«2019թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ Multart Studio-ն նկարահանել է «Կատարսիս», ապա «Ծիածանի լեգենդը» անիմացիոն ֆիլմերը: Հունիսի 1-ին պատրաստվում էինք մեծ պրեմիերա ունենալ, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված վերջին իրադարձությունները, այն հետաձգվեց: Հիմա սպասում ենք, թե երբ կբացվեն կինոթատրոնները, որպեսզի մեր ծրագրած պրեմիերաները վերջապես տեղի ունենան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմերի բեմադրող ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Արթուր Միքայելյանը:
Նրա խոսքով, ի տարբերություն իրենց նախորդ ֆիլմերի, այս երկուսը տեխնիկապես ավելի ժամանակակից են, նոր ֆիլմերն առաջին անգամ ստեղծվել են պլանշետների միջոցով. «Բոլոր կերպարները, կերպարների շարժումները ստեղծվել են համակարգչի ներսում: Ճիշտ է՝ նկարիչների ակտիվ մասնակցությամբ, նկարելու պրոցեսը նույնն է մնացել, բայց բավականին թարմացված են կադրերը եւ շատ ավելի սահուն անիմացիա ունենք հիմա, որը միջազգային շուկայում, հուսով ենք ավելի լավ ընթացք կունենա»:
Արթուր Միքայելյանի խոսքով, ներկայումս անիմացիայի հանդեպ վերաբերմունքի փոփոխության խնդիր կա Հայաստանում. «Անիմացիոն ֆիլմ կամ մուլտֆիլմ ասելով՝ շատերը հասկանում են փոքր տարիքի մարդկանց համար ստեղծված՝ փոքր աշխատանք: Պետք փորձել՝ լավ արժեքավոր ստեղծագործություններ ստեղծել՝ ապացուցելու համար, որ անիմացիոն ֆիլմերը կարող են լինել մեծերի համար շատ հաճելի՝ թե դիտելու, թե ինչ-որ բան սովորելու առումով»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ կարող էին առցանց պրեմիերաներ անել, սակայն հարմար գտան «Կատարսիս» եւ «Ծիածանի լեգենդը» անիմացիոն ֆիլմերի պրեմիերան իրականացնել այս տարվա դեկտեմբերին:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=2H6JnYg-gPk
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արթուր Միքայելյանը: