Լրահոս
Օրվա լրահոսը

«Առուտուր բացառապես հայկական հողերի հաշվին». ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը «Գոբլի պլանի» արդիականության մասին

Օգոստոս 17,2020 23:03

Օրերս քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ հարցազրույցում ամերիկացի փորձագետ, նախկինում ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ խորհրդատու Փոլ Գոբլը անդրադարձել էր Արցախի հարցի կարգավորման «Գոբլի պլանին», որը ժամանակին Հայաստանում շատ քննարկվեց-քննադատվեց:

Այս առիթով Aravot.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ:

-ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Փոլ Գոբլը որոշ մանրամասներ պատմեց, թե ինչպե՞ս է կազմել «Գոբլի պլան» անվանումը ստացած փաստաթուղթը, որում ԼՂՀ հարցի կարգավորման տարբերակ էր առաջարկվում՝ փոխանակման սկզբունքով: Ի՞նչ տպավորություններ ունեք ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի բացահայտումներից:

-Նախ, ձեր հարցերը ստանալուց հետո, ինքս մի բացահայտում արեցի։ Վիքիպեդիայում նայեցի պարոն Գոբլին նվիրված էջը և այնտեղ գրված է, որ նա այժմ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի հետազոտությունների և հրապարակումների գծով տնօրենն է։ Այն, որ պրոֆեսոր Գոբլը Խորհրդային միության ազգային խնդիրների լավագույն փորձագետներից է եղել ու հիմա էլ կա, անհերքելի է։ ԽՍՀՄ փլուզման տարիներին ԱՄՆ Պետական դեպարտամենտում այդ հարցերով խորհրդական լինելը դրա վառ ապացույցն է։

Այնպես որ, Ադրբեջանի արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիան բարձրակարգ մասնագետի է հրավիրել իր մոտ աշխատելու։ Բայց ես ուզում եմ այս հանգամանքին անդրադառնալ կապված պարոն Գոբլի արտահայտած այն զարմանքի հետ, թե ինչո՞ւ հայերը սվիններով ընդունեցին Մեղրիի փոխանակման պլանը, իսկ այժմ ադրբեջանցի կոչվող կովկասյան թաթարները ոգևորվեցին։ Ենթադրում եմ, որ այդ ոգևորության արդյունքում էլ իրեն առաջարկել են պաշտոնավարել Բաքվում։

Պարոն Գոբլը, իր պնդմամբ, առաջին հայացքից, սթափ, տրամաբանական փոխանակում կամ «առուտուր» է առաջարկել ժամանակին։ Վերադարձնել հայերով բնակեցված Արցախը Հայաստանին, բայց, որպեսզի դա հնարավոր դառնար, փոխարենը տալ Ադրբեջանին մի բան՝ ինչի մասին երազել են միշտ՝ ցամաքային կապ Նախիջևանի հետ։

-«Մեղրիի տարբերակ» անվանումով լուծման առաջարկը, որը ինչպես հայտնի դարձավ, քննարկվել է Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև բանակցություններում, Հայաստանում շատ քննադատվեց: Փոլ Գոբլը այժմ էլ պնդում է, որ իր առաջարկները կիրառելի են, եթե Մինսկի խմբի շրջանակներում իրական բանակցություններ գնան, որ ինքն այն ժամանակ չի սխալվել իր առաջարկներում, պարզապես դրանք մի փոքր թերի են եղել: Ի՞նչ եք կարծում այդ մասով:

-Դե, տեսեք, պարոն Գոբլը զարմանալով կողմերի հակոտնյա արձագանքների վրա, ամենայն հավանականությամբ անկեղծ չէ։ Որովհետև նման մակարդակի մասնագետը չէր կարող և հիմա էլ չի կարող չիմանալ, որ իր առաջարկած առուտուրը առնչվում է միայն հայկական հողերին։ Ադրբեջանը տալիս էր իրեն երբևէ չպատկանած Արցախը ու փոխարենը ստանում էր իրեն երբևէ չպատկանած Զանգեզուրի մի մասը ու լայն մայրուղի դեպի եղբայրական Թուրքիա։

Հայաստանը ստանում էր այն, ինչն առանց այդ էլ, բոլոր օրենքներով, հիմա նաև փաստացի, իրենն է, փոխարենը տալիս էր իր տարածքի մի մասը ու զրկվում Իրանի հետ ունեցած կենսական նշանակություն ունեցող սահմանից։

Հետաքրքիր էր, իհարկե, հարցազրույցից իմանալ, թե ոնց լուրջ քննարկման ու աշխարհաքաղաքական շահերի բախումների առարկա դարձավ մի երեկոյի ընթացքում, իր տան նկուղային հարկում հապշտապ գրված իր զեկուցագիրը։ Հաճելի հումորով է ներկայացնում այդ զեկուցագրի պատճառով, անսպասելիորեն իր պատմական դեմք դառնալու և ընդմիշտ հիշվելու հանգամանքը։ Շատ կարևոր է նաև, որ հեղինակը, որպես իր անունը ստացած ծրագրի մեծ թերություն, նշում է Բաքվից Անկարա առաջացող մայրուղու անընդունելի լինելը ԱՄՆ-ի համար։ Բայց տեսեք, որպես իր ծրագրի բարելավում, հիմա էլ առաջարկում է Նախիջևանին ժամանակին ապօրինաբար կցված Շարուրը հանձնել Հայաստանին՝ Մեղրիի փոխարեն, Սադարակի կողմից բացելով նոր միջանցք դեպի Իրան ու կտրելով Նախիջևանի կապը Թուրքիայի հետ։ Նույն ոճն ու մոտեցումն է՝ առուտուր բացառապես հայկական հողերի հաշվին։

-Տպավորություն կա, որ այժմ էլ վերակենդանացվում են շրջանների վերադարձի մասին խոսակցությունները: Ձեր կարծիքով ի՞նչ գործընթացներ են զարգանում Արցախի հարցի կարգավորման այս փուլում:

-Ես այդպիսի տպավորություն չունեմ։ Վերջին սահմանային բախումից հետո բանակցությունների վերսկսման համար պարարտ մթնոլորտ դեռևս չկա։ Ազնիվ խոսքի դիմաց հինգ կամ յոթ շրջանների վերադարձի մասին բզբզացող երկրների գլուխներն էլ, կարծես թե, առայժմ այլ խնդիրներով են ծանրաբեռնված։

-Ի՞նչ կապ կա Քի-Ուեսթի բանակցությունների և Գոբլի պլանի միջև, ինչի՞ մասին է խոսում ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան: Ի դեպ, այս ամենը ժամանակին նաև Հայաստանում կապվեց հոկտեմբերի 27-ի սպանդի հետ:

-Հայտնի է, մի քանի լուրջ վկայություններ եմ լսել, որ Քի-Վեստում քննարկվել է Գոբլի ծրագրով Մեղրին հանձնելու տարբերակը։ Կան պնդումներ այն մասին, որ այն ժամանակվա երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է այդ տարբերակին, բայց համաձայնություն չի կայացվել հայր Ալիևի մտքափոխ լինելու պատճառով։ Չեմ բացառում, որ այդ ամենը ճիշտ կարող է լինել, բայց շատ թերահավատ եմ, որ այդ պատճառով տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Մեր հանրությունը վաղուց իրեն հարցրել ու գտել է պատասխանը, թե Հայաստանում ո՞վ կամ ովքե՞ր շահեցին այդ զարհուրելի ոճրագործության արդյունքում։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31