«Իմ քայլ» խմբակցությունը օգոստոսի 18-ին հանդիպել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։
Հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը ներկա է եղել խմբակցության կեսը․ «Պատգամավորները ուղղել են բոլոր այն հարցերը, որոնք իրենց հուզում էին, և հանրության շրջանում շրջանառվող որոշ շեշտադրումները, որոնք մամուլում արծարծվել են, նույնպես ուղղվել են պարոն Խունդկարյանին»։
Նա նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկություն չունի՝ արդյոք կառավարությունը ունի՞ թեկնածու, թե՞ ոչ։ Նկատառմանը, նույն քննադատությունները, ինչ հնչել են Վահրամ Ավետիսյանի վերաբերյալ, հնչում են նաև Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ, թե նա նախկին իշխանությունների հետ է աշխատել, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Այնուամենայնիվ, այդ հարցերը որքանով ընդհանրություն ունեն, բնականաբար, իրավական դաշտում երկուսն էլ գործունեություն են ծավալել, այնուամենայնիվ, հարցերը որոշ չափով տարբերվում են։ Նորից պետք է ասեմ, որ պատգամավորները բոլոր իրենց հուզող հարցերը՝ առանց սահմանափակումների ներկայացրել են թեկնածուին»։
Լիլիթ Մակունցի խոսքով՝ «Իմ քայլը» հավատարիմ է մնում իր այն հանձնառությանը, որ ուզում են ունենալ անկաշկանդ, անաչառ և պրոֆեսիոնալ դատական համակարգ․ «Սահմանադրական դատարանի հետ կապված ամբողջ գործընթացների ընթացքում մեր այն ելույթները, որ հնչել են, թե ինչ մոտեցում ունենք մենք ապագա Սահմանադրական դատարանի դատավորների հետ կապված՝ զերծ որևէ քաղաքական ազդեցությունից։ Մենք հենց այդ սկզբունքով և մոտեցումներով ենք առաջնորդվում»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ