Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոպանչի շինարարները վարչապետին՝ Ռուսաստանում 70-80 հազար ռուբլի ենք ստանում, բայց գոհ են, որ այստեղ գոնե «իրիկունը երեխաներին գրկում» են

Օգոստոս 17,2020 16:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում սուբվենցիոն ծրագրերով կատարվող շինարարական աշխատանքներին ծանոթանալիս Ծովասար համայնքում մանկապարտեզի շենքը կառուցող շինարարներից հետաքրքրվեց՝ նորմալ վարձատրվո՞ւմ են:
Ի պատասխան, շինարարներն ասացին՝ նորմալ է՝ 250 հազար դրամ ստանում են: Վարչապետը հարցրեց՝ որ Ռուսաստան եք գնում ինչքա՞ն եք ստանում:
«Ռուսաստանն ուրիշ է, 70-80 հազար ռուբլի ստանում ենք»,-պատասխանեցին շինարարները: Մարզի իշխանությունները Նիկոլ Փաշինյանին պարզաբանեցին, որ 500 հազար դրամին համարժեք է: Փաշինյանն ասաց, որ հույս ունեն, որ Հայաստանում էլ ավելի շատ կվճարեն, քանի որ շուտով գործերը շատանալու են եւ աշխատուժի պահանջարկ է լինելու:

«Բայց 250 հազար դրամը վատ չի էլի՞»,-նկատեց վարչապետը: «Վատ չի, որ իրիկունը երեխաներին գրկում ենք»,-պատասխանեց շինարարներից մեկը:


Վարչապետին ուղեկցող պաշտոնյաները նշեցին, որ Ծովասար համայնքն առաջին անգամ մանկապարտեզ կունենա: Նիկոլ Փաշինյանը հարցուփորձ արեց՝ իսկ գույքը կա՞: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասաց, որ բարերարներ կան, որ խոստացել են գույքը տրամադրել:

Շինարարները նույնպես Ծովասար համայնքից էին:

 

Մանկապարտեզի շենքից դուրս գալիս վարչապետի ճանապարհը կտրեց Հրաչիկ անունով մի քաղաքացի, որը ներկայացավ որպես ազատամարտիկ: Ասաց, որ 30 նամակ է գրել մարզպետին, կառավարություն, սակայն ոչ մի դրական պատասխան չի ստացել: Մարզպետն ասաց, որ ծանոթ է խնդրին, ապա վարչապետին ներկայացրեց, որ բնակիչը գյուղից մեկ կիլոմետր հեռու է իր տունը սարքել եւ պահանջում է տունը ջուր ու գազ քաշել:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ եք տունն այդքան հեռու կառուցել: Հրաչիկ Վարդանյանն ասաց, որ գյուղապետն է այդպես որոշել:

«Մեր խնդիրը գիտե՞ք որն է, որ գյուղից հեռու տուն ենք սարքում, հետո ասում ենք՝ մարզպետ դե արի հոսանքը քաշի, ջուրը քաշի»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Բնակիչն ասաց, որ հողը բաժանելիս ինքը պատերազմի դաշտում է եղել եւ, եթե չեն ապահովելու ենթակառուցվածքները, թող իրեն հատկացնեն գյուղում առկա մի շենքից տարածք, որտեղ ե՛ւ ջուրը կա ե՛ւ գազը ե՛ւ՝ լույսը: Մարզպետն ասաց, որ այս տարի չեն կարող այդ խնդիրը լուծել, քանի որ մի քանի միլիոն դրամի մասին է խոսքը, սակայն մտադիր են եկող տարի խնդիրը լուծել: Գնել Սանոսյանն ասաց, որ այդ թաղամասում բնակվող 5 այդպիսի ընտանիք կա:

Այս գյուղի բնակիչները նաեւ դժգոհեցին, որ անասնաֆերմա են կառուցել, սակայն հոսանքի խնդիր ունեն: Վարչապետից հետաքրքրվեցին՝ ճանապարհները ե՞րբ են բացվելու, որ կարողանան գնալ արտագնա աշխատանքի, քանի որ գյուղն այդ աշխատանքով է ապրում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31