Գյումրի բժշկական կենտրոնում սկսել են ՊՇՌ մեթոդով վճարովի թեստավորում իրականացնել։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը, հիվանդանոցներում ու առաջնային օղակներում անվճար թեստավորում են միայն այն մարդկանց, որոնք ունեն ախտանիշներ, իսկ նրանք, որոնք պատրաստվում են Արցախ կամ արտերկիր մեկնել, պարտադիր է ՊՇՌ մեթոդով թեստավորվելը, չգիտեին՝ ինչպես հետազոտվեին։
«Եթե մարդը ոչ մի ախտանիշ՝ հազ, ջերմություն չունի, գանգատ չունի, գնում է առաջնային օղակ, ասում՝ ինձ թեստավորեք, այնտեղ իրավունք չունեն նրան թեստավորելու, բայց կան մարդիկ, որոնց համար թեստավորվելն անհրաժեշտություն է, պիտի գնան որևէ արտասահմանյան երկիր բուժման կամ Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանքի ․ նրանցից օդանավակայանում պահանջում էին ՊՇՌ մեթոդով հետազոտություն։ Նույնիսկ Արցախ գնալու համար են այդ հետազոտությունը պահանջում։
Բազմիցս դիմել ենք՝ խնդրելով, եթե հնարավոր է մեր փորձագիտական կենտրոնը նաև վճարովի ծառայություն իրականացնի, չստացվեց, երևի չուզեցին, որ նույն լաբորատորիայում և՛ վճարովի թեստավորում իրականացնեն, և՛ անվճար։
Կարդացեք նաև
Երևան չհասնելու համար, մենք ստիպված երևանյան լաբորատորիաներից մեկի հետ պայմանագիր կնքեցինք, սահմանվել են նույն գները, ինչ մայրաքաղաքում։ Բավական հարմարավետ դարձավ Շիրակի մարզի բնակիչների համար․ օգտվողներ կան, օրական միջինը 2-3 հոգի դիմում են, մեծ մասն արտերկիր մեկնողներն են, խոպան գնացողներ, Արցախ հանգստի մեկնողներ։ Նմուշառումն էլ կատարվում է առավոտյան 9․30-ից մինչև 11․30, որ հնարավոր լինի երեկոյան պատասխանը տալ։
Կան նաև մարդիկ, որոնք ախտանիշներ չունեն, բայց գալիս են վճարովի հետազոտման։ ՊՇՌ մեթոդը հստակ պատասխան է տալիս, դա գրանցվում է հատուկ ծրագրում՝ «Արմեդ»-ում՝ անկախ նրանից՝ վճարովի է, թե անվճար, ու եթե պատասխանը դրական է, քաղաքացին պետականորեն հսկվում է Պարետատան կողմից։
Դա նաև օգնում է մարզի համաճարակաբանության իրավիճակը վերահսկելի դարձնելու առումով․ ինչքան շատ թեստավորում է անցկացվում, այնքան ավելի հստակ է դառնում տիրող իրավիճակը։ Դրական պատասխան ունեցողներին էլ ստիպում են պահել կանոնները։
Եղել են դեպքեր, երբ մարդիկ իմանալով, որ հիվանդ են, չէին թեստավորվում, տանն էին գաղտնի բուժվում։ Բոլոր բարդությունները ստեղծվել են տանը բուժվելուց, ոչ ճիշտ բուժելուց, ոչ ժամանակին թեստավորվելուց։ Ցավոք սրտի, այդ դեպքերը մինչև այսօր կան, չնայած այդքան անդրադարձել ենք, բայց, չգիտես ինչու, մարդիկ կորոնավիրուսով հիվանդանալուց ավելի վատ են զգում իրենց, քան ցանկացած այլ ծանր հիվանդությունից։ Կարող են ասել՝ մենք հեպատիտ C-ով հիվանդ ենք, բայց կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում թաքցնում են, սա այն դեպքն է, երբ պարտավոր են պարզ ասելու՝ հիվանդ ենք, որպեսզի հեշտ լինի թե՛ իրենց հաղթահարելը, և թե՛ անվնաս լինի իրենց շրջապատի համար»,-ասաց Արմեն Իսահակյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ