Լրահոս
Օրվա լրահոսը

COVID-19-ի թեստավորման առավել հարմար պայմաններ՝ զբոսաշրջիկների համար

Օգոստոս 18,2020 18:35

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցը համագործակցության հուշագիր են ստորագրել COVID-19-ի պայմաններում ՀՀ արտակարգ դրության պարետի պահանջների կատարումը զբոսաշրջիկների համար առավել հարմար ու արտոնյալ դարձնելու նպատակով։ Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը։

Տեսանյութը՝

Հուշագրի շրջանակում նախատեսվում է, որ՝

  • նմուշառումը կիրականացվի զբոսաշրջիկի ինքնամեկուսացման վայրում,
  • պատասխանը կուղարկվի ավտոմատ՝ զբոսաշրջիկի և զբոսաշրջային գործակալի էլփոստերին,
  • ծառայությունից օգտվողները կունենան զեղչ՝ հետազոտության արժեքի 50%-ի չափով,
  • նմուշառման և մյուս ծառայությունների համար նույնպես կգործեն զեղչեր,
  • արտոնյալ պայմանները կգործեն նաև զբոսաշրջիկներին ուղեկցող ու սպասարկող անձնակազմերի համար։

Հիշեցման համար․ արտակարգ դրության պայմանների մեղմացման այս փուլում ՀՀ ԱԴ պարետի որոշմամբ, Հայաստան ժամանողները պետք է 14 օրյա ինքնամեկուսացում անցնեն, որի ժամկետը կարող է կրճատվել թեստավորման և դրա բացասական պատասխանի արդյունքում։

«Խելացի ու համակարգված աշխատանքի արդյունքում, վստահ եմ, Հայաստանը կհաղթի զբոսաշրջության համար աննախադեպ այս մարտահրավերում նույնպես։ Անկախ այն հանգամանքից, թե երբ կունենանք զբոսաշրջային առաջին հոսքերը, մենք ցանկանում ենք առավելագույնս պատրաստ լինել՝ որպեսզի ժամանակին տեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին և առավելագույն հարմարավետություն ապահովենք մասնավոր հատվածի B2B աշխատանքի համար»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան միավորում է ներգնա զբոսաշրջային առաջատար ընկերությունները, որոնք ապահովում են դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերի մեծ մասը։

«Պրոմ-Տեստը» COVID-19-ի հետազոտության արդյունքները տրամադրում է Հայաստանում ամենաարագը՝ 6 ժամում։ Պարետի ցուցումով իրականացված որակի արտաքին հսկողության արդյունքում լաբորատորիան գնահատվել է որպես 100%-ով պահանջներին համապատասխանող։ «Պրոմ-Տեստն» այն 2 լաբորատորիաներից է, որի հետ համագործակցում էր առողջապահության նախարարությունը՝ COVID-19-ի թեստավորման սկզբնական փուլից, մարտ-ապրիլից, երբ կարիք առաջացավ մեծացնել թեստավորման քանակը։

«Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը հետազոտել է լաբորատորիաների կարողությունները։ Արդյունքում՝ մեր լաբորատորիան գնահատվել է որպես չափորոշիչներին համապատասխան, կնքվել է թեստավորում և հետազոտություններ իրականացնելու պայմանագիր։ Ծառայությունները պետությանը մատուցվել են անհատույց։ Հետագայում առողջապահության նախարարության ցուցումով, «Պրոմ-Տեստն» ընդգրկվել է «PCR» հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեցողների ցանկում»,- նշել է «Պրոմ-Տեստ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը։

«Պրոմ-տեստ» լաբորատորիաների ցանցը հիմնադրվել է 1998 թվականին, մի շարք հետազոտությունների և նորարարությունների ուղղությամբ առաջամարտիկն է Հայաստանում։ Համագործակցում է Նիդերլանդների, Հոնկոնգի, ԱՄՆ առաջատար լաբորատորիաների հետ։ «Abbot Diagnostics»-ի պաշտոնական ներկայացուցիչն է։

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիա

Հանրային կապերի խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31