Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը զարմացավ, երբ իմացավ՝ Արամուսում մանկապարտեզի գումարների մի մասը ապօրինի ռեստորանները օրինականացնելու արդյունքում է գոյացել

Օգոստոս 18,2020 14:17

Այսօր Կոտայքի մարզի Արամուս համայնքում շրջայց կատարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալի եկավ, երբ իմացավ՝ 4000 բնակչություն ունեցող Արամուս գյուղում մանկապարտեզ չկա: Վարչապետը Արամուս էր եկել՝ սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի աշխատանքներին ծանոթանալու: 150 երեխա արդեն ցուցակագրված է՝ Նիկոլ Փաշինյանին ասաց համայնքապետ Տիգրան Գեղամյանը: Նրա խոսքով, գյուղը խորհրդային տարիներին փայտից կառուցված մանկապարտեզ ունեցել է, սակայն անկախությունից հետո դա էլ չի եղել:

Վարչապետին կրկին զարմացրին, երբ մարզի պաշտոնյաներից մեկն ասաց, որ մանկապարտեզի համար համայնքի ներդրած գումարը գոյացել է ապօրինի շինությունների՝ հիմնականում ռեստորանների օրինականացման արդյունքում բյուջե մուտք եղած միջոցներից:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ էլի ունե՞ք օրինականացնելու այդպիսի օբյեկտներ: Համայնքապետն ասաց, որ այլեւս չունեն այնպիսի հասարակական նշանակության օբյեկտներ, որոնք ապօրինի են:

Մանկապարտեզի շինարարն ասաց, որ հոկտեմբերին շենքը պատրաստ կլինի եւ կսկսեն բակի բարեկարգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, շինարարությունն արժեցել է 433 միլիոն դրամ: Գույքի հարցը, սակայն, ըստ համայնքապետի, դեռ լուծված չէ: Վարչապետն ասաց՝ դրանով էլ կզբաղվեն: Տիգրան Գեղամյանը վարչապետին պատմեց, որ գյուղը մանկապարտեզի տարածք չի ունեցել, ինչի համար դիմել էին կառավարությանը. «Կառավարությանը մեր դպրոցի տարածքից 3000 քառակուսի մետր հատկացրել է համայնքին եւ սկսել ենք շինարարությունը: Մանկապարտեզը զբաղեցնում է 1750 քառակուսի մետր տարածք»:

Համայնքապետի խոսքով, այս պահին Արամուսի մի քանի փողոց գազիֆիկացվում է, որից հետո ամբողջ գյուղը գազ կունենա:
«Անմշակ հողեր շա՞տ կան»,-հարցրեց վարչապետը: Համայնքապետն ասաց՝ այո. «Գյուղն ավանդաբար գազարի մշակմամբ է զբաղվել եւ այժմ 70-80 հեկտար գազար մշակվում է: Իրացման խնդիր չկա, իրացումը տեղում են անում՝ էժան գներով հանձնում են ու դրանով պայմանավորված էլ գազարի ցանքատարածությունները տարեց տարի պակասում են»:
Գյուղի կենտրոնական փողոցում Նիկոլ Փաշինյանին սպասում էին արամուսցիները: Վարչապետը հարցրեց՝ տեղյա՞կ են բնակիչները, որ կառավարությունը ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ որոշումներ է կայացրել, որ գյուղում բնակվող եւ աշխատող մայրերը 56 հազար դրամ նպաստ են ստանալու: Բնակիչներից մեկն ասաց, որ գյուղապետարանն իր ֆեյսբուքի էջով բոլոր նորությունները «ժողովրդին հաղորդում» է:

Հարցուպատասխանից հետո արամուսցիները վարչապետից խնդրեցին մի սուբվենցիոն ծրագիր էլ գյուղի համար անել՝ կենտրոնական փողոցն ասֆալտապատել, որը վերջին անգամ 1965 թվականին է արվել՝ գյուղի դպրոցը կառուցելիս: Արամուսցիների խոսքով, իրենց գյուղից հարեւան՝ Նորգյուղ գնալն ուղղակի անհնար է: Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մարզի պաշտոնյաները վստահեցրին, որ այդ ճանապարհի նորոգումը եւս նախատեսված է, շուտով կարվի: Վարչապետն արձագանքեց՝ «Մանկապարտեզը կառուցվում է, գազիֆիկացումն արվում է, ճանապարհը կասֆալտապատվի, մնում է հողերը մշակենք, որ գործերներս լավ լինի: Պիտի նենց գյուղապետ ընտրեք, որ չգողանա, նենց կառավարություն ընտրեք, որ չգողանա, հանգիստ հարկերը վճարեք եւ ձեր վճարած փողով ձեր գյուղը զարգանա»:

Արամուսցիներից մեկն էլ վարչապետին խնդրեց թոռնիկի ծննդյան առիթով նրա հետ նկարվել: Փաշինյանն էլ հոբելյարին «դուխով» մակագրությամբ գլխարկ նվիրեց:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31