Լրահոս
Օրվա լրահոսը

«Ու՞մ է պետք, որ «Գոբլի ծրագիրը» վերադառնա քաղաքական դիսկուրսի դաշտ». Վահրամ Աթանեսյան

Օգոստոս 17,2020 20:25

Ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլի կարծիքով իր ծրագիրն այժմ էլ արդիական է

«Հայաստանում ու՞մ է պետք, որ «Գոբլի ծրագիրը» վերադառնա քաղաքական դիսկուրսի դաշտ: Մանավանդ՝ տարածաշրջանի զարգացումներին Թուրքիայի միջամտության գրեթե առարկայանալու համատեքստում: Տեղյակ չլինելով ներհայաստանյան «խարդավանքներին»՝ կդժվարանամ որեւէ ուժի վերագրում անել, բայց ազդակն անհանգստացնող է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն՝ անդրադառնալով ամերիկացի փորձագետ, ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդական Փոլ Գոբլի վերջին հարցազրույցին:

Օրերս, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ հարցազրույցում ամերիկացի փորձագետն անդրադարձել էր Արցախի հարցի կարգավորման «Գոբլի պլանին», որը ժամանակին Հայաստանում շատ քննարկվեց-քննադատվեց:

Փորձագետը որոշ մանրամասներ է ներկայացնում, թե ինչպե՞ս է կազմվել ծրագիրը: 1992-ին, պետքարտուղար Վենսին ուղղված ամփոփագրում, փորձագետը պնդում է, որ պետք է բաց լինել այն հնարավորությանը, որ խաղաղության հասնելու տարբերակներ կան, որ իրականում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը խաղաղության հաստատման շահառուներ կլինեն, քանի որ իր առաջարկը ճանապարհ կբացի տարանցիկության, օտարերկրյա ներդրումների համար: Ավելին, պետություններ այդքան գումար չեն ծախսի անվտանգության համար, կառավարությունները կլինեն պակաս ավտորիտար, քանի որ ավելի քիչ հնարավորություն կունենան պատերազմ հրահրելու, որպես ավելի խիստ քաղաքականության արդարացում:

Փորձագետը միաժամանակ, խնդրում է հիշել, որ իր ծրագիրը գրվել է ԽՍՀՄ փլուզումից ավելի քիչ քան մեկ ամիս հետո: «Իրավիճակն անկայուն էր, շատ տարբերակներ էին հնարավոր: Այսպիսով ես առաջարկում էի սկսել այն պնդումից, որ Արցախը բնակեցված է հայերով: Եթե չէին ցանկանում մի ապագա, երբ հայ համայնքն այնտեղից դուրս հանվեր կամ ավելի վատ, ապա պետք էր գտնել մի տարբերակ, որ այն մնար Հայաստանի մաս կամ ինչ-որ ձևով Հայաստանի շարունակություն: Հարցն այն էր, թե ինչպես պետք էր անել, որ Ադրբեջանը համաձայնի դրա հետ: Ես առաջարկեցի, որ Ադրբեջանին փոխարենը տան այն, ինչ ինքն է ուզում, քանի որ, եթե Բաքվի կառավարությունը զիջեր Ղարաբաղն ու երկրի արևմտյան հատվածները, երկար չէր մնա իշխանության: Ոչ մի կառավարություն չի կարող տալ իր տարածքի մեծ հատվածներ և մնալ իշխանության: (…) Պետք է հասկանալ, որ Բաքվի ոչ մի իշխանություն մի օր պարզապես չի արթնանա և ասի՝ այո՛, մենք սխալ էինք: Հայերով բնակեցված տարածքը պետք է Հայաստան լինի: Դու կարող ես դա ասել, բայց կառավարությունում պաշտոնը երկար չես պահի:

Դա անելու կամ Ղարաբաղը Հայաստանի մաս/շարունակություն դարձնելու, ես կընդլայնեի՝ Լաչինի միջանցքը դարձնելու միակ տարբերակն Ադրբեջանին տալն է. մի բան, որը Հայաստանն ունի և Ադրբեջանը միշտ ցանկացել է: Ամենաակնհայտը՝ Զանգեզուրի և Ադրբեջանի միջև միջանցքն է, քանի որ դա կնշանակի, որ ադրբեջանցիները կարող են գնալ հետ ու առաջ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ առանց շրջանցելու, ինչն անում են հիմա: Եթե այցելեք Բաքու, կտեսնեք, որ մարդիկ շարված են Իրանի հյուպատոսության դիմաց, որպեսզի կարողանան անցագրեր ստանալ Բաքվից Նախիջևան գնալու համար, ինչը խնդիր է և մշտապես բարկացնող հանգամանք: Եվ, հաշվի առնելով Իրանի հետ Արևմուտքի խնդիրները, ինձ թվում է, մենք սա չէինք ցանկանա: Այսպիսով` ես ասացի, ահա հնարավորությունը՝ փոխանակում. ասում ես ադրբեջանցիներին, որ Ղարաբաղն իրապես հայկական տարածք է և այն պետք է Հայաստանի մաս կազմի, ասում ես հայերին, որ Զանգեզուրը, որն ուներ թուրք բնակչություն 120 տարի առաջ, մի կամուրջ է, որը վերջ կտա Հարավային Կովկասում այս ստալինյան գծագրմանը:

Հենց սա է հայտնի՝ որպես «Գոբլի պլան»: Այն դժվար է կոչել մանրամասն մշակված, այլ պարզապես մի պնդում է, համաձայն որի, եթե ինչ-որ մեկն ուզում է, որ պատերազմը չշարունակվի, ապա պիտի Ղարաբաղը դառնա Հայաստանի մաս, իսկ ադրբեջանցիները պետք է ընդունեն դա, սրա համար արդեն անհրաժեշտ է նրանց տալ այն, ինչ ուզում են»:

Ուշագրավն այն է, որ փորձագետի համոզմամբ, այս տրամաբանությունը դեռ հիմնավոր է: Այս մասով ինքը երկու փաստարկ ունի. «Նախ՝ իրավիճակն այժմ պակաս անկայուն է, քան 30 տարի առաջ, երբ ես գրում էի այդ պլանն իմ նկուղում՝ պետքարտուղար Վենսին օգնելու համար, և երկրորդը, որի մասին ամբողջապես չեմ խորհել, 1992թ հունվարի դեպքն է, որ Իրանի և Հայաստանի միջև Զանգեզուրով արդյունավետ անցումային ուղիներ չկան, դրանք կարող են զարգացվել: Այն փաստը, որ Նախիջևանը սահմանակից է Թուրքիայի հետ՝ արևմտյան կողմից, նշանակում է, որ Թուրքիան կունենար ուղի, որը Ստամբուլը կկապեր Բաքվի և Կենտրոնական Ասիայի հետ, ինչը լուրջ հետևանքներ կունենար: Այնուհետև, երբ ես համարձակվեցի խոսել «Գոբլի պլանի» մասին, ես ասացի, որ ոչ 1992թ.-ին, բայց վստահաբար ավելի ուշ, որ Նախիջևանի սահմանը փոխանակվի, որպեսզի Հայաստանը պահպաներ սահմանային անցումը դեպի Իրան՝ առանց Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով անցնելու: Սակայն, ես սխալվում էի, ես գրեցի այդ ամփոփագիրը, որն իրականում լավություն էր մի մարդու համար, ում շատ էի հարգում և ում համար ինչ-որ պահի աշխատել էի: Ես կարծում էի, որ այն ժամանակի ընթացքում կմոռացվի, որ այն մարդիկ կկարդան ու առաջ կանցնեն: Ես չէի պատկերացնում, որ պետքարտուղար Վենսն այս գաղափարին հղում կանի, երբ խոսում էր Ստեփանակերտում՝ Իրանի դեսպանի կողքին կանգնած, եթե չեմ սխալվում: Ես նաև չէի ակնկալում, որ այն ժամանակ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը հղում կկատարի դրան՝ որպես «Գոբլի պլանի» և կնշի, որ այն հետաքրքիր է: Այսպիսով` դուռ բացվեց և պլանը դարձավ ավելի կարևոր քան այն կար:

Երրորդը, ես զարմացած էի, իրապես զարմացած էի, որ պլանն այդքան անողոքաբար քննադատվեց հայերի կողմից, որովհետև, որքանով ինձ է հայտնի, ես այդ պահին միակն էի արտաքին քաղաքականության քաղաքական վերնախավում, ով ասում էր, որ Ղարաբաղը պետք է Հայաստանի մաս կազմի: Եթե ես հայ լինեի, ես դա կարևոր կհամարեի: Ես նաև զարմացած էի, որ իմ ծրագիրը վեր բարձրացվեց և փառաբանվեց որոշ մարդկանց կողմից Բաքվում՝ որպես Ադրբեջանի ժողովրդին մեծ պարգև: Սակայն, իրականում ծրագիրն առաջարկում էր, որ նրանք պետք է զիջեն մի բան, ինչն իրենցն են համարում, որպեսզի ստանան այն, ինչ ուզում են»:

Ինչեւէ, Փոլ Գոբլը այժմ էլ այն կարծիքին է, որ 1992 թվականի հունվարին իր ներկայացրածի տրամաբանությունը սխալ չէր, այն պարզապես ոչ ամբողջական էր և ցավում է, որ լայն քննարկման առիթ չի տվել: Ամեն դեպքում, նա արձանագրում է, որ քննարկումներ եղան, քանի որ մենք ի վերջո տեսանք Քի- Վեսթը:

Սույն հարցազրույցում, Aravot.am-ի զրուցակից Վահրամ Աթանեսյանին մեկ հարց է հետաքրքրում՝ ինչու՞ է հարցազրուցավարն անդրադառնում երեսնամյա վաղեմության գաղափարին, որը նույնիսկ միջնորդների առաջարկության ֆորմալ տեսք չի ստացել, մնացել է փորձագիտական քննարկումների մակարդակում: «Ասել, թե քիվեսթյան գործընթացը «Գոբլի ծրագրի» վրա էր կառուցվում, ճիշտ չէ: Քի-Վեսթում քննարկվել է այսպես կոչված «միջանցքների փոխանակման» տարբերակը: Բայց, կրկնում եմ, պետք է փորձել հասկանալ, թե ի՞նչն է հայ քաղաքագետին մղել Գոբլի հետ հարցազրույցի: Եթե խոսքը պատմաբանի մասին լիներ, հետաքրքրությունը հասկանալի կլիներ: Բայց քաղաքագետի պարագայում, ուզես, թե ոչ, տպավորություն է, որ նա ինչ-որ քաղաքական շահ է սպասարկում: Ինչո՞ւ: Ավելի հստակ՝ ո՞ւմ»,- մեր հարցին հարցով պատասխանեց Վահրամ Աթանեսյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն, որը ժամանակին այս ծրագրի բացահայտողներից էր, այժմ չի ցանկանում խոսել-քննարկել-վերլուծել «անցած գնացած» բաները: Իսկ իր տեսակետն այդ տարբերակի մասին չի փոխվել: Իր խորին համոզմամբ, Մեղրիի տարբերակով Ղարաբաղի հիմնահարցի լուծումը նույնպես ռուս-թուրքական պայմանավորվածությունների հետևանք էր: «Դա պատճառը, որ ինձ ու Վաղարշակ Հարությունյանին հանեցին, իսկ Ռոբերտ Քոչարյանին պահեցին էնքան, մինչև Քի-Վեսթում էլ ինքը այո ասաց, վերջը Ալիևը ոչ ասաց: Հստակ փաստարկ է: Ինձ հանեցին՝ ոչինչ, Վաղարշակ Հարությունյանը լրիվ իրենցն էր, չէ՞, պիտի պահեին, չէ՞: Էսօր Ռոբերտ Քոչարյանին տեսնո՞ւմ եք ոնց են պահում: Վաղարշակ Հարությունյանին էն ժամանակ ինչի՞ չպահեցին, որովհետև էդ տարբերակը իրենցն էր, որովհետև էլի ռուս-թուրքական պայմանավորվածության խնդիր կար»,- վերջերս մի հարցազրույցում ասել է Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, ՌԴ-ն 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո էլ աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին և ոչ թե Մեղրիի տարբերակին ակնհայտ դեմ եղող հայաստանյան գործիչներին:

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31