Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը և համազգային գործադուլը: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, երկրի նախագահ Ալեքսանդր Լուշակենկոն հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է խոսել իր հետ, բայց փոխարենը Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ բռնության ալիքի ֆոնին Լուկաշենկոն պարգևատրել է ուժային կառույցների աշխատակիցներին:
Տեղեկատվության համաձայն՝ գործադուլ են հայտարարել նաև Յանկա Կուպալայի անվան թատրոնի դերասանները, որի ղեկավարին նախօրեին ազատել էին աշխատանքից: Դերասանները պահանջում են թատրոնի ղեկավարի վերադարձը և մշակույթի նախարար Յուրի Բոնդարի հրաժարականը:
Նշվում է, որ Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ավելի վաղ նա տեսաձայնագրություն էր հրապարակել և իր աջակցությունն էր հայտնել բելառուսցիներին, որոնք մասնակցում են զանգվածային բողոքի ցույցերին և չեն ընդունում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: «Ես իսկապես աշխատանքից հեռացման դիմում եմ գրել: Տրամաբանական քայլ է, քանի որ ինձ նշանակել է գործող նախագահը և ենթադրվում է, որ պետք է նրա սահմանած քաղաքականությունն իրականացնեմ: ԱԳՆ-ում կարծում են, որ իմ քաղաքացիական դիրքորոշումը դուրս է այդ շրջանակներից»,-ասել է դիվանագետը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Բելառուսի ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավարը, երկրի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկատվությունը:
Կարդացեք նաև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուշակենկոն էլ իր հերթին պարգևատրել է ցույցերը ցրելու գործողությունն իրականացրած մոտ երեք հարյուր ոստիկանների:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ