Պատմության մեջ գոյություն ունեն կարևոր դրվագներ, որոնք վճռորոշ են աշխարհի ճակատագրի համար: Լեհաստանի և Եվրոպայի համար նման պահերից է 1920 թվականի օգոստոսի 15-ը: 1918թ. նոր վերածնված Լեհաստանը հաստատուն և հաղթական պայքար մղեց բոլշևիկյան զորքերի դեմ, որը նպատակ ուներ տարածել կոմունիստական հեղափոխության կայծն Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով արդեն իսկ մարդկային և նյութական կորուստներ կրած Արևմտյան Եվրոպայում:
Ըստ բրիտանացի դիվանագետ Էդգար դ’Աբերնոնի` Վարշավայի ճակատամարտն աշխարհի պատմության մեջ 18-րդ վճռորոշ մարտն էր: Այդ ճակատամարտն արժանի է համեմատվելու 1944թ. Նորմանդական դեսանտային օպերացիային` որպես Եվրոպայում ամբողջատիրության դեմ պայքարի շրջադարձային կետ: Եվրոպայի պատմության համար Վարշավայի ճակատամարտի նշանակությունը համաշխարհային հիշողության մեջ արժանի հետք չթողեց Յալթայի գագաթնաժողովի հետևանքով Եվրոպան բաժանած Երկաթե վարագույրի պատճառով: Դա վերաբերում է թե՛ զանգվածային մշակույթին և թե՛ պատմության դասագրքերին:
Ժամանակն է լրացնելու այդ բացը Եվրոպական կոլեկտիվ հիշողության մեջ: Վարշավայի ճակատամարտի տարեդարձը պետք է նշվի ոչ միայն Լեհաստանում, այլև ամբողջ Եվրոպայում, քանի որ Վիսլա գետի ափին հաղթանակ տարավ Լեհաստանը, բայց այդ հաղթանակը գլխավորապես վերաբերում էր կոմունիզմի տոտալիտար խավարումից Եվրոպայի ազգերի ազատությանը:
Պատմական տեսանկյունից 1920 թվականն ամփոփում է դեռևս 18-րդ դարի վերջից Պրուսիայի, Ռուսաստանի և Ավստրիայի կողմից Լեհաստանի մասնատմամբ սկիզբ դրած իրադարձությունների մի շարք: Վարշավայի ճակատամարտը եվրոպական և համաշխարհային պատմության մեջ ժամանակակից ազգի կառուցմանն ուղղված ուշագրավ դրվագներից է. 18-րդ դարից մինչև I համաշխարհային պատերազմի ավարտը եվրոպական քարտեզից ջնջված, առանց պետականության Լեհաստանը, ռազմական և քաղաքական պարտությունների ավերակների վրա վերակառուցեց իր ազգը:
Կարդացեք նաև
Հիշատակման արժանի առաջին լեհական իրողությունը լեհ հասարակության ֆեոդալական կարգերից մինչև Եվրոպայի ամենաժամանակակից քաղաքացիական հասարակություններից մեկի վերափոխման չափանիշն է`փաստացի որևէ պետական կառույցներ չունենալով հանդերձ: Սոցիալական, մշակութային և սպորտային կառույցների հսկայական հասարակական ցանցեր, ինչպես օրինակ «Սոկոլ» մարմնամարզական միությունը, ֆինանսական միավորումները, գիտական խմբերը, դպրոցական ինքնակրթարանները կարող են համեմատվել միայն Ճապոնիայում հզոր կենտրոնական իշխանության կողմից իրականացված Մեյձիի դարաշրջանի բարեփոխումների հետ: 19-րդ դարի այդ մեծ զանգվածային ժողովրդական շարժումն ընթացավ Լեհաստանն օկուպացնող գերտերությունների դեմ: Սա ապացույց է, որ լեհերը կարողացան դասեր քաղել իրենց սեփական պատմությունից և միավորվել ամենաժամանակակից գաղափարների` պոզիտիվիզմի, ժողովրդավարական բարեփոխումների, կանանց հզորացման և հասարակական զանգվածների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման շուրջ:
Եթե հաղթանակ չգրանցվեր Լուսավորության` կրթական, գիտական և հասարակական մտքի ճակատում, հաղթանակ չէր գրանցի նաև ռազմաճակատում:
Լեհական առաջին ժողովրդավարական հեղափոխության այս նշանավոր պատմությունը Եվրոպայում լայն ճանաչում չունի: Ցավոք, քանի որ այս պատմությունը հիմք է հանդիսանում գրականության այնպիսի մարգարիտների, ինչպիսին են, օրինակ, Տոկկվիլի «Ամերիկայում ժողովրդավարության մասին» գիրքը: 1918-ին, անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո, Լեհաստանն ընդունեց Արևմտյան աշխարհի հասարակական և ընտրական ամենաարդիական օրենսդրություններից մեկը: Ձեռքբերված ազատության հետ միասնականությունը հաղթեց վերապահումները և հասարակության լայն խմբերի նկատմամբ խտրականություն դրսևորելու գայթակղությունը: Լեհաստանը պետք է կառուցեր ամբողջ ազգի միասնությունն ու համախմբվածությունը: 19-րդ դարի վերջին կատարված մտավոր աշխատանքը պետք է գտներ իր իրավահաջորդին պետականամետ գործունեության մեջ` հենց որ վերականգնվեին հանրային կառույցները 1918 թվականից հետո:
Այսպիսով, Լեհաստանի ժողովրդավարության պատմությունը տարբերվում է Արևմտյան Եվրոպայի անցած ճանապարհից: Այն անկախության վերականգնման գործընթացների հետ համատեղ տեղի ունեցող ժողովրդավարության և հասարակական ու քաղաքական ինքնուրույն միավորի նշանակություն ունեցող պատմություն է: Այն նաև արդիականության պատմություն է, որի հիմքում ընկած է 19-րդ դարում Եվրոպայում արմատացած իմպերիալիզմի, աբսոլյուտիզմ և դեսպոտիզմի դեմ պայքարը: Անկախության ձեռքբերումից երկու տարի չանցած` Լեհաստանը, որպես իր փորձությունների հաղթահարման գագաթնակետ, առերեսվեց բոլշևիկների սպառնալիքին:
Բոլշևիկների հետ պատերազմը լեհ ազգի քաղաքական միասնության հրաշալի արտահայտումն էր: 1920թ. հուլիսին ձևավորվեց Ազգային պաշտպանության կառավարությունը, որտեղ վարչապետ նշանակվեց ժողովրդական շարժման առաջնորդ Վինցենտի Վիտոսն, իսկ փոխվարչապետ` Լեհաստանի ձախակողմյան ուժերի ղեկավարներից մեկը` Իգնացի Դաշինսկին: Լեհաստանի բոլոր ճամբարների անկախության վերականգման հայրերի քաղաքական տարբերությունները լիովին հետին պլան մղվեցին` նոր ձեռքբերված հայրենիքի պետականության գոյության պահպանության անհրաժեշտության լույսի ներքո: Լեհաստանի քաղաքական էլիտաները երկրի համար ճգնաժամային ամենակարևոր պահին հանձնեցին հասուն լինելու քննությունը: Կաթոլիկ եկեղեցու ակտիվ ներգրավվածությամբ` Լեհաստանի հանրությունը զանգվածաբար աջակցեց ռազմական շարժմանը: Բոլշևիկյան զորքերը պայքարի մեջ մտան մի ազգի հետ, որը նպատակ չուներ հանձնելու իր` այդքան ծանր պայքարում ձեռքբերված անկախությունը:
Լեհ-բոլշևիկյան պայքարի առանցքը դարձավ հենց Վարշավայի ճակատամարտը, որը դեպի Լեհաստանի խորքն առաջ ընթացող բոլշևիկյան ուժերի դեմ խիզախ հակահարված էր` իրագործված հրամանատարներ մարշալ Պիլսուդսկիի, շտաբի պետ Տադեուշ Ռոզվադովսկիի կողմից, ինչպես նաև մարտական գործողությունների այնպիսի հրամանատարների, ինչպիսիք են գեներալ Վլադիսլավ Սիկորսկիի և Էդվարդ Շմիգլի-Ռիձի կողմից:
Ֆրանսիացի հանրահայտ ռազմական պատմաբան Հյուբերտ Կամոն Վարշավայի ճակատամարտում լեհերին հաղթանակ բերած շրջափակող մանևրը համարել է Նապոլեոնի մանևրի այդ ժամանակի փայլուն դրսևորում. սեփական զորքերում նվազագույն կորուստներ կրելով`այն ջախջախել է դեպի Արևմտյան Եվրոպա մեծ նկրտումներով առաջ ընթացող հզոր բոլշևիկյան բանակը: Լեհ հանրության ռազմական մոբիլիզացումը ապշեցուցիչ էր` հաշվի առնելով, որ Լեհաստանն Առաջին համաշխարհային պատերազմում ամենաշատ ավերածություններ կրած երկիրն էր: Լեհերի արձագանքը ցնծալի էր, ինչի ապացույցն է գեներալ Հալլերի հրամանատարությամբ կամավորական զորամիավորման ձևավորման գլխապտույտ տեմպը, որի թիվը շատ արագ հասավ 100 հազարի:
Զանգվածային լրատվամիջոցները լեհերի հաղթանակն անվանեցին «հրաշք Վիսլայի գետի ափին»` հղում կատարելով Առաջին համաշխարհային պատերազմի Մառնի ճակատամարտին, որտեղ անգլո-ֆրանսիական բանակը պարտության մատնեց գերմանական զորքերին:
Լեհ-բոլշևիկյան պատերազմը ոչ միայն հզոր բանակների բախումների, ամբողջ հասարակության հոգեցունց ջանքերի, կամ հրամանատարության ռազմավարական հանճարի արտահայտման մասին է. այն նաև հետախույզների, ծածկագրերի, հզոր ուղեղների և ինտելեկտների աշխատանքի մասին է: Վարշավայի ճակատամարտի գաղտնի պայքարի մեծագույն հերոսներից է Լեհաստանի ռազմական հետախուզության սպա Յան Կովալևսկին, ով ջարդել է խորհրդային ծածկագրերը: Նրա աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ լեհական գործողությունների ռազմավարությունը կազմելու համար նշանակալից տեղեկատվություն ձեռք բերել: Նա մի լուռ հերոս է, ով էական դերակատարում ունեցավ 1920թ. Եվրոպայի դեմ ուղղված խորհրդային ագրեսիան կասեցնելու գործում: Ավելին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա Լոնդոնում Լեհաստանի աքսորված կառավարության կողմից իրականացվող «Տրույնուգ» գործողության (operacja Trójnóg` թարգմ.` գործողություն «եռոտանի») կարևոր անդամ էր: Այս գործողությունը նպատակ ուներ նախապատրաստելու դաշնակիցների հարձակումը Բալկանների վրա` Իտալիայի, Ռումինիայի և Հունգարիայի դաշնակցական կապի փոփոխության միջոցով: Ցավոք, Ստալինի ճնշմամբ` Ռուզվելտը հրաժարվեց Բալկանների վրա հատուկ պատրաստականության զորքեր իջեցնելուց` Ուինսթոն Չերչիլի կողմից հրահրված: Եթե պատմությունն այլ ընթացք ստանար, Յան Կովալևսկին կարող էր երկու անգամ փրկել Կենտրոնական և Արևելյան Եվրոպան խորհրդային տոտալիտար տիրապետությունից:
Վարշավայի ճակատամարտի 100-ամյակն արդի ազատ Եվրոպայի կարևորագույն տարեդարձերից է: Լեհերը հետ պահեցին Արևմուտքը տոտալիտարիզմի ցեղասպան մտրակից, որը նկարագրվել է ականավոր ֆրանսիացի պատմաբանների կողմից հանրահայտ «Կոմունիզմի սև գրքում»: Լեհերի կոմունիզմի «համտեսումն» իր ողբերգական և երկարատև հետևանքներով Լեհաստանի և լեհ հասարակության համար հաճախ սխալ է ընկալվում: Հետկոմունիզմի ժառանգությունն իրական խնդիր է, որը խեղաթյուրում է ժողովրդավարությանն անցում կատարած երկրների հասարակական և ինստիտուցիոնալ իրականությունը: Մեծանուն լեհ գրող և Նոբելյան մրցանակի դափնեկիր Վլադիսլավ Ռեյմոնտը Վարշավայի ճակատամարտից հետո գրեց «Ապստամբություն» վեպը (լեհերեն`Bunt), որն այլաբանորեն ներկայացնում է կենդանիների կողմից մարդու դեմ բարձրացված ապստամբությունը, և դրան զուգահեռ նա պատկերում է տոտալիտար մեխանիզմները: Վեպը նա գրել է Ջորջ Օրուելի և նրա հանրահռչակ «Անասնաֆերմա» վեպից քսան տարի առաջ: Այդ գիրքը կյանքի կոչվեց, քանի որ լեհերն ունեին կոմունիզմի հետ բախման փորձ` ավելի վաղ, քան Արևմուտքը: Վարշավայի ճակատամարտը դարձավ նաև հանուն ժողովրդավարության գրեթե հիսուն տարի աշխատավոր դասի կողմից մղված հեղափոխության բարձրակետը, որը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի Եվրոպայի արտասովոր և չգրված պատմություններից է: Այն մեծ հայրենասիրության, կրոնական նվիրվածության, ռազմական հանճարեղության և ծածկագրերի նշանակության մասին պատմություն է:
Լեհ-բոլշևիկյան պատերազմը, թեպետ չգիտակցված, բայց արդի Լեհաստանի հիմնադրման և ողջ Եվրոպայի շրջադարձային պահն է: Սա երկու տարբեր քաղաքակրթությունների բախման իրական կետն է: Ոչ ոք սա ավելի լավ չէր գիտակցում, քան 1920թ. ծնված Կարոլ Վոյտիլան` ավելի ուշ Հռոմի Պապը. «Ծնվելու պահից իմ մեջ կրում եմ մեծ պարտք նրանց հանդեպ, ովքեր այդ ժամանակ զավթողների դեմ պայքարի մեջ մտան և հաղթեցին` սեփական կյանքով վճարելով հաղթանակի համար»: Այդ պարտքը մենք բոլորս ենք կրում: Վարշավայի ճակատամարտի հաղթանակից 100 տարի է անցել, և սա հիանալի առիթ է, որպեսզի հիշեցնենք այդ մասին ինքներս մեզ և ողջ Եվրոպային:
«Հոդվածը միաժամանակ լույս է տեսնում լեհական «Ամենակարևորի մասին» ամսագրում Ազգային հիշողության Ինստիտուտի հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում»:
Մատեուշ ՄՈՐԱՎԵՑԿԻ