Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչները «պոետների» կարիք ունեն

Օգոստոս 18,2020 10:00

Նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը վերջերս «Առավոտում» հանդես է եկել հոդվածով, որտեղ անդրադարձել է նոր Սահմանադրության հարցին, իսկ իրականում՝ ավելի ընդգրկուն խնդրի: Տվյալ դեպքում հեղինակի նախկին եւ ներկա պաշտոնները կարեւոր չեն. շատ ավելի էական է, որ նա, եթե մի փոքր ուշադիր կարդանք տեքստը, հետեւում է, թե ինչ է կատարվում աշխարհում, եւ ինչպիսի դժվարագույն խնդիրների առաջ են կանգնել բոլոր պետությունները եւ մարդկությունն՝ իր ամբողջականության մեջ:

Իսկ աշխարհում, իմ կարծիքով, կառավարման ճգնաժամ է, եւ գլոբալ մասշտաբով կորոնավիրուսի դեմ պայքարի, մեղմ ասած, համեստ ձեռքբերումները, ինչպես նաեւ պարբերաբար այստեղ-այնտեղ բռնկվող ընդվզումները (ոչ միայն Բելառուսում, այլեւ դրանից առաջ, ասենք, Միացյալ Նահանգներում) դրա մասնավոր դրսեւորումներն են: Պետությունները, կորպորացիաները, միջազգային կազմակերպություններն այլեւս չեն կարող ղեկավարվել հին ձեւով: Այսպես կոչված «պրագմատիզմը», ամեն գնով քաղաքականության, տնտեսության, գիտության մեջ, անգամ սոցիալական հարցերում հաջողության հասնելու մարտավարությունն այլեւս չի աշխատում. առանց համագործակցության եւ կոնսենսուսի, առանց էթիկական նորմերը մշակելու եւ դրանց հետեւելու, պարզապես հնարավոր չէ առաջ շարժվել: Առաջին հայացքից թվում է, որ իմ ասածն ինչ-որ իդեալիստական երազանքների ոլորտից է, բայց հենց դա է իրական պրագմատիզմը:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն ասվեց, խոսքը նոր սահմանադրության նախագիծ մշակելու մասին է: «Պրագմատիկ» մոտեցումը հետեւյալն է. երկրի ղեկավարը ձեւավորում է «գրպանային» հանձնաժողով, որը կատարում է իր պատվերը եւ գրում է իր ուզած տեքստը: Այնուհետեւ նույն ղեկավարի գրպանում գտնվող Ազգային ժողովի մեծամասնությունը հաստատում է այդ տեքստը, որը դրվում է հանրաքվեի: Սերժ Սարգսյանի այդպես վարվելու մոտիվացիան պարզունակ էր՝ մնալ երկրի առաջին դեմք: Նիկոլ Փաշինյանը գուցե ունի պետության ապագայի մասին իր տեսլականը, իսկ հանրաքվեի արդյունքները կեղծելու անհրաժեշտություն, թերեւս, չի առաջանա: Բայց անգամ այդ տարբերությունները հաշվի առնելով, որոշում ընդունելու մեխանիզմը դրանից չի փոխվում եւ, որպես հետեւանք, երկրի Գլխավոր օրենքը ու ողջ համակարգը շարունակում է մնալ «պայթյունավտանգ»: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է մեր հասարակության խնդիրները խորապես հասկացող, դրա անվերապահ վստահությունը վայելող մարդկանց, կարճ ասած՝ վերնախավի կոնսենսուս:

Դարբինյանն առաջարկում է ստեղծել Սահմանադրական խորհուրդ, որի մեջ կմտնեն բոլորի կողմից հարգված մտավորականները՝ Հենրիկ Հովհաննիսյան, Ռուբեն Բաբայան, Հասմիկ Պապյան, Վահան Արծրունի եւ այլք: Հենց նրանք, ըստ մտահղացման, պետք է ձեւավորեն «պատվերը» եւ ոչ թե քաղաքական շահեր ունեցող իշխող ուժի ղեկավարը: Բայց Սահմանադրության նախագիծ մշակելը, կրկնեմ, ընդամենը մի դրվագ է: 21-րդ դարում առավել, քան երբեւէ, թագավորները մտավորականների կարիքն ունեն՝ հոդվածի սկզբում նշված պատճառներով:

Դա ամենեւին չի նշանակում, որ այդ մարդկանց պետք է պաշտոններ տան՝ Աստված մի արասցե: Որքան պալատներից հեռու՝ այնքան լավ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ‘Դա ամենեւին չի նշանակում, որ այդ մարդկանց պետք է պաշտոններ տան՝ Աստված մի արասցե: Որքան պալատներից հեռու՝ այնքան լավ:’

    Պաշտոններն ու պալատները ամեն մարդու չեն վստահի, ինչպես ինքնաթիռի ղեկը ամեն մարդու չեն վստահի, իսկ ազգի սերուցքը ծառայում է իր ազգին ոչ թե պաշտոնների ու պալատների համար եւ ոչ էլ նույնիսկ ազգի համար, այլ անում է ազգի նկատմամբ իր բնազդային սիրո ու իր բնազդային խղճի համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31