Օգոստոսի 17-ին Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի հանդիպումը, որին ներկա էին նաև «Հայրենիք»-ի խորհրդի անդամները։
Ողջունելով հյուրերին՝ Սամվել Բաբայանը նկատեց, որ գործող քաղաքական ուժերից «Հայրենիք» կուսակցությունն ունի առանցքային դերակատարում՝ միեւնույն ժամանակ կարեւորելով հայկական երկու հանրապետությունների քաղաքական ուժերի առողջ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ Արցախը և արցախյան հիմնախնդիրը հայության համար ունեն կարևորագույն դերակատարում։
«Հայրենիք» կուսակցությունն ունի հստակ դիրքորոշում արցախյան հիմնախնդրում. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշումն ու անկախությունն անքննելի են»,-ասաց Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ «ՀՀ-ի անվտանգությունը սկսվում է Արցախից, ու եթե մենք Արցախում ունենք որևէ անվտանգային խնդիր, նշանակում է՝ դրա անմիջական կրողը նաև Հայաստանն է»։
Կարդացեք նաև
Արթուր Վանեցյանն ու Սամվել Բաբայանը համոզմունք հայտնեցին, որ անկախ քաղաքական դիրքավորումից, ներքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումներից՝ արտաքին քաղաքական ճակատում պետք է լինի միասնական օրակարգ՝ միտված հայրենիքի անվտանգ ապագային։
Խոսելով իր ղեկավարած քաղաքական ուժի գործունեության մասին՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ «Հայրենիք» կուսակցությունն ու «Հայրենիք» հիմնադրամը Հայաստանի բոլոր մարզերում ունեն տարածքային կառույցներ։ «Մենք փորձելու ենք աջակցություն ցուցաբերել քաղաքական դիրքորոշում ունեցող մարդկանց խմբերին, որոնք կկարողանան ձևավորել քաղաքացիական հասարակություն՝ առաջ մղելով ազգային օրակարգը»,-նշեց Արթուր Վանեցյանը։
Կողմերը փոխադարձ համաձայնության եկան հայկական երկու հանրապետությունների վերոնշյալ կուսակցությունների գործակցությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու շուրջ՝ ջանքեր գործադրելով ընդհանուր օրակարգեր ձևավորելու ուղղությամբ։