Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի հողատարածքներ և տեղում քննարկել ոռոգման հնարավորությունները:
Երկրի ղեկավարը նշել է, որ զարգացած գյուղատնտեսություն և երաշխավորված բերք ունենալու համար կարևոր նշանակություն ունի ոռոգման կայուն համակարգի ստեղծումը, և պետական զգալի միջոցներ են ուղղվում այդ նպատակին:
Շրջայցի ընթացքում լինելով Նախիջևանիկ, Վարդաձոր և Ուղտասար համայնքներին պատկանող դաշտերում՝ Հանրապետության նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ինչպես նոր ջրագիծ անցկացնելու, այնպես էլ ինքնահոս եղանակով ոռոգում իրականացնելու նպատակով բարձրադիր վայրերում ջրահավաք ավազաններ կառուցելու վերաբերյալ:
Այցի ընթացքում նախագահը եղել է նաև Ասկերան քաղաքում, ծանոթացել շրջկենտրոնում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին: Հաշվի առնելով առկա մեծ պահանջարկը՝ նախագահ Հարությունյանը հանձնարարել է առաջիկայում աշխատանքներ տանել նաև նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ուղղությամբ:
Այնուհետև շրջանի վարչակազմի շենքում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանն ամփոփել է շրջայցի արդյունքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ասկերան քաղաքի և Խանապատ համայնքի խմելու ջրի ապահովման հարցերին:
Կարդացեք նաև
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները և պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ