Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մեկն իր շրջապատն ունի

Օգոստոս 18,2020 09:30

Հավանաբար, իմաստ չունի խոսել այն մասին, թե որքան ենք մենք՝ հայերս, կարեւորում մեր շրջապատը: Մարդու մասին դատում ենք նրա շրջապատով, շրջապատը գնահատում է մեր ձեռքբերումները: Սվետլանա Լուրյեն, հայկական էթնոհոգեբանության թերեւս ամենախորը ուսումնասիրողը (նրա «Երեւանյան քաղաքակրթություն. Ժամանակակից Հայաստանի մշակութային կոդն ու քաղաքական առասպելը» գիրքը խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ), գրում է, որ հայն ապրում է շրջապատով եւ հանուն շրջապատի, ողջ կյանքի ընթացքում հետեւողականորեն կառուցելով այն:

Հենց այդ պատճառով էլ առաջինը, ինչի մասին մտածեցի, երբ վարչապետ Փաշինյանը (իսկ հետո նաեւ նախագահ Սարգսյանը) շնորհավորեցին Ալեքսանդր Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու համար, ընկերախումբն էր: Հապա ուշադիր, իսկ ավելի լավ է բարձրաձայն կարդացեք՝ Չինական Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Սի Ցզինպին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոեւ, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, Վյետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգ, Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրո, Բոսնիայի եւ Հերցոգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկ, Սիրիայի արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադ:

Վատ հիշողություն ունենալու պատճառով՝ ոչինչ չեմ կարող ասել Դոդոնի, Դոդիկի եւ հատկապես Նգուեն Ֆու Չոնգի մասին: Բայց ահա շնորհավորանքների գծով մյուս գործընկերների մասին կարելի է ասել մի բան՝ դրանք բոլորը շատ տարբեր, բայց ավտորիտար ռեժիմների առաջնորդներ են:

Այստեղ ճիշտ ժամանակն է խորհել՝ ինչի՞ արդյունքում մեր վարչապետը (նրա հետ միասին նաեւ՝ նախագահը) հայտնվեց այդ հրաշալի ընկերախմբում: Փորձերը՝ գտնել այդ հարցի պատասխանը իշխող քաղաքական ուժի պատգամավորների մեկնաբանություններում, հաջողության չհասցրին՝ նրանք, սովորության համաձայն, կուսակցական գծի հետ միասին տատանումների մեջ էին, եւ բազմանշանակ խոսում էին ինչ-որ բարձր մատերիաներից, որոնք մեզ՝ շարքային մահկանացուներիս, հասանելի չեն: Սոցցանցերի ամենագետ օգտատերերը, կախված իրենց քաղաքական նախասիրություններից, նախընտրում էին խոսել, ինչպես միշտ, ամեն ինչի մասին՝ Ռուսաստանի կողմից ճնշումներից սկսած մինչեւ Թավշյա, ոչ բռնի հեղափոխության գաղափարներին դավաճանելը: Այդ ընթացքում Բելառուսում ի հայտ եկավ ընդհարումների պատճառով առաջին զոհը, իսկ ձերբակալվածների թիվը հաշվվում էր հազարներով:

Կարելի է երկար քննարկել պատճառները: Բայց դա կարեւոր չէ, ես ինձ համար մի բան հստակ գիտեմ՝ մարդը միշտ իր համար ընկերախումբ է գտնում: Ինքն է ստեղծում իր շրջապատը: Եվ ինքն էլ այդ շրջապատում, շրջապատի հետ ապրում է: Վարչապետն ու նախագահը ցանկացան լինեն Ասադի, Դոդոնի, Դոդիկի եւ Միրզիոեւի հետ նույն խմբում: Եվ ես նրանց դատավորը չեմ:

Բայց մի միտք ինձ հանգիստ չի տալիս: 2008թ. փետրվարի 20-ին, նախագահական ընտրությունների հաջորդ օրը Նիկոլա Սարկոզին շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ հաղթանակի առթիվ: Եվ ես շատ լավ եմ հիշում, թե ինչ բառերով էին Սարկոզիին հիշատակում Ազատության հրապարակում հավաքված մարդիկ:

Եվ դու, իմ հիշողությամբ օժտված ընթերցող, նույնպես, հավանաբար, հիշում ես…

Ս.Յ.

«Առավոտ» օրաթերթ

18.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31