Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրեց հացադուլը (ֆոտոշարք)

Օգոստոս 18,2020 16:04

Մարզական հնարավոր գրեթե բոլոր տիտղոսները նվաճած Իսրայել Հակոբկոխյանը չկարողացավ մերժել հոգեւորականին եւ հայ կանանց:

Լեգենդար բռնցքամարտիկը արդեն ութերորդ օրն է, ինչ բողոքի այս ծայրահեղ դրսեւորումով պայքարում էր կառավարության ընդունած, իր խոսքերով ասած, ազգադավ որոշումների դեմ: Յոթ օր նրան այցելում եւ իրենց աջակցությունն էին հայտնում ինչպես ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ անհատ գործիչներ, մարզիկներ, մտավորականներ, արվեստի գործիչներ, մարզասերներ եւ սովորական քաղաքացիներ: Ու բոլորն էլ Իսրայել Հակոբկոխյանին նաեւ հորդորում էին դադարեցնել հացադուլը:

Այսօր առավոտյան նրան այցելած շտապ բուժօգնության բժիշկը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մարզիկ Հակոբկոխյանի օրգանիզմը ամուր է, դիմադրում է սթրեսին, սակայն շաքարն է բավականին իջած, ինչը ցանկացած պահի կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

Սակայն Իսրայելը բոլորին պատասխանում էր. «Ինձ այցելել, աջակցել պետք չէ: Ես Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ գործիչներին մի առաջարկ ունեմ. հավաքվեք մի տեղ, խնդիրները քննարկեք, ներկայացրեք ստեղծված իրավիճակից դուրս գալու ձեր ծրագրերը եւ թող ժողովուրդը ընտրություն կատարի»: Հայկական սպորտի լեգենդը նաեւ ասում էր, թե պատրաստ է իր հնարավորության սահմաններում աջակցել նաեւ վարչապետին, եթե նա հրաժարվի կառավարության եւ Ազգային ժողովի՝ մեր ազգային արժեքներին անհարիր որոշումներից:

Իսրայել Հոկոբկոխյանի առողջական վիճակը խիստ անհանգստացրել էր նրա վաղեմի ընկեր, Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւորական Տեր-Մխիթարին, ինչպես նաեւ գեղեցիկ սեռի ակտիվ ներկայացուցիչներին: Նրանք նույնպես խնդրում էին դադարեցնել հացադուլը: Իսկ երբ բռնցքամարտիկը շնորհակալություն հայտնելով հրաժարվեց, բժշկուհի Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ ինքն էլ է նույն տեղում հացադուլ հայտարարում: Նրան միացան Սոնա Աղեկյանը, Հասմիկ Երեմյանը եւ այլ կանայք: Միայն այդ ժամանակ անակնկալի եկած Իսրայել Հակոբկոխյանը տեղի տվեց՝ հայտարարելով, որ ինքը հավատացյալ քրիստոնյա է եւ կնամեծար հայ տղամարդ: «Ես կյանքում ինչ արել եմ, արել եմ հավատքի ու հայ կնոջ պատվի համար: Հիմա ես չեմ կարող թույլ տալ, որ մեր քույրերը, վտանգելով իրենց առողջությունը, նույնպես գնան ծայրահեղ քայլի: Այդ իսկ պատճառով ընդառաջ եմ գնում նրանց հորդորին»,-հայտարարեց Իսրայել Հակոբկոխյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31