Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիեւը փորձեց ՌԴ-ին, որպես ԵԱՀԿ համանախագահող պետության, մեղադրել կողմնակալ լինելու մեջ

Օգոստոս 18,2020 12:10

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը

Նելլի Բաղդասարյան

-Ադրբեջանի ԱԳՆ-ն տարբեր մակարդակներով հապճեպ հայտարարություններ է անում՝ ուղղված Հայաստանի հանրապետությանն ուղղակիորեն եւ անուղղակիորեն Արցախի հանրապետությանը՝ դիմելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ուշադրություն է հրավիրում լիբանանահայերի՝ Արցախի ազատագրված տարածներում բնակություն հաստատելու հանգամանքին: Ադրբեջանում բավականին բուռն ընդունվեց նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ Գանձակի հետ կապված, այն մասին, որ եթե հակառակորդը փորձի Ստեփանակերտի վրա մի արկ գցել, պատասխանը կստանա Կիրովաբադում:

– Տեղեկատվական անվտանգության նկատառումներով վերջին օրերին ադրբեջանական ԱԳՆ տարբեր մակարդակով արված հայտարարությունների մասին նրանց իսկ բառապաշարը չօգտագործելով, պետք է մի քանի փաստ շեշտեմ.

·         Արցախի Հանրապետությունը ազատագրել է Ադրբեջանի օկուպացիոն ռեժիմի տակ հայտնված հայկական տարածքները, որոնք այսօր ամրագրված են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ:

·         Բեյրութի աղետից տուժած շուրջ 150 հայ ընտանիքները ԱՀ-ում բնակություն հաստատելու հրավեր են ստացել նախագահի մակարդակով, շեշտվել է մշտական կամ ժամանակավոր կեցությամբ ապահովելու պայմանների ապահովումը: Սա Արցախի Հանրապետության որոշումն է, անկախ նրանից, թե ինչ են արձանագրում ադրբեջանական արբանյակային միջոցները: Այս համատեքստում է նաև Լիբանանին ուղարկված Արցախի Հանրապետության օգնությունը, որը պետական մակարդակով արված մարդասիրական քայլ է, առանց որևէ PR բաղադրիչի:

·         Շեշտելի է այն հանգամանքը, որ Ադրբեջանը օգտվելով Լիբանանում առկա քաղաքական անկայուն իրավիճակից, Լիբանանի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքն իր հայտարարություններով խոչընդոտելու նպատակ ունի: Փաստորեն, Ադրբեջանի կողմից Լիբանանի, ՀՀ-ի և ԱՀ-ի ներքին գործերին խառնվելու դատապարտելի վարքագիծ է դրսևորվում:

·         Ինչ վերաբերում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված «Գյանջայի թեմային», ապա այն հակազդման և զսպման տիրույթում է, քանի որ օրինաչափորեն ադրբեջանա-ղարաբաղյան «սողացող հակամարտության» փուլում ԱՀ-ն նախահարձակության պրակտիկա երբևէ չի արձանագրել:

·         Հատկանշելի է Շուշի քաղաքի պետական նշանակության կառույցների տեղափոխման ԱՀ նախագահի առաջարկ-հայտարարությունը, որը մաս է կազմում պետական քաղաքականության՝ Շուշի քաղաքի զարգացման ծրագրի:

·         Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության նախորդ իշխանությունների կողմից մինչև 2016 թվականը և դրանից հետո բազմիցս առաջարկներ են հնչել Սարսանգի ջրային պաշարների համատեղ օգտագործման մասին, որոնք անպատասխան են մնացել Ադրբեջանի կողմից: Ավելին՝ ադրբեջանական կողմի ջանքերով ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ էր դրվել տխրահռչակ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագրով զեկույցի բանաձևը: Փաստացի, որպես մարդասիրական քայլ, ԱՀ-ն «ջրային հրադադար» էր առաջարկել Ադրբեջանին, ինչը որևէ արձագանք չի ունեցել:

·         Ադրբեջանական կողմը յուրացրել է՝ տարածքային ամբողջականության խախտման թեզը՝ ուղիղ համեմատականով նույնացնելով այսպես կոչված՝«1991-1994 թթ. ՀՀ կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքային կորուստների հետ»: Հատկանշական է, որ Ադրբեջանը տարածքային ամբողջականության խախտման դեպք ունի հենց Արցախի Հանրապետության նկատմամբ՝ կապված դեռևս Ադրբեջանի օկուպացիոն ռեժիմի տակ գտնվող մի շարք հայկական տարածքների հետ:

-Նախիջեւանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունների նախապես հայտարարված ժամկետը երկարաձգվեց, ինչը, բնականաբար, միանշանակ չընդունվեց: Ի՞նչ խնդիր էին կողմերը դրանով լուծում, մանավանդ, որ տպավորություն է, թե ադրբեջանական ԱԳՆ-ն և ՊՆ-ն կարծես թե նույն դերակատարությունն են ստանձնել:

-Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման ժամկետ էր հայտարարվել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, մեր կարծիքով, երկարաձգումը մինչև օգոստոսի 14-ը, հետագա օրերին անհրաժեշտությունից ելնելով արված ճշգրտում էր: Հետևելով զորավարժությունների ընթացքին ակնհայտ էր, որ մինչև օգոստոսի 10-ը շոու-վարժանքները ինտենսիվ բնույթ չեն կրել: Պետք է հաշվի առնել, որ հիմնական շեշտերից մեկը դրված էր զորավարժությունների տեղեկատվական-քարոզչական տարրի վրա, ինչն ամբողջացնում է զորավարժությունների արհեստականորեն ձևավորած քաղաքական բաղադրիչը: Ուղերձային էր Ադրբեջան ժամանած Թուրքիայի Հանրապետության պատվիրակության կազմը՝ թուրքական գեներալիտետն առաջին անգամ էր նման կազմով մասնակցում թուրք-ադրբեջանական զորավարժություններին, ընդ որում հատկանշական էր նաև Ի. Ալիևի հանդիպումը պատվիրակության կազմի հետ և քննարկված հարցերի շրջանակը: Այս ամենով հանդերձ, ՀՀ-ում և ԱՀ-ում զորավարժությունները համաչափ են գնահատվել, ըստ նրանց կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ենթադրող ռիսկերի:

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին ի՞նչ կասեք:

-Հետաքրքրական էր հատկապես օգոստոսի 12-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի էական մասը: Երկու նախագահների կայքերում տեղեկատվությունը տարբեր էր, եթե ՌԴ նախագահի կայքում հեռախոսազրույցի ընդհանուր բովանդակությունն էր հաղորդվել, ապա Ադրբեջանի նախագահի կայքում այն ներկայացվել էր իր մանրամասներով: Իլհամ Ալիևը ընդգծել էր, որ հեռախոսազանգի հիմնական նպատակն է՝ պարզաբանել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական նշանակության ավելի քան 400 տոննա բեռների ծավալի հարցը և բեռների մատակարարման ինտենսիվությունը, ինչը «մտահոգիչ է և լուրջ հարցեր է առաջացնում ադրբեջանական հասարակության մոտ»: Սա կարելի է գնահատել, որպես Ալիևի կողմից արված երկակի սպառման ժեստեր՝  ներքին ուղղվածությամբ՝ ցույց տալու, որ  Ադրբեջանի հանրության անվտանգային նշանակության մտահոգություններն է արտահայտում, արտաքին ուղղվածությամբ՝ իրացնելու իր քաղաքական ուղերձները:

Հեռախոսազրույցը փաստեց, որ Ադրբեջանի ինքնավստահությունը սնվում է թուրք-ադրբեջանական վերջին սերտ համագործակցությունից: Ալիևի կողմից նախկինում նման բովանդակության հարցերը սուր հարցադրմամբ ոչ միշտ են դրվել Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ սա՝ ՌԴ-ին, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությանը, կողմնակալ քաղաքականության մեջ անուղղակի մեղադրելու լուրջ ուղերձ է:

-Այս օրերի համար պատահականությո՞ւն էր, որ Ադրբեջան-Թուրքիա առանց վիզայի փոխադարձ ռեժիմի համաձայնագիրն ուժի մեջ մտավ:

-2020 թվականի փետրվարի 25-ին Բաքվում ստորագրվել էր Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև առանց վիզայի փոխադարձ ռեժիմի մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ էր մտել 2020 թվականի օգոստոսի 13-ին: Հատկանշական է, որ 20-րդ դարի 90-ականներից սկսած, Թուրքիա-Ադրբեջան ամենախնդրահարույց հարցերից մեկն էր, որը կարծես թե հանգուցալուծվեց: Ոչ պաշտոնական մակարդակում նախկինում նշվում էր, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկացել, որ թուրքերի և ադրբեջանցիների միջև շփումները հասնեն ինտենսիվության այնպիսի աստիճանի, որ ադրբեջանական հանրությունը սկսի իր կենսամակարդակը համեմատել թուրքականի հետ, ինչը համեմատության մեջ որոշակի բարձր մակարդակի վրա էր: Առկա էր նաև թուրքական արմատական կրոնական շարժումների՝ Ադրբեջան անարգել թափանցման վտանգը: Ստացվում էր, այնպես, որ ոչ պաշտոնական պատճառներն այլևս արդիական չեն և Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններն այլևս խոչընդոտող հանգամանքներ չպետք է ունենան: Իլհամ Ալիևն էլ, ի տարբերություն նախորդ նախագահների այլևս թուրքական ազդեցության ուժեղացման վտանգը սպառնալիք չի դիտարկում:  Հետևաբար Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի հստակեցումը, ճիշտ է՝ որոշակի անհավասար պայմաններով, բայց գին և հեռահար նպատակներ ունի:

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ թուրքական ազդեցության ուժեղացումն Ադրբեջանում կոնկրետ քայլերով կարող է հակակշռվել ՌԴ կողմից:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31