Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր տարիքից և ինչպե՞ս ճիշտ խնամել երեխայի ատամները. Նարինե Միրզոյանի խորհուրդները (տեսանյութ)

Օգոստոս 18,2020 13:56

Բերանի խոռոչի և ատամների մաքրման էթիկան, ըստ «Ֆրանս մեդ» բժշկական կենտրոնի բժշկուհի Նարինե Միրզոյանի՝ պետք է դառնա մեր առօրյայի մասնիկը: Aravot.am-ի «Ֆեմինի» էջի «Մասնագիտությունը մայրիկ» խորագրի ներքո Նարինե Միրզոյանը որոշ խորհուրդներ տվեց մայրիկներին, թե որ տարիքից և ինչպես սկսել երեխաների ատամների խնամքը:

Նա ասաց, որ դեռ նորածին հասակից պետք է սկսել երեխայի ատամների՝ լնդերի խնամքը: Կերակրելուց հետո մայրիկը պետք է մաքուր, խոնավ թանզիվով մաքրի երեխայի բերանի խոռոչը: Բժշկուհին մանրամասնեց. «Մայրիկը թանզիվը փաթաթում է մատի վրա ու մաքրում երեխայի լնդերը, որպեսզի կաթը չնստի, բակտերիալ ֆոնը բերանի խոռոչում չփոխվի և արդեն շեղված միկրոֆլորա չունենանք, երբ կաթնատամները 4-6 ամսականից սկսեն ծկտելը: Երբ առաջին կաթնատամը ծկտում է, հիմնականում ներքևի կենտրոնական կտրիչներն են դուրս գալիս: Այդ տարիքում ցանկալի է օգտագործել հատուկ մատի համար նախատեսված խոզանակներ, որոնք լինում են փափուկ մազիկներով: Մաքրում ենք օրական երկու անգամ՝ առանց ատամնամածուկի օգտագործման»:

Նարինե Միրզոյանը շեշտեց՝ նորածին հասակում՝ մինչև մեկ տարեկան, ատամնամածուկի օգտագործումը ցուցված չէ: Երբ երեխան դառնում է մեկ տարեկան, մեկ տարեկանի համար նախատեսված հատուկ ատամի խոզանակներ պետք է օգտագործել՝ փոքր գլխիկով: Մյուս կարևոր պայմանն է այն, որ օգտագործվի ֆտոր չպարունակող մածուկ, քանի որ մինչև երեք տարեկան երեխաները հաճախ չեն կարողանում ողողել ու թքել, իսկ երբ ֆտորը շատ քանակով գնում է օրգանիզմ, կարող է տոքսիկ ազդեցություն ունենալ: Մասնագետի մյուս խորհուրդն այն է, որ մինչև վեց-յոթ տարեկան երեխային թույլ չտան ինքնուրույն մաքրել ատամները: Կամ, եթե երեխան ինքնուրույն է և սիրում է ինքնուրույն մաքրել ատամները, պետք է նրա մաքրելուց հետո ուղղակի ծնողը երկակի ատամների վրայով մաքրումներ անի, հեռացնի հավելյալ ատամնափառերը:

Ատամների մաքրման առումով կարևոր է 6 տարեկանի փուլը: Այս մասին բժշկուհին ասաց. «Սա տարիքային փոխանակման փուլն է, երբ վեց տարեկանից սկսած լինում է կծվածքի փոփոխություն, երբ ատամնաշարում ունենում ենք և′ կաթնատամներ, և′ մշտական ատամներ: Այդ տարիքից սկսած՝ մշտական ատամները սկսում եմ ծկտել, այդ ընթացքում խոցելի խումբ են երեխաները դառնում, քանի որ առավել ևս պետք է ուշադիր լինել հիգիենային: Ստոմատոլոգի մոտ այցելության ժամանակ պիտի տեսնենք՝ արդյոք մեզ մոտ մշտական ատամները եկել, փոխանակվե՞լ են, նոր մշտական ատամները ծկտե՞լ են: Եվ արդեն ըստ ցուցումների՝ օգտագործենք ճիշտ ատամնամածուկ, ճիշտ չափաբաժնով և ատամները մաքրենք ճիշտ մաքրման շարժումներով»:

Նարինե Միրզոյանն ասաց՝ ատամնամածուկի չափաբաժինը 6 տարեկանից բարձր երեխաների համար պետք է լինի ոլոռի չափ, մինչև 3 տարեկան երեխաների համար պետք է օգտագործել առանց ֆտորի մածուկ, ուղղակի թեթևակի քսման շերտով:

Հետաքրքրվեցինք՝ ոչ ճիշտ խնամքի պատճառով ի՞նչ հավանական խնդիրներ կարող են առաջանալ: Նարինե Միրզոյանն ասաց, որ ատամների ամենատարածված ինֆեկցիոն հիվանդությունը կարիեսն է. «Ատամի տարբեր մակերեսներին առաջանում են տարբեր խոռոչներ, որոնք հիմնականում լինում են գունափոխված: Կարիեսը մեր պրակտիկայում հաճախակի է հանդիպում, և ավելի շատ փոքրերի մոտ՝ մինչև 3-4 տարեկան: Դա բերանի խոռոչի հիգիենայի բացակայության հետևանքով է: Երեխան չի թողնում, ծնողները չեն կարողանում մոտիվացնել նրան, որ ատամները մաքրեն: Եթե կարիեսը չի բուժվում, հետագայում առաջանում են բարդություններ՝ նյարդաբորբ, ու եթե այն չի բուժվում, խորանում է ինֆեկցիան արմատային շրջանում, արմատներն են թարախակալվում, որի բուժումը շատ դժվար է: Հիմնականում այդ ատամները ցուցված են հեռացման»:

Նա նաև կարևորեց տարին երկու անգամ ստոամատոլոգին այցելությունը ոչ թե բուժման, այլ պրոֆիլակտիկայի համար: Այդ դեպքում նաև երեխան դրական լիցքերով է տրամադրվում ստոմատոլոգին:

Բժշկուհին ասաց, որ շոկոլադե կոնֆետներից ավելի վնասակար են «չուպա չուփսը» կամ կարամելով կպչուն կոնֆետները, այսպես ասած՝ «շուշա կոնֆետները», ոչ տնային պայմաններում, շաքարով պատրաստված հյութերը, տորթերը: Նա պարզաբանեց. «Բերանի խոռոչում դրանք ավելի երկար են մնում, անընդհատ թքի միջոցով քաղցրը շրջանառվում է ատամի բոլոր մակերեսների վրա, իսկ դրա պատճառով բակտերիաները սնուցվում են քաղցրով, ստեղծվում է թթվային միջավայր և այն արդեն սկսում է ատամը քայքայել, ինչն առաջացնում է կարիես»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31