«Մի խումբ քաղաքացիներ ունեն ժամկետանց անձնագիր, որով չեն կարողանում որեւէ գործառույթ իրականացնել, բացառությամբ՝ ընտրություններին մասնակցելը: Համամիտ եմ պարոն Իոաննիսյանի հետ, ավելին՝ կարծում եմ, որ ժամկետը վեց ամսվա փոխարեն կարելի է երեք ամիս դարձնել»,-ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնած՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկման առցանց հեռարձակման ժամանակ այսօր ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն առաջարկում է, որ ընտրությունների ժամանակ թույլատրվի քվեարկել միայն վավեր անձնագրով, կամ վերջին վեց ամսում ժամկետը լրացած անձնագրով:
«Երեքամսյա ժամկետն ավելի մոտ է ընտրական գործընթացին, եւ եթե քաղաքացին ցանկանում է մասնակցել, պետք է բարի լինի եւ իր ժամկետանց անձնագիրը փոխի, եւ մասնակցի ընտրություններին»,-նշեց Տիգրան Մուկուչյանը: Նա շեշտեց, որ վավեր անձնագիրը նաեւ այլ գործարքների եւ գործողությունների համար է կարեւոր. «Ընտրական իրավունքն իրացնելու համար էլ ժամկետ է տրվում, որպեսզի անձը հաստատող փաստաթուղթը վավեր դարձվի: Մեկընդմիշտ կարելի է այս խնդիրը լուծել՝ ամրագրելով, որ քաղաքացին ունի բավարար ժամկետ՝ նոր անձնագիր ստանալու եւ ընտրություններին մասնակցելու համար: Հանրային լայն իրազեկում է պետք կատարել»:
Հավելենք, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը մշակվելու է հանրային քննարկումների արդյունքում, նախատեսվում է ԱԺ-ում քննարկել գարնանային նստաշրջանում: ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական երեք խմբակցությունների, ՄԻՊ գրասենյակի, արդարադատության նախարարության, ԿԸՀ-ի եւ հ/կ-ների ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ