Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պահանջել եմ և հետևողական եմ լինելու, որպեսզի տեղի ունեցածը մինչև վերջ պարզաբանվի. ԲԴԽ նախագահ

Օգոստոս 18,2020 20:55

Հուլիսի 31-ին կայացած ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների ընտրությունը:

Արդյունքների հրապարակումից հետո մամուլում տարածվեցին հրապարակումներ, որ Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ, քան գրանցված դատավորների թիվն է:

Դատավորներից կազմված հաշվիչ հանձնաժողովը պարզաբանում էր տարածել, որ 10 ավել քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը և որ 10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել և արձանագրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության ընթացքում:

Օգոստոսի 14-ին, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն, հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի քվեարկության արդյունքների վերահաշվարկ և, ամփոփելով վերահաշվարկի արդյունքները, հաշվիչ հանձնաժողովն այս անգամ էլ արձանագրել է, որ քվեաթերթիկների քանակը համապատասխանում է քվեարկությանը մասնակցած դատավորների քանակին: Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի, մասնագիտական շրջանակներից հնչող քննադատությունների ու կարծիքների շուրջ «Առավոտը» մեկնաբանությունների համար դիմել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

«Խստագույնս դատապարտում եմ և արդեն իսկ առիթ ունեցել եմ իմ խորը մտահոգությունը հայտնելու տեղի ունեցածի կապակցությամբ: Ասել եմ ու մնում եմ իմ համոզմունքին, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունը պետք է ունենա վստահության ամենաբարձր աստիճանը և, ընդհանրապես, դատական իշխանության պարագայում ցանկացած ընտրական գործընթաց պետք է լինի ամենաօրինակելին և՛ լեգիտիմության, և՛ կազմակերպչական առումով:

Ե՛վ ի պաշտոնե, և՛ որպես ՀՀ քաղաքացի` պահանջել եմ, որ տեղի ունեցածը շուտափույթ պարզաբանվի: Այն օր առաջ պետք է պարզ լինի նաև պահանջատեր հանրության համար՝ կասկածի տեղիք չտալով Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությանը: Իսկ եթե կան մեղավորներ, նրանք խստորեն պիտի պատասխանատվության ենթարկվեն:

Ես կարծում եմ, որ դատական իշխանությունը, որը հանրային ուշադրության ամենօրյա կիզակետում է, նոր կասկածների, քննադատությունների ու քննարկումների առիթ չպետք է տա:

Ցավով պիտի արձանագրեմ, որ քվեաթերթիկների վերահաշվարկը հստակություն մտցնելով արդյունքի, այսինքն` քվեատուփում փաստացի առկա քվեաթերթիկների իրական քանակի վերաբերյալ, այնուամենայնիվ նոր հարցեր է առաջ բերում, մասնավորապես, քվեարկության արդյունքների ամփոփման և արձանագրման առումներով: Փաստ է, որ այդ մեկ գործընթացը ստվերեց դատավորների ընդհանուր ժողովի այդ օրվա ողջ աշխատանքը, ներառյալ կազմակերպված և իրականացված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ընտրական գործընթացներ: Փաստ, ինչը որևէ կերպ հնարավոր չէ ընկալել, երևույթ, ինչը նաև որևէ կերպ հնարավոր չէ հանդուրժել:

Բարձրագույն դատական խորհուրդն այդ ընտրությունների ընթացքի հետ որևէ առնչություն չունի: Ինչպես ես, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի մյուս դատավորները քվեարկությանը մասնակցել են զուտ իրենց քվեն տալու իրավունքով: Անթույլատրելի է, որ հանձնաժողովի ոչ կազմակերպված աշխատանքի պատճառով կասկածի տակ դրվի Բարձրագույն դատական խորհրդի ողջ գործունեությունը:  Պահանջել եմ և հետևողական եմ լինելու, որպեսզի տեղի ունեցածը մինչև վերջ պարզաբանվի:

Հիմա, ինչ վերաբերում է մասնագիտական համայնքի որոշ ներկայացուցիչներին, ովքեր այդ 10 քվեաթերթիկի շուրջ ստեղծված իրավիճակը ակտիվորեն քննարկում են, եթե կուզեք՝ շահարկում՝ թիրախավորելով ողջ դատական համակարգը: Մեր հարգելի գործընկերներից որևէ մեկին վիրավորելու նպատակ չունեմ, սակայն, անկեղծ, տպավորություն է ստեղծվում, որ երբեմն փորձում են «Պապից ավելի կաթոլիկ» ներկայանալ:

Վստահ եմ, որ բոլորս ենք ուզում օր առաջ ունենալ կայուն, անկախ ու բացառապես օրենքին ծառայող դատական համակարգ:

Գնահատում եմ առողջ քննադատությունը, ավելին՝ դա համակարգի բարենորոգման կարևորագույն ու պարտադիր բաղադրիչ եմ համարում: Սակայն համոզված եմ նաև, որ գնահատողական դատողությունները, սուբյեկտիվ եզրահանգումներն անգամ պիտի դրսևորվեն ողջախոհության սահմաններում, այլ ոչ թե իշխանության մի ողջ թևի հեղինակությունը ստվերեն:

Դատական իշխանությունը բոլորինս է, բոլորս ենք պատասխանատու այս իշխանության թե՛ թերությունների, թե՛ հաջողությունների համար: Իսկ այն, ինչ բոլորինս է, ուրեմն կարիք ունի յուրաքանչյուրիս կողմից հարգալից ու սրտացավ վերաբերմունքի:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31