«Երկար ժամանակ է՝ նիստեր չեն եղել: Եթե անգամ մի նիստ լինում է, հավատացեք, մեկ ամսվա դադար է լինում եւ այդպես շարունակ»,-Aravot.am-ի հետ զրույցում նիստերի ձգձգման մասին բարձրաձայնեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ 2015թ.-ին մարզահրապարակում հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Կուրսանտին սպանելու, այնուհետեւ՝ կախելու մեջ մեղադրվում են կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը:
Արկադի Բարսեղյանը շեշտեց՝ ներկայումս նիստերի հետաձգման պատճառը կողմերի պաշտպանների՝ արձակուրդ գնալու հանգամանքն է, բայց մինչեւ այդ էլ տարբեր պատճառներով նիստերը չէին կայանում. «Վկաներից մեկի ծնողին պետք է կանչեին, չէր ներկայանում: Հետո դատարանը որոշեց բերման ենթարկել, նոր նիստը եղավ: Այսպես տարբեր «ստից բաների» պատճառով նիստերը չեն եղել: Գենետիկայի կենտրոն էին ուղարկել այն քուղերը…որ Հայկազը կախված է եղել…որ ստուգեն՝ այդ չորս հոգուց (նկատի ունի մեղադրյալներին) որեւէ նշույլ կա՞ թելերի վրա: Երեք ամիս առաջ դատարանը դրանք ուղարկել է գենետիկ փորձաքննության, եւ պատկերացնո՞ւմ եք, ես եմ զանգել ու իմացել, որ վաղուց պատասխանը պատրաստ է, եւ դատարանը պետք է գնա վերցնի պատասխանը: Իմ ճշտելուց հետո զանգել եմ դատարան, ասել, որ պատրաստ է եւ խնդրել, որ գնան վերցնեն: Դրա պատճառով՝ դատարանի սխալ մոտեցման պատճառով նիստեր չէին լինում»:
Հիշեցնենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում եւ պնդում են, որ ռազմական ոստիկանությունում իրենցից խոշտանգման միջոցով են ցուցմունք կորզել: «Դրա պատասխանն էլ եկավ, հերքվեց, ոչ մի խոշտանգում չի եղել, բայց ամեն անգամ երեք ամսով նիստ չեղավ»,-անդրադառնալով այդ դրվագին՝ ասաց Արկադի Բարսեղյանը:
Կարդացեք նաև
Նա հույս հայտնեց, որ սեպտեմբերից նորմալ նիստերի ականատես կլինի. «Մենք էլ վերջապես պրծնենք այս ամենից…արդեն 5-րդ տարին է, որ դատն ընթանում է: Ամեն անգամ, երբ գալիս է երկուշաբթին, նյարդային համակարգս խանգարվում է: Ոչ թե դրանց (նկատի ունի մեղադրյալներին) տեսնելուց, այլ որ նորից պետք է գնամ նիստի, դրանց փաստաբանների նյութերն ու խոսքերը լսեմ: Մենք էլ ենք արդեն հոգնել»:
Հիշեցնենք, որ ըստ Հայկազ Բարսեղյանի սենյակակից Գեւորգ Վարդանյանի ցուցմունքի՝ նրա համակուրսեցիներ Գնել Թեւոսյանը եւ Նորիկ Սահակյանը Հայկազին ծեծել են անկողնու մեջ, այնուհետեւ թեւերից քարշ տալով՝ դուրս հանել սենյակից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ