր լծակները կենտրոնացնելու, և այլ ուժերի ներգրավման միջոցով երկրում բազմակուսակցական համակարգի գոյության տպավորություն ստեղծելու՝ անկախությունից ի վեր գոյություն ունեցող գործելակերպն ու բոլոր իշխող ուժերի մեջ գոյություն ունեցող «սովետական» մտածելակերպը, դրամով ու վարչական ռեսուրսների կիրառմամբ իշխանության ձևավորման արատավոր գործելակերպը արդեն կարծես սովորական էր դարձել իշխող քաղաքական ուժերի համար։ Ձևով՝ բազմակուսակցական, բովանդակությամբ՝ անձնակենտրոն ու միակուսակցական համակարգը Երրորդ նախագահի, ինչպես իր նախորդների մոտ, շարունակում էր ընկալվել որպես իշխանության ուժի և կայունության գրավական, որը առ այսօր շարունակում է մնալ Հայաստանի բոլոր նախագահների և իշխանությունների մեծագույն մոլորությունը։
Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջին անգամ արձանագրվեց, թե իշխող ՀՀԿ-ի օգտին քվեարկել էր ընտրողների ավելի քան 51%-ը։ Համեմատության համար նշեմ, որ 1999-ին Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը, որի հետ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում, ստացել էր «ընդամենը» 42%։
Ամփոփելով վերոհիշյալը, 2017-ի գարնանը կայացած ընտրությունների ընթացքում վերազգային գաղափարական բևեռին հերթական անգամ հաջողվեց ազգային-քաղաքական հարցերի շուրջ քննարկումը մղել մարգինալ դաշտ, սոցիալ տնտեսական զարգացման ծրագրերն ընդհանրապես չդարձնել քննարկման առարկա, իսկ հիմնական քննարկումը ծավալել իրենց կողմից առաջադրված օրակարգի շուրջ։ ՀՅ Դաշնակցությունն էլ իր կողմից, ներգրավվելով ազգային և արցախյան հարցերի շուրջ տերպետրոսյանական ՀԱԿ-ի հետ գաղափարական քննարկումների դաշտ, այդ հարցերը սկզբունքային վեճի առարկա չկարողացավ դարձնել ԵԼՔ-ի՝ նույն բևեռում կանգնած և նույն մոտեցումներն ունեցող խմբավորման հետ։ Իր հերթին, ֆինանսական ու վարչական ռեսուրսների գործադրմամբ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ամեն գնով ապահովելը որպես հիմնական նպատակ դրած Սերժ Սարգսյանն ու որպես ազգային-պահպանողական ուժ ներկայացող, բայց արդեն գաղափարական արժեքները երկրորդ պլան մղած ՀՀԿ-ն:
(շարունակելի)
Բագրատ ԵՍԱՅԱՆ
ՀՅԴ անդամ