Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարինա Բրուտյան. «Սերը հաջողություն է բերում, սերն ինքնին հաջողություն է»

Օգոստոս 17,2020 15:17

Մոսկվաբնակ լրագրող, գրող եւ երգահան Մարինա Բրուտյանի հետ «Ֆեմինի» նախագծի շրջանակում Aravot.am-ի զրույցը բավականին անկեղծ էր: Մարինայից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են մարդիկ եւ դիպվածներ, որոնք շրջադարձային դերակատարություն են ունեցել իր կյանքում:

«Ես ընդհանրապես համարում եմ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, որ ցանկացած նոր հանդիպում, նոր ծանոթություն կամ օրերի հիշողություն հենց այդպես չէ։ Օրինակ՝ մի 5-6 տարի առաջ, երբ երեխաներիս հետ վերադառնում էինք Լեհաստանից, ինքնաթիռի անսարքության պատճառով թռիչքը տեղի չունեցավ։ Այդ օրը մնացինք Վարշավայում։ Հետո վերադառնալուն պես որպես փոխհատուցում մեզ գումար տվեցին։ Մտածում էի` դրանով փոշեկուլ, հեռախոս կամ էլի ինչ-որ բան գնել, բայց կանգ առա էլեկտրոնային դաշնամուրի վրա։ Գնեցի ու սկսեցի նվագել մի գործիք, որին չէի մոտեցել 1997 թվականից։ Սկսեցի երաժշտություն գրել, որը գործիքավորած տարբերակով այսօր հնչում է ներկայացումներում, օրինակ` Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում: Իռա Հարությունյանի բեմադրած «Խառը զգացմունքներ» ներկայացման մեջ կլսեք իմ երաժշտությունը։ Դա երևի իմ առաջին «հրապարակային» հաջողությունն էր»,-ասաց մեր զրուցակիցը։

«Խառը զգացմունքներ» ներկայացման առաջնախաղին:

Խնդրեցինք որեւէ տպավորիչ դրվագ հիշել մանկությունից: «Երբ փոքր էի, մենք ճաշում էինք խոհանոցում, որն ուներ ելք դեպի բաց պատշգամբ։ Ու երբ ծնողներս դուրս էին գալիս, ես գդալ-գդալ պատշգամբից դուրս էի նետում ափսեիս պարունակությունը: Ու սպասում էի, որ հիմա մեկը դուռը կթակի, ինչպես Денискины рассказы պատմվածքներից մեկում։

Մի բան էլ եմ հիշում. մեր ներքեւի հարևանը ծիրանի չիր էր սարքում։ Դնում էր պատուհանից դուրս, բայց ծիրանները չէր ծածկում: Ես ու քույրս սիրում էինք թուղթը մանր մասերի բաժանել ու պատուհանից դուրս նետել…Դրանք մեր թիթեռնիկներն էին, որոնք, սակայն «խցանվում» էին չիր դարձող ծիրանի քաղցր օշարակի մեջ։ Նույն պատմությունը կրկնվում էր մի քանի տարի շարունակ` ամեն ամառ։ Բայց ոչ մենք էինք դադարում թիթեռ թռցնել, ոչ հարեւանն էր ծիրանը ծածկում…Ինքը մեր վրա զայրանում էր, մենք վախենում էինք, բայց շարունակում նույն կերպ վարվել»,-պատմում է Մարինան:

Մի դրվագ էլ դպրոցից է հիշում` առաջին նստարանին էր նստում: Երեխաները սովորաբար ինչ-որ բան են գրում իրենց աշակերտական սեղաններին, ինքն էլ գրել էր «Դիփ Փարփլ», ինչի համար հայոց լեզվի ուսուցչուհին իրեն կոսմոպոլիտ էր որակել:

Մարինա Բրուտյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ծնվել իր Чугунный мост նորատիպ գիրքը, որի շուրջ արդեն մեծ հետաքրքրություն կա, եւ ո՞րն է իր ստեղծագործական «առաջնեկի» հիմնական ուղերձը:

«Գիրքը նույնպես ծնվեց մի շրջադարձային հանդիպումից։ 2019 ամառն էր։ Ես ընկերոջս ներկայացմանն էի գնացել, որից հետո նա իր խաղընկերոջ հետ առաջարկեց մի բաժակ գարեջուր խմել։ Ու հենց այդ օրը այդ տաղանդավոր, բազմակողմանի զարգացած և շատ հմայիչ տղամարդն ասաց. «Արա այն, ինչ դուրդ գալիս է։ Մի նայիր, թե ով ինչ կասի: Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնց ինչ-որ բան դուր չի գա»։ Ու այդ հմայիչ տղամարդու խոսքերն ինձ համար դարձան առանցքային… Ես այլեւս չէի ամաչում, ասենք երաժշտություն կամ բանաստեղծություն գրելուց եւ դա ինչ-որ մեկին ցույց տալուց… Գիրքն էլ նույն սկզբունքով ծնվեց…Դեռ շատ վաղուց, ուսանողական տարիներին մի օր սրճարանում նստած նկատեցի, որ մեր դիմացի սեղանին նստած օրիորդը հայելու մեջ է նայում ու փորձում հետևում նստած մի տղայի «բռնացնել» իր հայելու շրջանակի մեջ։ Այդ ժամանակ ասացի ընկերուհիներիս ՝ ինչ լավ է, երբ նայում ես հայելու մեջ, տեսնում ես ոչ միայն քեզ, այլեւ նրան, ում սիրում ես։ Ու այդ միտքն այնքան դուրս եկավ ինձ, որ որոշեցի մի օր անպայման օգտագործել։

Հարմար պահն եկավ անսպասելի։ Կարանտին, համավարակ… Ռուսաստանում դեռ փակ չէր ամեն ինչ, բայց Հայաստանում արդեն մտցվել էր հատուկ դրություն: Մարտի 17 էր, ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի պատին տեսա Էդուարդ Լիմոնովի գրքից մի մեջբերում` Жизнь дается – живи. – Ах, мама, – я боюсь! Живи – не бойся: Այդ օրը Լիմոնովը մահացավ։ Ու աչքիս առաջ եկավ գրքիս ամբողջ ֆաբուլան։ Այսինքն` ես չեմ գրել մի քանի գլուխ, հետո մտածել, թե շարունակությունն ինչպես պետք է հորինել…Ամբողջական էր իմ պատմությունը, որը մնում էր միայն գրի առնել ու «համեմել» երկխոսություններով։

Մի ամսվա ընթացքում եմ ավարտել գիրքս: Հետո տվեցի ընկերուհիներս կարդացին, քննադատեցին` թե ինչու է այսպես, և ինչու այնպես չէ։ Մյուսը խնդրում էր վերջաբանը փոխել։ Ու արդեն պատրաստ էի հրապարակել որեւէ ինտերնետ – հարթակում, երբ ամուսինս խորհուրդ տվեց ուղարկել որեւէ հրատարակչություն։ Ես մի քանիսին դիմել էի, և 2 շաբաթ հետո մեկից եկավ պատասխան։ Հետո կապվեցի իմ լավ ընկեր, քանդակագործ, նկարիչ Մելս Գևորգյանի հետ և նա սիրով համաձայնեց նկարազարդել գիրքս։ Իսկ հիմնական ուղերձն է ՝ ապրել կյանքն այնպես, որ ապագա սերունդները պարտավորված չլինեն փակել մեր հաշիվները։

Ամենքս այս կյանքում ունենք մեր առաքելությունը։ Եվ այդ առաքելությունը կատարելու ճանապարհին կարող ենք երես առ երես հանդիպել մեր անցյալի հետ: Այն անցյալի, որը նույնիսկ չգիտեինք։ Կգա ժամանակը պատասխան տալու։ Կան հաշիվներ, որոնք փակվում են կյանքի գնով»,-ասում է գրողը։

Հովհաննես Ազնաուրյանի հետ:

Շեշտում է, որ գիրքը ինքնակենսագրական չէ, բայց շատ անձնական է այն առումով, որ իր բոլոր հերոսները հավաքական կերպարներ են, որոնց բնավորության գծերում կան իր, ընկերների, ծանոթների բնավորության գծերից. «Երբեմն մարդիկ, որ կարդում են, ասում են, վայ, սա ես եմ, ասում եմ` չէ, դու չես, բայց եթե այդպես ես կարծում, դա ինձ հաճելի է»: Իսկ թե իր կարծիքով ինչու է գիրքն այդպես հետաքրքրել ռուսալեզու ընթերցողին, գրողն ասում է, որ ռուսալեզու ընթերցողը բաց է, եւ նրան գրավել է հատկապես պատմություն պատմելու ոճը եւ լեզուն: Նաեւ օրինակ է բերում մեկ այլ հայ գրողի` Հովհաննես Ազաուրյանի երկու վեպերը տպագրվել են ռուսական ամենամեծ հրատարակչությունների կողմից:

Մարինա Բրուտյանից հետաքրքրվեցինք` գիրքը գրելիս եղե՞լ է դրվագ, որ դժվարացել է շարադրել: «Եղել է այդպիսի բան…Հուզվել էի, լացս գալիս էր…Գլխավոր հերոսուհին նամակներ էր գրում իր ընկերներին, սիրելիին…Նամակներից հետո երկու օր չկարողացա մոտենալ, հիմա էլ, որ բացում եմ գիրքը, հուզվում եմ»,-ասաց նա:

Մեր հարցին` իսկ իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանում է. «Չգիտեմ, ես երջանիկ մարդ եմ…ես կարող եմ սիրել։ Իսկ սերը հաջողություն է բերում, սերն ինքնին հաջողություն է…այդպես չէ՞»։

Մարինան տանել չի կարողանում անտարբերությունն ու խանդը, ասում է` կան դեպքեր, որոնց պարագայում երբեք փոխզիջման չի գնա. «Ես շատ ուշ եմ նեղանում մարդկանցից, բայց եթե վիրավորվում եմ, ուրեմն վերջ… Միգուցե կփորձեմ հասկանալ, բայց ներել ոչ»: Հավելում է. «Մեկ էլ խանդը չեմ կարող ներել, չեմ կարող հասկանալ…Նկատի ունեմ ոչ միայն սիրած մարդու նկատմամբ խանդը, այլ նախանձն ընդհանրապես։ Նույնիսկ սիրած մարդու հանդեպ խանդը մի տեսակ ոչ թե սիրո արտահայտություն է, այլ ինչ-որ մեկին լիովին տիրանալու, սեփականելու ցանկություն և այդ ցանկության ձախողված լինելու դրսեւորում»։

Հարցրինք, թե իր ընկալմամբ ո՞րն է լավ գրականությունը: Մարինա Բրուտյանի խոսքերով, լավ գրականությունն այն է, որ կարդալու ընթացքում չես ուզում արագ վերջացնել, բայց միեւնույն ժամանակ ուզում ես իմանալ, թե ինչ եղավ վերջում, նաեւ այն գրականությունն է, որին ուզում ես վերադառնալ:

Իռա Հարությունյանի եւ Նորա Գրիգորյանի հետ

Լավ ընկերների մասին էլ խոսեցինք: «Լավ ընկերը քո կեսն է, քո արտացոլումը, քեզանից ոչինչ չսպասող ընկերն է, որը զգում է քեզ նաեւ հեռավորության վրա, դա այն ընկերն է, որին կարող ես ամիսներով չզանգել, բայց եթե զանգես, քո ձայնից կհասկանա, որ իր կարիքն ունես»,-ասաց նա:

Նկարիչ Լիլի Իշխանյանի հետ

Հարցին` ո՞րն է իր համար աշխարհի ամենալավ անկյունը, Մարիա Բրուտյանը պատասխանում է. «Ես կոսմոպոլիտ եմ, կարող եմ ցանկացած անկյունում ինձ գտնել…Սակայն կան տեղեր, որտեղ ես ուզում եմ վերադառնալ, ես ունեմ մի քանի այդպիսի լավ անկյուններ»:

Պարզեցինք, որ Մարինա Բրուտյանը նաեւ երկրորդ գրքի մասին է մտածում. «Գիտեմ` ինչի մասին է լինելու, բայց ֆաբուլան դեռ չկա…Սեպտեմբերին, երբ երեխաներս կգնան դպրոց, նոր կսկսեմ աշխատել…Գիտեմ, որ ի տարբերություն առաջինի, երկրորդ գիրքն այդքան արագ չի գրվի, որովհետեւ կատալիզատորը չկա, իսկ առաջինի դեպքում ժամանակն էր ինձ «հրում» առաջ»:

Վերջին կարդացած գրքերն էլ Ջուլիան Բարնսի գործերն էին, այժմ ավարտում է «Վերջի նախազգացումը», իսկ ավելի վաղ Հովհաննես Ազնավուրյանի «Երեք եկեղեցիներ» գիրքն էր կարդում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մարինա Բրուտյանը:

Գլխավոր լուսանկարը` Դինա Անանյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31