Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիգոր Երիցյան. «Լուկաշենկոն Սերժ Սարգսյանը չէ, գնալ չի պատրաստվում»

Օգոստոս 17,2020 21:15

Բելառուսում նախագահական ընտրություններից հետո բազմահազար բողոքի ցույցերը շարունակվում են. 26 տարի երկիրը ղեկավարած եւ այս ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, 80% ձայն հավաքած Ալեքսանդր Լուկաշենկոյից հազարավոր քաղաքացիներ պահանջում են հեռանալ: Բելառուսում խոշոր գործարանները, հանրային հեռուստաընկերությունը գործադուլ են հայտարարել: Ցույցերը ցրելու արդյունքում կա մեկ զոհ, մոտ 7 հազար քաղաքացիներ ձերբակալվել էին, իրավապահները բիրտ ուժ են կիրառել:

Լուկաշենկոն չի պատրաստվում հեռանալ, նա շաբաթ օրը օգնության համար դիմել է ՌԴ նախագահին:

Բելառուսում ծավալվող իրադարձություններին Ռուսաստանը չի կարող չմիջամտել, այս կարծիքին է քաղաքագետ, «Առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասում է՝ Բելառուսի դեպքում պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական բաղադրիչը, որովհետեւ ի տարբերություն Հայաստանի, որտեղ հեղափոխության օրերին էլի ռուսական գործոնը շատ ուժեղ էր, քննարկվում էր իրենց միջամտել-չմիջամտելը, Բելառուսի դեպքում Ռուսաստանը չմիջամտել չի կարող, քանի որ այս երկու պետությունները բարձր ինտեգրացիոն մակարդակ ունեն, բայց այստեղ մտահոգություն կա, թե Ռուսաստանն ինչպես կմիջամտի. «Որովհետեւ ՌԴ-Բելառուս հարաբերությունները վերջին շրջանում լարված էին, մյուս կողմից էլ ԵՄ երկրները, Բելառուսի հարեւանները՝ Լիտվան, Լեհաստանը, մերձբալթյան երկրներն իրենց ամբողջ ռեսուրսներով փորձում են ցուցարարներին աջակցություն տրամադրել, Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն հայտարարություն արեցին: Բայցի ներքաղաքական բաղադրիչից, այստեղ բախվում են ԵՄ եւ ՌԴ շահերը»:

Քաղաքագետն ասում է՝ Ռուսաստանի համար Բելառուսը եւս մի ամուր հենակետ կորցնելու վտանգ է, իսկ ԵՄ-ի համար՝ մեծ հնարավորություն, որպեսզի կարողանան վերջապես իրենց եվրոպական ինտեգրացիան եւս մեկ քայլ առաջ տանեն, որովհետեւ այդ տարածաշրջանի բոլոր երկրները անդամակցում են ԵՄ-ին, բացի Բելառուսից»:

Քաղաքագետը վստահ է՝ Ռուսաստանը միջամտելու է Բելառուսում տեղի ունեցող զարգացումներին. «Այսօր արդեն քննարկում էին, լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանից դեպի Բելառուս որոշակի ուժեր են շարժվում»: ՌԴ-ն կարող է մի քանի տարբերակով միջամտել, Գրիգոր Երիցյանն ասում է՝ կարող է իր ցանկալի, ռուսամետ թեկնածուին առաջ մղելով միջամտել, եթե Լուկաշենկոն հրաժարական տա եւ նոր ընտրություններ տեղի ունենան: Սակայն, ինչպես նկատում է քաղաքագետը, Բելառուսում ցույցերը հակառուսական չեն, եվրոպամետ էլ չեն, այսինքն՝ արտաքին քաղաքական բաղադրիչը չկա, ինչպես մեզ մոտ չկար. «Բայց ՌԴ-ն, իհարկե, Հայաստանի դեպքում ճիշտ քաղաքականություն վարեց, ինչ-որ մի պահի, երբ հասկացավ, որ ամեն ինչ գնում է դեպի հրաժարական, ցուցաբերել չեզոք վարքագիծ, նոր իշխանություններն էլ փորձեցին հարաբերությունները պահպանել ՌԴ-ի հետ, չգիտեմ՝ ստացվե՞ց, թե՝ ոչ: Ռուսաստանը փորձելու է այնպես անել, եթե նոր իշխանություն լինի, եվրոպամետ ուղղություն չբռնեն: Այդուհանդերձ, անկանխատեսելի է, թե ինչ կլինի, որովհետեւ ընտրություններում հաղթած թեկնածուն Լիտվայում է, դեռեւս հայտնի չէ իր արտաքին քաղաքական կողմնորոշումը, բացահայտ չի խոսել այդ մասին»:

Քաղաքագետն ասում է. «Լուկաշենկոն Սերժ Սարգսյանը չէ եւ գնալ չի պատրաստվում, նա հայտարարել է՝ քանի կենդանի է՝ հրաժարական չի տալու, մնալու է: Ուստի հնարավոր է ավելի շատ բռնություններ լինեն, իրավապահներն ավելի շատ ուժ կկիրառեն»: Լուկաշենկոյի զանգը Պուտինին՝ քննարկելու իր երկրում ներքաղաքական խնդիրները, ըստ պարոն Երիցյանի, ապտակ էր սեփական ժողովրդին, որովհետեւ, ինչպես մեր երկրում էին փորձում դրսից՝ Ռուսաստանից մարդ բերել, Բելառուսի դեպքում էլ փորձում են մեծ եղբորով վախեցնել. «ՌԴ-ի համար հետխորհրդային տարածքում իր համար ամենալոյալ հենակետը կորցնելը շատ բացասական է լինելու, ամեն ինչ անելու են, որ պահեն Բելառուսն իրենց ազդեցության գոտում: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կանեն»:

Քաղաքագետը չի բացառում, որ Բելառուսում հնարավոր է իրավիճակը վերաճի գլոբալ խնդրի:

Ինչ հավանական սցենարներ կարող են լինել, եթե իշխանությունը փոխվի, ՀՀ-ի հետ հարաբերությունների վրա ինչպե՞ս կազդի: Քաղաքագետն ասում է՝ դա կախված է նրանից, թե ովքեր կգան իշխանության եւ ինչ քաղաքականություն կտանեն. «Ես հույս ունեմ եվրոպամետ ուղղություն կտանեն: Բելառուսի հանրությունը շատ բաներով է եվրոպական, մշակության կապերը,աշխարհում ամենաշատ վիզաները ԵՄ-ն տալիս է բելառուսներն: Երբ Լուկաշենկոն համալսարանը փակեց, այն տեղափոխվեց Լիտվա, ուսանողության 70%-ը ԵՄ-ում է սովորում, չնայած սահմանափակումներին, կապերը ԵՄ –ի հետ ուժեղ են եղել: Անխուսափելի է, ինչ-որ մի պահի Բելառուսը հետսովետական ակումբից դուրս կգա»:

Լուկաշենկոյին Նիկոլ Փաշինյանի շնորհավորելու մասին քննադատություններին էլ քաղաքագետն իր բացատրությունն է տալիս, ասում է՝ եթե հանրության տեսանկյունից նայենք՝ քննադատությունները տեղին էին, որովհետեւ մեր հանրությունը թավշյա հեղափոխություն իրականացրեց, ու տեսնում է, նմանատիպ գործընթացն այնտեղ է կատարվում, բնականաբար, ակնկալում էր այլ մոտեցում մեր իշխանություններից. «Եթե իշխանությունների տեսանկյունից նայենք, որպես ԵԱՏՄ անդամ, որպես Բելառուսի հետ ոչ այնքան հարթ հարաբերություններ ունեցող (ՀԱՊԿ ղեկավարը Բելառուսից էր նշանակվել, տավուշյան դեպքերի օրերին ՀԱՊԿ-ին ինչպես պահեց) այս դեպքում նպատակահարմար էր շնորհավորելը: Ես չեմ կարծում, որ մեր իշխանությունները կարող էին կանխատեսել, թե որտեղ են տանելու այդ ցույցերը, շնորհավորելու օրերին ցույցերը փոքր էին: Ամեն դեպքում, կարծում եմ, որպես պետական գործիչ եւ մեր պետական շահերը ներկայացնող մարդ, Փաշինյանի կողմից որոշակի արձագանք ընտրություններին, պետք է լիներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31