Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ այսօր լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար մեղադրվող Լեւոն Գասպարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ բռնություն է գործադրել «Ազատություն» ռ/կ-ի՝ մասնագիտական լիազորություններն իրականացնող լրագրող Սիսակ Գաբրիելյանի(այժմ պատգամավոր) հանդեպ, խլել է վերջինիս տեսանկարահանող սարքը: Դատարանում նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
«Լեւոն Գասպարյանին մեղսագրվող արարքի հոդվածի վերաորակում է տեղի ունեցել: Նա մեղադրվում էր լրագրողի գործունեությունը խոչընդոտելու համար՝ բռնություն գործադրելով: Բռնությունը չի հաստատվել: Արարքը վերաորակվել է նույն հոդվածի առաջին մասով, ու քանի որ առաջին մասով վաղեմության ժամկետը լրացել է, գործի վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Լեւոն Գասպարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցված է: Այսինքն, նրա արարքը վերաորակվել է ավելի մեղմ հոդվածով, որով էլ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցվել է քրեական հետապնդումը»,-Aravot.am-ի հետ զրույցում դատարանի որոշումը ներկայացրեց Լեւոն Գասպարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Ջուլիետա Կոկոլյանն էլ մեղադրվում էր նույն օրը լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու համար, սակայն նրան տեւական ժամանակ բերման ենթարկել չէր լինում, վարույթ իրականացնող մարմինը չէր կարողանում պարզել նրա գտնվելու վայրը, ուստի Լեւոն Գասպարյանի գործն առանձնացվել էր, իսկ Ջուլիետա Կոկոլյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել:
Կարդացեք նաև
«Ավելի ուշ այդ գործը կասեցվել էր, իսկ Լեւոն Գասպարյանի մասն առանձնացրել էին, եւ դատաքննությունն այսօր ավարտվեց»,-հիշեցրեց Էդուարդ Աղաջանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ