«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերն առավել հնչեղ են դառնում հատկապես այն ժամանակ, երբ վտանգվում են հայրենիքի սահմաններն ու ժողովրդի անդորրը: Երբ առյուծածին մայրերի հերոս որդիները հայրենիքի փրկության նժարին դնում են ամենաթանկն ու սեփական արյամբ գրում հարազատ ժողովրդի ճակատագիրը:
Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը՝ Բավական Աբրահամյանը, մեկն է այն մայրերից, որոնց սիրասուն ու հայրենապաշտ սրտում մեր գոյապայքարը սնող ակունքն է, որոնց անմնացորդ նվիրումը, սերն ու ուժը կերտում են սահմանին կանգնած քաջերի ոգին ու հայրենիքի համար կյանքը չխնայելու առաքինությունը: Բավական Աբրահամյանի նման մայրերի կերպարով է ամբողջանում հայրենիքի կերպարը մեր սրտում, ու նրանց հանդեպ սիրով է չափանշվում մեր սերը առ Հայրենիք: Բավական մայրիկը ավարտեց իր երկրային ուղին և գնաց միանալու այն սուրբ Մայրերի աստղաբույլին, որոնց խնկելի ձեռքերում մեր հայրենիքի ճակատագիրը մնաց աննկուն ու չբեկվեց:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Բավական Աբրահամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մաղթում ոգու ամրություն և ուժ կորուստը հաղթահարելու համար:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն