Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընտրողների ցուցակներում ամենատարեց մարդը 1901թ.-ին է ծնված». Դանիել Իոաննիսյան

Օգոստոս 18,2020 15:48

«Ընտրողների ցուցակների հետ կապված մեծ ու փոքր մտահոգությունները վերջին տարիներին հնչեցվել են եւ դրանք կային նաեւ հեղափոխությունից առաջ: Գաղտնիք չեմ ասի, եթե նշեմ, որ ընտրողների ցուցակը շատ ավելի մեծ է, քան ՀՀ-ում փաստացի գտնվող ընտրողների թիվը»,-ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնած՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկման առցանց հեռարձակման ժամանակ այսօր ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Կազմակերպությունն այսօր ներկայացնում է ընտրական գործընթացի հետ կապված խնդիրներն ու դրանք լուծելու առաջարկները: «Ըստ էության, ընտրողների ցուցակում մոտ 2,5 միլիոն մարդ կա: Գաղտնիք չի, որ ՀՀ-ում այդքան մարդ չկա, մյուս կողմից, եթե համայնքներով դիտարկենք, դրանցից որոշներում ընտրողների թիվը հավասար է կամ ավելի մեծ է մարդահամարի տվյալներով ամրագրված բնակչության թվից, որի մեջ մտնում են նաեւ անչափահասները: Նրանք ընտրողներ չեն»,-նկատեց Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ նշյալ հանգամանքը ռիսկերի եւ կեղծիքների առիթ է տալիս. «Այլ խնդիրներ էլ կան ընտրողների ցուցակներում, օրինակ՝ անգործունակ ճանաչված անձանց քվեարկելու հետ կապված: Սահմանադրությունը ենթադրում է, որ նրանք չպետք է քվեարկեն, որովհետեւ դատարանը նրանց անգործունակ է ճանաչել, բայց միջազգային հեղինակավոր կառույցները խորհուրդ են տալիս, որ այս արգելքը չլինի: Սահմանադրությունը, սակայն, սահմանում է այդ արգելքը: Մեր մոտեցմամբ՝ կարելի է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում քննարկել եւ այդ նորմը հանել, հետո այն հանել ընտրական օրենսգրքից»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ընտրողների ցուցակներում կան շատ մարդիկ, որոնք վաղուց լքել են Հայաստանը եւ գուցե անգամ մոռացել, որ ՀՀ քաղաքացիություն ունեն. «Մի մասն էլ արտերկրում մահացել է, բայց դեռեւս կա ընտրողների ցուցակներում: Դրանցում կա 89թ.-ին ծնված 1800 անձ, իսկ ամենատարեց մարդը 1901թ.-ին է ծնված: Ակնհայտ է, չէ՞, որ նա մահացել է, բայց կա ցուցակում, որովհետեւ իր մահվան մասին փաստաթղթերը չեն հասել ՀՀ-ի լիազոր մարմնին: Իսկ քանի դեռ չեն հասել, լիազոր մարմինը չի կարող նման անձանց հանել բնակչության պետռեգիստրից կամ ընտրողների ցուցակներից»:

Որպես լուծում, ինչպես Դանիել Իոաննիսյանը նշեց, առաջարկվել է, որպեսզի հիմք ընդունվի սահմանի էլեկտրոնային կառավարման համակարգը, որում կան քաղաքացիների՝ երկրում գտնվել-չգտնվելու մասին տվյալներ, սակայն այստեղ էլ խնդիր կա. «Կան քաղաքացիներ, որոնք ՀՀ-ն լքել են մինչեւ այս համակարգի ներդրումը: Անցակետերում այս համակարգը տարբեր ժամանակահատվածներում է գործարկվել, եւ որոշ քաղաքացիների դեպքում ֆիքսվել է նրանց ելքը, իսկ մեկ այլ անցակետով մուտքը՝ ոչ: Ստացվում է, որ նրանք դրսում են, բայց իրականում Հայաստանում են»:

ԻՔՄ-ն առաջարկում է, որպեսզի անձը հաստատող փաստաթղթի վավերականությամբ պայմանավորված լինի ընտրողի ցուցակում անձի ներգրավված լինելը: «Ժամկետանց անձնագրով գրեթե հնարավոր չէ որեւէ գործարք անել: Միակ գործողությունը, որը ՀՀ-ում կարելի է անել ժամկետանց անձնագրով, դա քվեարկելն է: Մենք առաջարկում ենք դա վերացնել եւ սահմանել՝ անձը կարող է քվեարկել միայն այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթուղթը կամ նույնականացման քարտը ժամկետի մեջ է, կամ էլ՝ եթե փաստաթուղթը ժամկետը կորցրել է վերջին վեց ամսում, եւ քաղաքացին չի հասցրել նորը ստանալ: Դա «ներելի» է: Մյուս դեպքերում անձանց պետք է հանել ընտրողների ցուցակից, որը էականորեն կկրճատվի՝ 188 000-ով եւ կմոտենա բնակչության իրական քանակի պատկերին»,-նշեց բանախոսը:

Հավելենք, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը մշակվելու է հանրային քննարկումների արդյունքում, նախատեսվում է ԱԺ-ում քննարկել գարնանային նստաշրջանում: ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական երեք խմբակցությունների, ՄԻՊ գրասենյակի, արդարադատության նախարարության, ԿԸՀ-ի եւ հ/կ-ների ներկայացուցիչներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31