Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր համար անսպասելի կերպով մեղադրողը միջնորդեց որպես ապացույց ճանաչել ՄԻՊ 2017թ.-ի զեկույցը». Անդրիաս Ղուկասյան

Օգոստոս 17,2020 19:11

2016թ.-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը: «Մեր՝ պաշտպանական կողմի համար անսպասելի կերպով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց որպես ապացույց ճանաչել ՄԻՊ 2017թ.-ի ապրիլի զեկույցը, որում գնահատականներ են տրվել 2016թ.-ի հուլիսյան իրադարձություններում ոստիկանության կողմից բռնություններին, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խախտումներին, այդ թվում՝ հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին, որոնք գնահատվել են որպես անօրինական հավաք, որը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ»-Aravot.am-ի հետ զրույցում այսօրվա նիստի մանրամասները ներկայացրեց Անդրիաս Ղուկասյանը:

«Այսինքն, դատախազությունն այսօր ներկայացրեց ապացույց առ այն, որ Սարի թաղում զանգվածային անկարգություններ իրականում չեն եղել: Առանձնահատկությունն այն է, որ դեռեւս 2017թ.-ին, երբ մեկնարկեց իմ գործով դատավարությունը, ես վկայակոչում էի եւ ընթերցում էի այդ զեկույցն ու մատնանշում այն՝ որպես ինձ առաջադրված մեղադրանքը բացառող հիմք: Մարդու իրավունքների պաշտպանը պետական պաշտոնյա է, որի գնահատականը բացառում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը»,-շեշտեց Անդրիաս Ղուկասյանը: Նրա խոսքով՝ հասկանալի չէ, թե դատախազությունն ինչ նպատակ էր հետապնդում նշյալ քայլով. «Այդ զեկույցն ասում է, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել, եւ զանգվածային անկարգությունների մասին խոսք չկա: Այդ զեկույցը քրեական գործը կարճելու ապացույց է, մինչդեռ դատախազությունն առ այսօր քրեական գործը չի կարճել: Սակայն զեկույցը դատախազությունն այլ կերպ գնահատեց եւ այսօր ներկայացրեց որպես ապացույց, իսկ թե որ դրվագի համար, այդպես էլ չհասկանանք: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դատաքննությունն ավարտական փուլում է, եւ առաջիկայում սպասվում էր մեղադրական ճառի հրապարակումը, սակայն դատախազն այսօր միջնորդեց, որպեսզի դատարանը լսի տուժողների կարծիքը՝ այդ թվում Անդրիաս Ղուկասյանի վրա տարածվող համաներման ակտի վերաբերյալ, որը կարող է կիրառվել, եթե վերջիններս չեն առարկի. «Ոստիկանության 15 ծառայողներ այսպես կոչված «տուժողներ» էին, որոնք հարցաքննվեցին եւ հայտարարեցին, որ հուլիսյան իրադարձությունների ժամանակ վնասվածքներ են ստացել՝ քաղաքացիների նետած քարերի հետեւանքով: Դատաքննության ժամանակ ի հայտ եկավ, որ նրանք իրադարձությունից մեկ ամիս են առաջ հայտարարել, որ վնասվածք ունեն: Նրանք կազմակերպված ձեւով անցան դատաբժշկական փորձաքննություններ: Այս ամենը կասկած է հարուցում՝ որքանո՞վ են նրանք իսկապես տուժել, որովհետեւ որեւէ մեկն այդ օրը չէր դիմել բուժօգնության: Այդ միջնորդությունը եւս բավարարվեց»:

Այս միջնորդությունը, ըստ Անդրիաս Ղուկասյանի, խոչընդոտեց, որպեսզի դատաքննությունն ամփոփվեր, որովհետեւ առաջիկայում դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի՝ այդ տուժողների կարծիքները լսելու. «Օգոստոսի 23-ին ավարտվում է դատավոր Վարդան Գրիգորյանի լիազորությունների ժամկետը, նա անցնում է թոշակի, եւ դատախազությունն այս եղանակով նրան փոխարինում է մեկ այլ դատավորով: Մեր կարծիքով՝ վերջին ամիսներին դատախազության նպատակը դա էր, եւ տարբեր եղանակներով ձգելով դատական նիստերը՝ այսօր հերթական անգամ չթողեց հնարավորություն՝ դատաքննությունն ավարտելու: Նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով, որպեսզի տուժողները կարծիք հայտնեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31