«Այստեղ պարի խմբակն է լինելու, այնտեղ՝ գիմնաստիկայի սենյակը, գրադարանի գրքերն էլ, ջեռուցում չլինելու պատճառով տեղափոխել էինք դպրոց, հիմա՝ հետ կվերադարձնենք»,-այսօր Կոտայքի մարզի Գեղաշեն համայնք այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմեց համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանը՝ ցույց տալով մշակույթի կենտրոնն ու երաժշտական դպրոցը: Այս երկու կրթօջախներն էլ գազիֆիկացվում են սուբվենցիոն ծրագրով: Միայն գրադարանի կառուցումն է, որ բարերարների միջոցներով է:
«Մարզադահլիճ ունե՞ք»,-հարցրեց վարչապետը, ապա, տեսնելով այն՝ հետաքրքրվեց՝ չեմպիոն ունե՞ք: «Հայաստանի չեմպիոն ունենք, բայց, որ չէր ջեռուցվում, պարապմունքները դադարեցված էին, հիմա նորից չեմպիոններ կունենանք»,-ասաց համայնքի ղեկավարը: Այս գյուղում սուբվենցիոն ծրագրով 140 երեխայի համար մանկապարտեզն էլ է կառուցվում:
Ըստ համայնքի ղեկավարի, գազիֆիկացումը կարժենա 10 միլիոն 600 հազար դրամ:
Գեղաշենում ավարտելով շրջայցը վարչապետը ասաց՝ այսքա՞նը, նրան ուղեկցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ կարող է շատ համայնքներ ցույց տալ, որտեղ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում՝ Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր: Վարչապետն արձագանքեց՝ Ծաղկաձորով չեք զարմացնի, ապա ասաց, որ այսօր այդքան համայնքներ այցերը բավական են:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ