«Ինչպես արդեն հայտնել էի, ԲՈԿ նախագահի բացառիկ ապօրինի հրամանների մասով վերադասության կարգով վարչական երկու բողոք էի ներկայացրել ԿԳՄՍՆ։ Տեղեկացնում եմ, որ երկուսն էլ բավարարվել են, եւ ԲՈԿ նախագահի այդ խայտառակ անօրինական հրամաններից մեկը՝ վարույթ հարուցելու հրամանը, ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ գիտական աստիճանից զրկելու հրամանը՝ առ ոչինչ»,-«ֆեյսբուքյան» էջում այսօր գրել էր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը:
Հիշեցնենք, որ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի որոշմամբ ավելի վաղ հարուցվել էր վարչական վարույթ, եւ Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի աստիճան շնորհելու մասին ԲՈԿ-ի 2015թ.-ի որոշումն անվավեր էր ճանաչվել, Գալոյանն էլ վարչական բողոքներ էր ներկայացրել, եւ ԿԳՄՍ նախարարի որոշմամբ՝ հարուցվել էր վարչական վարույթ: Այսինքն, Դիանա Գալոյանի գիտական աստիճանը ԿԳՄՍՆ-ն այսօր վերականգնել է:
Սմբատ Գոգյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց. «Իմ հասցեին մեղադրանքներ հնչեցին, թե ինչու ԲՈԿ-ը Դիանա Գալոյանին զրկեց դոկտորի աստիճանից, իսկ Ռուբեն Հայրապետյանին՝ ոչ: ԿԳՄՍՆ-ի՝ նշյալ վարչական վարույթը բավարարող փաստաթղթերում մեկնաբանվում է, թե ես ռեկտորի նախկին թեկնածու Ռուբեն Հայրապետյանին արդարացնում եմ, մյուսին՝ մեղադրում: Դա հերքելու համար ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության ժամանակ ես հանձնաժողովի անդամ եմ եղել, իսկ մնացածն իրավաբանորեն մեկնաբանեմ: Երբ հանձնաժողովը ֆիքսեց, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության հետ կապված խնդիրներ կան, որոշ ժամանակ նախարարությունում խոսակցություններ էին գնում, թե ԲՈԿ-ը Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից պետք է զրկի: Ստիպված դեկտեմբերին գրություն ուղարկեցի արդարադատության նախարարին, ստացանք պատասխան, որ ԲՈԿ-ի բոլոր հրամանները վարչական ակտեր են, եւ ԿԳՄՍՆ-ն իրավունք ունի ԲՈԿ-ի բոլոր հրամանները չեղյալ համարելու: Այսինքն, ԿԳՄՍՆ-ն պարտավոր էր վարչական վարույթ հարուցել եւ որոշում կայացնել՝ Հայրապետյանին գիտական աստիճանից զրկելու վերաբերյալ: Սակայն դա տեղի չունեցավ, եւ նախարարից փետրվարին մեկ այլ գրություն ուղարկվեց արդարադատության նախարարությանը եւ ստացվեց պատասխան,որ ԲՈԿ-ը նաեւ ինքը կարող է իր որոշումները չեղյալ համարել»:
Սմբատ Գոգյանի խոսքով՝ մեկնաբանությունները, թե Դիանա Գալոյանի գիտական աստիճանը վերականգվել է, որովհետեւ ԲՈԿ-ը խտրական է վերաբերյալ նրան, իրականությանը չեն համապատասխանում. «Ռուբեն Հայրապետյանին էլ կզրկեր ԲՈԿ-ը, սակայն ժամանակ չի ունեցել, իսկ ԿԳՄՍՆ-ն ունեցել է եւ չի արել այդ քայլը»: Գոգյանը նշեց, որ ԿԳՄՍ-ի որոշումը գուցե բողոքարկեն, որովհետեւ այն խոցելի է եւ սխալ:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ