Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խորհրդային վերջին դինոզավրի «ռուսական ռուլետկան». արևմտյան մամուլը Բելառուսի մասին

Օգոստոս 17,2020 15:53

Վերջին օրերին Մինսկում սկսված ժողովրդավարության չտեսնված տոնը Բելառուսը պահում է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որոնց առաջին էջերը նվիրված են հենց այդ երկրին: Մեկնաբանները չեն խնայում որակումները, խորհուրդները և կանխատեսումները. ինչ անի Արևմուտքը, ինչպես իրեն կպահի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և որքան է մնացել Լուկաշենկոյին գլխավորելու «Եվրոպայի վերջին բռնապետությունը»:

Լուկաշենկոն վախեցած է, դեսուդեն է նետվում և հույսը դնում է Պուտինի վրա, գրում են թերթերը: Արևմուտքը պարտավոր է օգնել բելառուսներին վերադարձնելու ազատությունը՝ չներքաշվելով Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Իսկ ամերիկացիներն էլ իրենց գալիք նախագահական ընտրություններում բելառուսներից սովորելու տեղ կունենան:

BBC-ն հավաքել է Բելառուսի զարգացումների վերաբերյալ արևմտյան լրատվամիջոցների ամենահետաքրքիր հրապարակումները:

Times

Բելառուսը սև խոռոչ է. ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից, այլ մեր աշխարհայացքում: Բազմակողմանի զարգացած և փայլուն կրթությամբ բնակչություն ունեցող երկիրը հաճախ խաղից դուրս է մնում որպես «Եվրոպայի վերջին բռնապետություն»: Որակումը ճիշտ է, բայց ամենևին էլ սպառիչ չէ»,- գրում է բրիտանական թերթը:

Հոդվածագրի կարծիքով՝ Արևմուտքն անտարբեր է Բելառուսի ցույցերի նկատմամբ, քանի որ դրանցում բացակայում է վառ աշխարհաքաղաքական ենթատեքստը: Չկա հասարակության «եվրոպամետ» և «ռուսամետ» հատվածների դիմակայություն: Ոչ մեկը Հաղթողների պողոտայի պատվանդանի վրա Ազատության արձանի կրկնօրինակը չի կանգնեցնում, ինչպես եղավ Տյանանմենում 1989թ., Մինսկում Եվրամիության դրոշներ չկան, ինչպես Կիևում 2014թ. և Թբիլիսիում՝ տասնամյակի սկզբին:

«Սա զանգվածների լայնամասշտաբ ազգային ապստամբություն է իրենց կառավարիչների արհամարհանքի, դաժանության, ստի և մսխումների դեմ»,- գրում է թերթը:

«Ժամանակն է, որ մենք Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներին վերաբերվենք որպես իրական գոյություն ունեցող վայրեր, որտեղ ապրում են իրական մարդիկ, այլ ոչ թե սեղանի աշխարհաքաղաքական խաղի խաղաքարտեր: Քանի դեռ մենք վիճում ենք ժողովրդավարության ճակատագրի շուրջ, բելառուսները դրա համար ռիսկի տակ են դնում իրենց կյանքն ու ազատությունը: Նրանք մեզնից լավ են հասկանում մեր արժեքները: Անվճռականությունը մեզ համար ամոթալի է»:

Monde

Ֆրանսիական առաջատար պարբերականը կոչ է անում Եվրամիությանը վերջ տալ «սեփական ժողովրդի դեմ բռնապետի պատերազմին՝ Եվրոպայի հենց սրտում»:

«Բելառուսի հետ սահմանակցող Եվրամիության համար սա Մինսկի վերելքի կամ նրան արևմտյան ճամբար ներքաշելու հարց չէ: Սա ժողովրդավարության և օրենքի գերակայութան սկզբունքների պաշտպանության հարց է, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն»,- գրում է թերթը:

Պարբերականը կոչ է անում 27 երկրներին «դատապարտել ճնշումները և քաղաքական աջակցություն ցուցաբերել քաղաքացիների ձգտումներին դեպի ազատ ընտրություններ»:

Առաջին անգամ չէ, որ բելառուսներից խլում են ընտրություններ, և առաջին անգամ չէ, որ նրանց ծեծի են ենթարկում այն բանի համար, որ դա նրանց դուր չի գալիս, գրում է թերթը:

«Երբեք փոփոխությունների ծարավն այնքան նկատելի, իսկ ճնշումներն այնքան դաժան չեն եղել, որքան հիմա: Սակայն առանց արտաքին օգնության Մինսկի հրապարակը հազիվ թե կարողանա միայնակ ստիպել Լուկաշենկոյին անսալ բանականության ձայնը»,- եզրափակում է Le Monde-ը իր կոչը:

Մեկ այլ հոդվածում էլ թերթն իր ընթերցողներին պատմում է՝ ինչպես են Պուտինի հակառակորդները սրտի տրոփյունով հետևում հարևան երկրում իրադարձություններին:

«Ռուսաստանի ընդդիմությունը չի թաքցնում խանդավառությունը հարևանների մոտ փոքրիկ հեղափոխության առիթով: Բոլորը՝ սկսած Ալեքսեյ Նավալնիից մինչև Խաբարովսկի բնակիչներ, խոսում են այն մասին, որ գլուխ բարձրացրած բելառուսները վերադարձրին իրենց հույսը»:

Այն հույսը, որ խաղաղ ցույցերի հաջողությունը թույլ կտա մեկընդմիշտ փոխել ռուսների՝ քարոզչության արդյունքում ձևավորված պատկերացումները հեղափոխության ուղիների վերաբերյալ. կամ պալատական հեղաշրջում, կամ արյունալի մայդան, քաոս և պատերազմ:

New York Times

Ամերիկյան հեղինակավոր թերթի կարծիքով՝ կիրակի օրվա զանգվածային ակցիան ցույց տվեց, որ Լուկաշենկոն չկարողացավ վախեցնել մարդկանց բռնության և ՆԱՏՕ-ի ներխուժման սպառնալիքներով:

«Լուկաշենկոն կարծես թե հաշվարկել էր, որ արևմտյան սահմանին մտացածին ռազմական ճգնաժամ հորինելը լավագույն միջոցն է երկրի ներսում հակառակորդին դիմակայելու գործում Ռուսաստանի աջակցությունը ստանալու համար»,- գրում է թերթը՝ նկատելով վճռական փոփոխություն Բելառուսի առաջնորդի հռետորաբանության մեջ, որը դեռ մեկ ամիս առաջ Կրեմլին մեղադրում էր իրեն տապալելու փորձի մեջ:

Առաջին անգամ Լուկաշենկոյի խելահեղ քայլը՝ դեմքով շրջվել դեպի Արևելք և մնացած ամեն ինչով՝ Արևմուտք, և նրա քաոտիկ վարքը գնալով ավելի շատ է հոգնեցնում Պուտինին, գրում է թերթը: Արդյոք նա ուզում է հետագայում էլ գործ ունենալ Լուկաշենկոյի հետ՝ բաց հարց է, եզրափակում է թերթը:

Washington Post

Ամերիկյան թերթը հրապարակում է Յելի համալսարանի բռնատիրությունների հարցերով պրոֆեսոր Թիմոթի Սնայդերի սյունյակը, ըստ որի բելառուսներն ամերիկացիներին ժողովրդավարության պաշտպանության դաս տվեցին նոյեմբերին սպասվող ընտրություններից առաջ:

«Մենք պետք է սովորենք այն մարդկանցից, որոնք իրենց ռիսկի տակ են դրել հանուն ժողովրդավարության՝ այն դեպքում, երբ գտնվում են մեզնից ավելի վատ հանգամանքներում: Բելառուսները մեզ սովորեցնում են՝ ինչպես ավտորիտար քաոսում պաշտպանել ընտրություններում հաղթանակը»,- գրում է նա:

Standard

«Լուկաշենկոն Պուտինի մկանների հետ է խաղում» վերտառությամբ հոդվածում ավստրիական թերթը ցույցերը համարում է առանձնահատուկ: Նախկինում էլ բելառուսները փողոց էին դուրս գալիս, ինչպես եղավ 2010թ. նախագահական ընտրություններից հետո, բայց հիմա ընդդիմությանը միացել են հասարակության լայն շերտեր:

«Այս անգամ ամեն ինչ այլ է: Այսօրվա ցույցերը նոր մակարդակի վրա են դուրս եկել»,- գրում է թերթը:

Իսկ Լուկաշենկոն, ընդհակառակը, ավելի շատ է նյարդայնանում, և իր 26-ամյա կառավարման ամենախոշոր ճգնաժամին արձագանքում է միանգամայն անճոռնի կերպով:

Libération

Ֆրանսիական թերթը Լուկաշենկոյին անվանում է խորհրդային դարաշրջանի վերջին դինոզավր և պնդում, որ նա խիստ վախեցած է: Ամբողջ հույսը Պուտինն է:

«Գրավելով Ղրիմը՝ Պուտինը ցույց տվեց, որ ամեն ինչի պատրաստ է: Բայց արդյոք նա պատրաստ է նոր ճակատ բացել, քանի դեռ մոլեգնում է համաճարակը և տնտեսական ճգնաժամը: Եվ այն էլ Բելառուսի դեմ, որտեղ, ի տարբերություն Ուկրաինայի, ընդհանրապես հակառուսական տրամադրություններ չկան»,- հարցադրում է կատարում թերթը:

«Եվրոպան ճիշտ է անում՝ փորձելով իր շեմին պատժամիջոցներով պատժել բռնաճնշումների մեջ մեղավորներին: Բայց դա պետք է անել այնպես, որ տպավորություն չստեղծվի, թե նա ապստամբություն է հրահրում հանուն սեփական շահի»:

Gazeta Wyborcza

Լուկաշենկոն «ռուսական ռուլետկա» է խաղում և վախեցնում է բնակչությանը: «Մնացեք ինձ հավատարիմ, հակառակ դեպքում կկանչեմ ռուսներին»,- Բելառուսի նախագահի վերջին հնարքն այսպես է մեկնաբանում լեհական թերթը:

«Լուկաշենկոն բելառուսներին վախեցնում է ռուսական ներխուժմամբ: Սա հուսահատության և աճող անվստահության նշան է Բելառուսի իշխանության հենց սրտում»:

Թերթը հիշեցնում է, որ Լուկաշենկոն սիրախաղ էր անում Արևմուտքի հետ և կատաղի կերպով պաշտպանում Բելառուսի ինքնիշխանությունը Մոսկվայի հավանություններից, և դա անվանում է «տրամաբանական և հետևողական քաղաքականություն բռնապետի համար, որը չի ցանկանում իշխանությունը կիսել Պուտինի հետ և դառնալ նրա վասալը»:

Այժմ Լուկաշենկոն ինքն է սպառնալիք ստեղծում անկախության համար, և «Բելառուսի անկախության վերջին պաշտպանը մի ակնթարթում դառնում է նրա ոխերիմ թշնամին»: Բայց միայն նրա համար, որպեսզի պահի իշխանությունը, գրում է թերթը:

«Պուտինին օգնության խնդրանքով դիմելը բացատվում է ռուսական բանակը Բելառուս կանչելու ցանկությամբ, այն դեպքում, եթե սեփական բանակը դավաճանի: Դա ավելի շուտ ուժի ցուցադրություն է, հոգեբանական գրոհ նոմենկլատուրայի տատանվող հատվածի և ցուցարարների վրա»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31