«Ես այն զգացողությունն ունեմ, որ դա գունավոր հեղափոխություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին ասաց լրագրող, գերմանական World Economy պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Սոսնովսկին։
Նրա խոսքերով՝ ցույցերին մասնակցում են լավ պատրաստված մարտիկներ, այդ իսկ պատճառով, նրա մոտ կասկածներ են առաջանում, թե Բելառուսի տարբեր հատվածներում արդեն 1 շաբաթ շարունակվող ցույցերը ինքնաբուխ են․ «Եվ մի շարք այլ գործոններ, օրինակ՝ Տիխանովսկայի (Սվետլանա Տիխանովսկայան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը) ելույթը, նրա անհետացումը և մի քանի օր հետո նրա ելույթը, այդ ամենը շատ նման է նախապես մտածված ռազմավարության, որի շրջանակներում առաջնորդին տարան ապահով վայր, իր համար լավ ելույթ են նախապատրաստել, միաժամանակ մի քանի եվրոպական երկրներ ելույթ ունեցան՝ իրենց առաջարկություններով։ Ես, իհարկե՛, հասկանում եմ, որ Բելառուսի բնակչությունը ունի ցույցեր կազմակերպելու առիթ, և հավանաբար, շատ մարդկանց դուր չի գալիս, թե ինչ է անում Լուկաշենկոն։
Մենք էլ կողքից, որ նայում ենք, մեզ համար էլ Լուկաշենկոյի շատ գործողություններ անհասկանալի են, դրանք հարցեր են առաջացնում, մասնավորապես՝ նկատի ունեմ, վերջին տեղեկատվություն, որ 33 տղաների, որոնց ձերբակալել էին, որ իրենց վնասվածքներն են արձանագրում, միանգամայն հնարավոր է, որ իրենց խոշտանգել են։ Դա նվազուգույնը հարց է Լուկաշենկոյին, բայց ես չեմ հավատում, որ Բելառուսի բնակչությունը, հասարակությունը այն աստիճանի է պատրաստ ցույցեր կատարելու, որ ներգրավվեն փողոցային կռիվներում, և որ փորձեն փափուկ ուժ օգտագործել՝ տապալելու համար իրենց սեփական կառավարությունը։ Այս ամենը հիշեցնում է հարավսլավյան սցենարները, ուկրաինական սցենարներն էլ ընդհանրապես մեկը մեկին են։ Եվ երբ նայում ես, թե ով է կանգնած այս ամենի հետևում, երբ տեսնում ես գործող անձանց, ես տեսնում եմ, որ թելերը ձգվում են մինչև Լոնդոն, Վարշավա, Վիլնյուս, Բեռլին։ Ես դավադրության տեսությունների կողմնակիցը չեմ, բայց ես կողմնակից եմ այն տեսությանը, որ այս ամենը պատահական չէ, և դրանք ինքնաբուխ ցույցեր չեն։ Դա շարժում է կամ դա ամբոխի շարժում է, որը օգտագործվել է գունավոր հեղափոխությունների խաբեբաների կողմից։ Վատ կանխազգացում ունեմ, որովհետև չեմ կարծում, որ իշխանությունը այդքան հեշտ կկորցնի իր դիրքերը, և սարսափով կարելի է պատկերացնել, թե ինչի դա կարող է վերածվել։ Մենք դա կտեսնենք առաջիկա մի քանի օրերի ընթացքում»։
Նկատառմանը, թե այնուամենայնիվ, մի քանի հարյուր հազար մարդիկ փողոցներ են դուրս գալիս, Ալեքսանդր Սոսնովսկին պատասխանեց, որ մի քանի հազարը 8 միլիոն բնակչությունը չէ․ «Եվ մենք տարբեր երկրների օրինակների վրա բազմիցս համոզվել ենք, որ երբ փողոց է դուրս գալիս նույնիսկ մեկ միլիոն մարդ, դա ընդհանրապես չի նշանակում, որ ամբողջ հանրությունը համաձայն է նրանց հետ։ Դա նշանակում է, որ հենց այդ մարդիկ իրենց մեջ բավարար ուժ են գտել, և իրենք բավականին ակտիվ են, որ այդ պահին իրենց ցանկությունը արտահայտեն։ Ցավոք սրտի, հիմնականում, նման ցույցերը կազմակերպվում և անցկացվում են փոքրամասնությամբ, որոնք ապրիորի ավելի ակտիվ է, ավելի արտահայտիչ է և ավելի ագրեսիվ է, քան մնացած բոլորը։ Մարդիկ, որոնք նստում են իրենց տանը, և դուրս չեն գալիս այդ մի քանի հարյուր հազարավորներին փողոցում, նրանք կարող են լրիվ այլ կերպ մտածել։ Ես չգիտեմ իրենց կարծիքը, ավելի կոնկրետ՝ մենք գիտենք իրենց կարծիքը, այսինքն՝ մենք ծանոթ են ընտրությունների արդյունքին։ Երբ մեզ ասում են, որ ընտրությունները կեղծված են, ես 50/50 հնարավորություն ունեմ հավատալու, թե ինչ են ասում կեղծելու մասին կամ հավատալու ընտրությունների պաշտոնական արդյունքներին։ Ես դեռ հավատում եմ պաշտոնական թվերին, ես ապացույց չունեմ, որ ընտրությունները կեղծված են։ Դա չի նշանակում, որ ես Լուկաշենկոյի կողմից եմ։ Ես շատ հարցեր ունեմ իրեն և նրան, թե ինչպես է նա վարել և վարում քաղաքականությունը։
Կարդացեք նաև
Բայց ես կարծում եմ՝ այն, ինչ կատարվում է, փորձ է խաղաղ ինչ-որ գործընթացները տեղափոխելու ուժի դաշտ։ Հնարավոր է, որ սպասել և սպասում են, որ ակտիվ պատասխան կլինի՝ ագրեսիվ առումով, որտեղ կարելի է ավելի ներգրավել արևմտյան ուժերին, և սպասել, թե երբ Մինսկում կհայտնվեն մի քանի եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները։ Այդ ժամանակ ամեն ինչ արդեն պարզ կլինի, փազլը վերջնականորեն և անդառնալիորեն կհավաքվի։ Ենթադրում եմ՝ այն, ինչ տեսնում ենք հետխորհրդային տարածքում, ինչ եղել է մինչև այս, ամեն ինչ մեկ մեծ խաղի փազլներն են, ինչի արդյունքը պետք է լինի ամբողջական լուծարումը մի բանի, որը ժամանակին անվանվում էր Խորհրդային Միություն, ռուսական կայսրություն։ Լուծարումը կստեղծի փոքր իշխանություններ, նահանգներ, որոնք կապրեն Եվրոպայի և աշխարհի սկզբունքներով՝ իրենից չներկայացնելով ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական սպառնալիք։ Պետք է ընդունել, որ այդ ծրագիրը դեռ հաջողում է, այո՛, դրա վրա շատ ժամանակ է ծախսվում․ Արևմուտքը, ինչքան հիշում եմ, մոտ 20 տարի փորձում է ինչ-որ բան փոխել, բայց իրենց մոտ սկսել է ինչ-որ բան ստացվել, նրանք պատրաստ են երկար սպասել։ Թե դրան ինչքան են ունակ հետխորհրդային երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը, որովհետև չէր ցանկանա այդ տարածքի նման բաժանում տարբեր հանրապետությունների։ Չգիտեմ՝ մենք դա կտեսնենք, դեռ դժվար է ինչ-որ մի բան ասել, ես տեսնում եմ, որ գործողություններ են կատարվում թույլատրելի և ոչ թույլատրելի միջոցների կիրառմամբ։ Ես շատ վատ ակնկալիքներ ունեմ գալիք օրերից»։
Անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ կիրակի արված հայտարարությանը, թե ՆԱՏՕ-ի զորքերը դիրքավորվում են Բելառուսի սահմանների մոտ, Ալեքսանդր Սոսնովսկին ասաց, որ դեռևս դա քաղաքական շանտաժ է․ «ՆԱՏՕ-ն երբեք այդ քայլին չի գնա, որովհետև նրանք հասկանում են, թե դա ինչով է սպառնում։ Դա նույնն է, երբ սովետական տարիներին ասում էին զենքերով թափահարել, ձգել մկանները ցույց տալ երկգլուխ մկանները։ Ոչ ոք դա չի անի, ոչ ոք չի համարձակվի ռազմական ուժի կիրառմամբ ազդել Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Այլ հարց է, որ այստեղ կարող են լինել այնպիսի կոմպոնենտներ, որոնք Ռուսաստանին կստիպեն օգտագործել նույն մեթոդները։ Այդ դեպքում այն կարող է ստանձնել քաղաքական դիմադրության կերպարը և ինչպես ասում են փոքր կայծը կարող է բոց դառնալ, ինչն էլ կարող է բռնկվել։ Ֆրանսիացիները դժվար, թե ինչ-որ կերպ կռվեն։ Դրանք Մակրոնի հայտարարություններն են, որոնք ես լուրջ չէի ընդունի։
Նրանք, ովքեր կարող են լրջորեն մասնակցել, բայց ոչ թե ՆԱՏՕ-ի ուժերով, այլ իրենց ասենք մասնավոր ռազմական ընկերություններով կամ ռազմականացված կազմակերպություններով, դրանք իհարկե՛, Բալթյան երկրներն են և Լեհաստանը, և հնարավոր է նաև Ուկրաինան։ Իրենց համար դժվար չէ նման խմբեր պատրաստել իրենց տարածքում, և բավականին հեշտ է դրանք ուղարկել Բելառուս։ Նման կերպով նրանք կարող են առաջացնել երկրում ուժային բալանսի խախտում, և այդ ժամանակ կարող է կոտորած սկսվել։ Բելառուսները մարդիկ են, որոնք պատրաստ չեն տալ իրենց աջ այտը, երբ խփում են իրենց ձախ այտին։ Դա, իհարկե՛, կարող է առաջացնել ներքին բռնկումներ, որը, աստված չանի, կարող է առաջացնել քաղաքացիական պատերազմ Բելառուսում։ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել, ՆԱՏՕ-ն այդ քայլին երբեք չի գնա, որովհետև նրանք հասկանում են, որ գոյություն ունի միացյալ պետության մասին պայմանագիր, և այդ ամենի հետևում կանգնած է Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանի հետ նրանք չեն ուզում պատերազմել, չեն պատերազմի և ունակ էլ չեն պատերազմելու։ Եվ նամանավանդ, ամերիկացիները, որոնք կանգնած են այս ամենի հետևում․ մինչև նախագահի հարցը չլուծվի, և մենք պետք է սպասենք, եթե չեմ սխալվում, մինչև հունվարի 20-ը, երբ նախագահը կհաստատվի իշխանությունում։ Մինչև այդ հաստատ որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվի։ Այդ պատճառով՝ հիմա մենք կարող ենք սպասել միայն տեղական մարտերի, որոնք արդեն փաստացիորեն տեղի են ունենում Բելառուսում»։
Հարցին, իսկ Ռուսաստանը կօգնի՞ Լուկաշենկոյին, նա պատասխանեց, որ ուղիղ օգնություն, իր կարծիքով, չպետք է լինի, որովհետև դա Բելառուսի ներքին խնդիրն է, և բավարար կլինի այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր բարոյական աջակցությունը արտահայտի․ «Իսկ եթե արտաքին սպառնալիք լինի Բելառուսի համար, ապա այո՛, արդեն ՀԱՊԿ-ն է։ Ես վստահ եմ, որ ներքին գործերին Ռուսաստանը չի խառնվել և չի խառնվի, և պատճառներ չկան։ Եթե այնպես ստացվի, որ Բելառուսում իշխանությունը փոխվի, և դա ոչ բռնի կերպ տեղի ունենա, և այնպիսի հեղաշրջում չլինի, որպիսին եղավ Ուկրաինայում, ես կարծում եմ, որ Մոսկվայում էլ դրան հանգիստ և նորմալ կվերաբերեն։ Դա Բելառուսի ներքին գործն է։ Ուղղակի Ռուսաստանը նայում է նրան իբրև իր հարևանի, եղբայրական ժողովրդի, և կարծում եմ այդպես էլ կշարունակվի։ Կարծում եմ՝ Պուտինը ամենից քիչն է հետաքրքրված Լուկաշենկոյին ռազմական օգնություն ցույց տալով, նամանավանդ, այն բանից հետո, երբ այդ տղաները ձերբակալվել են և ծեծի են ենթարկվել անհասկանալի պատճառներով և հետո բաց են թողնվել։ Լուկաշենկոն ինքն իրեն վնասել է, և հիմա պետք է եղունգները կրծի և հիշի այդ մի քանի օրը, երբ այդ տղաներին պահում էին ինչ-որ բանտում, դա իր արմատական սխալն էր։ Մինչև այդ նա հավանաբար կարող էր ակնկալել ինչ-որ նյութական աջակցություն Մոսկվայի կողմից, բայց այժմ, ես կարծում եմ՝ դժվար թե»։
Ալեքսանդր Սոսնովսկիի խոսքերով՝ եթե այժմ Բելառուսում ուժային կառույցներում պառակտում լինի, ապա դա կնշանակի իշխանափոխություն։ Հարցին, թե արդյոք կարո՞ղ է Սվետլանա Տիխանովսկայան լինել առաջնորդ, նամանավանդ, որ հայտարարել է, թե պատրաստ է լինել ազգային առաջնորդ, նա պատասխանեց․ «Ես այստեղ ունեմ երկակի պատասխան։ Իհարկե՛, նա առաջնորդ չէ։ Իհարկե՛, նա ունակ չէ ո՛չ պետությունը ղեկավարել, ո՛չ էլ առաջնորդել ցույցերը։ Բայց երկրորդ պատասխանն այն է, որ ժամանակին Խորհրդային Միությունում մենք նման մի բան ապրել ենք։ Քաղբյուրոում կռիվներ էին, նրանք չգիտեին՝ ում նշանակել։ Նրանք գտան գործչի, որը հենց «Տիխանովսկայան» էր։ Դա Լեոնիդ Բրեժնևն էր։ Նրան ժամանակավոր էին նշանակել, քանի որ մտածում էին, որ իրեն նշանակեն, և այդ մոլդովացին ոտքի կկանգնացնի երկիրը, և հետո իրենք ամեն ինչ կփոխեն։ Եվ այդ մոլդովացին կառավարեց ամբողջ Խորհրդային Միությունը 18 տարով։ Այդ պատճառով՝ Տիխանովսկայայի հետ հակառակ իրավիճակը կարող է ստեղծվել։ Այն ուժերը, որոնք ցանկանում են նրան խցկել, նրանք ակնկալում են, որ ինքը երկու ամիս հետո կգնա։ Բայց նա կարող է գալ և մնալ երկար տարիներով՝ «թաղելով» նրանց, ովքեր իրեն առաջադրում են այդ պաշտոնում։ Այդ պատճառով՝ ես այստեղ զգույշ կլինեի։ Տիխանովսկային չի կարելի գերագնահատել, բայց չի կարելի նաև թերագնահատել։ Վերջիվերջո, այն, ինչին նա արդեն հասել է, շատ է, դա, իհարկե՛, շատ բարձր մակարդակ է։ Ինչպես էլ նրան վերաբերվես, և նրան ինչպես էլ անվանում էին «տնային տնտեսուհի», «կոտլետներ արտադրող», ո՛չ պետք է հարգանքով ասել, որ նա հասել է այդ ամենին։ Բախտը բերել է, թե չէ, դա ուրիշ խնդիր է։ Հիմա նա գտնվում է քաղաքական բարձրունքում։ Եվ թե դա ինչպես դա կլինի հետագայում, մենք կտեսնենք»։
Իսկ, թե ինչպես կլուծվի իրավիճակը Բելառուսում, Ալեքսանդր Սոսնովսկին բժշկությունից օրինակ բերեց․ «Եթե օրգանիզմում թարախային գոյացություն կա, այդ խնդրի լուծման երկու տարբերակ կա՝ կամ թարախային գոյացությունը բացում են, այդ դեպքում բավականի ցավոտ մանիպուլյացիաներ են լինում, բայց արդյունքում՝ գոյացությունը արագ առողջանում է։ Կամ էլ մյուս տարբերակը՝ քրոնիկական ընթացք է ստանում, այդ դեպքում՝ ամբողջ մարմնի վրա առաջանում է ֆուրունկուլյոզ՝ ախտահարելով և՛ ներքին, և՛ արտաքին օրգաններ։ Հիվանդությունը տարածվում է ամբողջ մարմնով, և դրանից հետո էլ արյունն է վարակվում, և ավարտվում է հիվանդի մահով։ Այս երկու սցենարները այժմ բավականին իրատեսական են Բելառուսի համար»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ