Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խի՞ եք անաշխատանք, հենա էդքան կարտոշկա եք ցանել». Փաշինյանը Գանձակի բնակիչներին

Օգոստոս 17,2020 14:50

«Լա՞վ եք ժողովուրդ»,-այսօր Գանձակ համայնքում ճանապարհաշինարարական աշխատանքներին ծանոթանալիս նորոգվող ճանապարհի հարակից տան բնակիչներից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան ասացին՝ «լավ ենք, բայց՝ անաշխատանք»: Վարչապետը տեսնելով կարտոֆիլի տնամերձ այգին՝ արձագանքեց՝ խի՞ եք անաշխատանք, հենա էդքան կարտոշկա եք ցանել:
Վարչապետին ուղեկցող մարզի պաշտոնյաները պարզաբանեցին՝ էս տարի խոպան չեն գնացել:
«Հետաքրքիր է, չէ՞ մարդիկ հողի հետ աշխատանքը չեն համարում աշխատանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մոտենալով փողոցի ցանկապատի մյուս կողմում շարված երեխաներին: Փաշինյանը կոնֆետ բաժանեց ու հարցուփորձ արեց՝ լա՞վ եք սովորում:
Վարչապետին ուղեկցող Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանն ասաց, որ նորոգվող ճանապարհները կենսական նշանակության են եւ ինչ ծնվել է՝ 35 տարի է, չի տեսել, որ այդ ճանապարհները նորոգվեն: Ասաց, որ միջհամայնքային՝ Ծաղկաշեն տանող ճանապարհի խնդիրը մինչ օրս անլուծելի է եղել: Համայնքապետը նաեւ ասաց, որ նորոգվող ճանապարհը երկու կիլոմետր է, ամբողջությամբ բազալտե եզրաքարերով, մայթերով իսկ ջրընդունիչները նաեւ ծառայում են ոռոգման համակարգ: Համայնքապետը տեղեկացրեց, որ երկու տարվա մեջ ոռոգման ջրի պաշարը 12 անգամ ավելացել է: Ճանապարհի երկայնքով էլ համայնքապետարանը մտադիր է ակացիաներ տնկել: Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվող ճանապարհը 20 օրից շահագործման կհանձնվի:

 

Այսօր եղանակային պայմաններից ելնելով ասֆալտապատման աշխատանքներ չէին կատարվում:

Նիկոլ Փաշինյանը դիմելով Գեղարքունիքի մարզպետին ու շինարարին ասաց՝ եթե այս որակի ասֆալտ է արվում, պիտի գծանշում էլ արվի:
«Նախատեսված է»,- արձագանքեց շինարարը: Վարչապետին հայտնեցին, որ սելավատարն էլ հիմնովին նորոգվել է: Այս համայնքում սուբվենցիոն ծրագրով նաեւ զբոսայգի են բարեկարգելու: Արմեն Պողոսյանն ասաց, որ Արծվանիստում մանկապարտեզի երկրորդ մասնաշենք են կառուցել: Այս համայնքում մանկապարտեզի տարիքի 70 երեխա է հերթագրված:
Գանձակում 7 կիլոմետր էլ լուսավորության հարց են լուծել:
«Ես քո ցավը տանեմ, ես քո կյանքին մեռնեմ»,-վարչապետին տեսնելով՝ դարպասից դուրս եկավ մի տարեց կին: «Մայրիկ ջան, դիմակդ ո՞ւր է, սոցիալական հեռավորություն եմ պահում, որ ձեզ չվարակեմ: Լավ եղեք մայրիկ ջան»,-ասաց Փաշինյանը՝ շարունակելով շրջայցը:

 

Հավաքված գյուղացիներին Փաշինյանը կոչ արեց դիմակ կրել ու նրանց դիմակ բաժանեց. «Կգան կտուգանեն խայտառակ կլինենք»,-ասաց վարչապետը: Գանձակում համայնքապետն ասաց, որ գյուղատնտեսական խնդիր ունեն՝ չսուբսիդավորվող պարարտանյութը: Բնակիչներն էլ նշեցին՝ լավ կլինի գյուղերին ավելի շատ ուշադրություն դարձնել: Գյուղացիները վարչապետին խնդրեցին գոմերի ծրագրում փոփոխություն անել՝ կառավարության որոշումով սահմանված 300 մետր հեռավորության վրա գոմ կառուցելու պահանջը փոփոխել: Նշեցին, որ այդքան հեռավորությունը գյուղի համար նպատակահարմար չէ, քանի որ նման պահանջի դեպքում գոմը պետք է կառուցվի սարերում: Այս համայնքի բնակիչներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանին խնդրեց գյուղում լաբորատորիա հիմնել, որպեսզի կարողանան բույսերին ու անասուններին համակած հիվանդությունն արագ պարզել ու դեղամիջոց գտնել:

Վարչապետին ուղեկցում էր նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31