Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենադրական քաղաքական գործիչը՝ Դավիթ Տոնոյան, ամենասկանդալայինը՝ Գեւորգ Պետրոսյան. կայացավ «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը

Օգոստոս 17,2020 13:19

Այսօր տեղի ունեցավ «Մեդիա պաշտպան» կազմակերպության «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը: Մեկ տարվա ընթացքում մեդիայի մոնիտորինգի եւ քվեարկության արդյունքներով 2020-ի «Ամենասկանդալային քաղաքական գործիչ» մրցանակը ստացավ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նրա հետ այդ անվանակարգում առաջադրվել էին «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը եւ Նարեկ Մալյանը:

Մրցանակը ստանալիս Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ճիշտն ասած, սկանդալայինը մի քիչ վիճելի է, բայց եթե այդպես եք որոշել՝ ենթարկվում եմ: Ես երբեմն կտրուկ գնահատականներ եմ տալիս, նաեւ պատկերավոր խոսքի սիրահար եմ, դրա համար ինչ-որ սկանդալներ են առաջանում: Համենայնդեպս, ավելի շատ սկանդալներ են առաջացնում, քան ես եմ առաջացնում դրանք»:

Նա հորդորեց պատգամավոր եւ մանդատակիր հասկացությունները առանձնացնել. «Մարդ կա մանդատ է կրում, բայց պատգամավոր չի, որովհետեւ պատգամավորը նա է, ով ժողովրդի խոսքը հասցնում է ԱԺ: Ես ընդամենը փորձել եմ իմ կուսակցության ղեկավարի գաղափարները, իմ պատկերացումները, ժողովրդից ստացած քվեն ներկայացնել ԱԺ-ում, ժողովրդի խնդիրները ներկայացնել: Հակառակ դեպքում, երբ պատգամավորը հասնում է ԱԺ ու այնտեղ զբաղվում է պարապ ինքնահիացմամբ, նա այնտեղ անելիք չունի, նա շարքային մանդատակիր է: Ես երբեւէ չեմ փորձել լինել շարքային»:

«Ամենադրական հանրային գործիչ» մրցանակի արժանացավ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Մրցանակը վերցնելիս ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց. «Կարծում եմ, սա նոր խթան կհանդիսանա պաշտպանական գերատեսչության ղեկավարի եւ բանակի համար՝ նպատակներն առավելագույնս իրագործելու համար: ՊՆ նախարարի եւ մեր նշանաբանը շարունակում է մնալ նույնը՝ անել առավել քան, եւ վստահ եմ, որոնք հաջողելու ենք»:

Որպես տարվա լավագույն կայուն զարգացող լրատվական, մրցանակ ստացավ «Antifake.am» կայքը, իսկ որպես տարվա լավագույն լրատվամիջոց, ընտրվել էր «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, իսկ այս հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման վարող Դավիթ Սարգսյանը ստացավ «Լավագույն հեռուստամեկնաբան» մրցանակը:

«Ամենաքննարկվող գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ պարետը, ընդ որում, շեշտեցին՝ ոչ թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այլ հենց պարետ Ավինյանը, քանի որ ավելի շատ քննարկվել է պարետը, պարետի որոշումները, քան՝ փոխվարչապետի: Ավինյանը չէր եկել մրցանակը վերցնելու:

«Հետքը» պահում է իր բարձր նշաձողը՝ հետաքննական լրագրության ոլորտում, «Լավագույն հետաքննող լրատվական» անվանակարգում հաղթող ճանաչվեց կրկին «Հետքը»:

Իսկ «Լավագույն լրագրող» մրցանակը ստացավ «Առավոտի» լրագրողը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31