Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրգանիզմը եւ հանքային նյութերը

Օգոստոս 17,2020 13:50
nyut

«TV ալիք». Հանքային նյութերը օրգանիզմում չունեն էներգետիկ նշանակություն, ինչպես սպիտակուցները, ճարպերը եւ ածխաջրատները, սակայն առանց այդ նյութերի օրգանիզմը չի կարող ապրել։ Հանքային նյութերը մտնում են մեր օրգանիզմի բոլոր բջիջների, հյուսվածքների, ֆերմենտների, հորմոնների, ոսկրերի կազմության մեջ, ապահովում են օրգանիզմի թթվա-հիմնային, ջրա-աղային հավասարակշռությունը, մասնակցում են նյութափոխանակության գործընթացներին եւ կենսական կարեւոր բոլոր օրգան-համակարգերի գործունեությանը։

Եկեք հիշենք մեր օրգանիզմի քիմիական կազմը։ Մարմնի զանգվածի մոտ 96 %-ը կազմում են 4 քիմիական տարրեր՝ թթվածին, ածխածին, ջրածին, ազոտ, 4%-ը՝ հանքային տարրերը, որոնք բաժանված են 2 խմբի՝ մակրոտարրեր եւ միկրոտարրեր։ Մակրոտարրերից են կալցիումը, կալիումը, նատրիումը, քլորը, ֆոսֆորը, մագնեզիումը, ծծումբը։ Այս 7 տարրերը ջրի եւ սննդի միջոցով օրգանիզմ են մտնում եւ դուրս գալիս տասնյակ եւ հարյուրավոր գրամներով, այս կամ այն չափով մասնակցում են օրգանիզմի հյուսվածքների, օրգան-համակարգերի կառուցմանը։

Միկրոտարրերը օրգանիզմին անհրաժեշտ են ավելի քիչ քանակներով։ Դրանք կազմում են 0,05 %։ Միկտրոտարրերն են՝ երկաթ, ցինկ, բոր, քրոմ, վանադիում, յոդ, ֆտոր, պղինձ, կոբալտ, նիկել։

Նատրիում

Նատրիումի քանակը մեր օրգանիզմում կազմում է 70-110 գրամ, որի 1/3-ը գտնվում է ոսկրերում, 2/3-ը՝ հեղուկներում, մկանային եւ նյարդային հյուսվածքներում։ Մասնակցում է օրգանիզմի ջրա-աղային նյութափոխանակության կարգավորմանը, թթվա-հիմնային հավասարակշռության պահպանմանը։ Ապահովում է մկանների նորմալ կծկումները, այդ թվում՝ սրտամկանի: Շատ կարեւոր է մարսողական համակարգի եւ երիկամների նորմալ գործունեության համար։

Սննդամթերքում նատրիումի քանակը մեծ չէ, եւ օրգանիզմն այն ստանում է հիմնականում կերակրի աղի միջոցով, որը պարունակում է 40 % նատրիում եւ 60 % քլոր։ Սակայն կերակրի աղի տեսքով այն օրգանիզմը կարող է ստանալ տարբեր տեսակի վերամշակված սննդամթերքների միջոցով՝ երշիկեղեն, մարինադներ, թթվեղեն, պահածոներ, թանձրահյութեր, չիպսեր, հաց, պանիր։ Նատրիումի՝ օրգանիզմի օրվա պահանջը կազմում է 4-6 գրամ, որը հավասար է մոտ 10-15 գրամ կերակրի աղի։ Նատրիումի պահանջը մեծանում է հատկապես շոգ եղանակին, երբ մարդու մոտ առատ քրտնարտադրություն է լինում, ինչպես նաեւ ջրի մեծ պահանջի կամ լարված ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Օրվա ընթացքում 5 գրամից պակաս նատրիում ստանալու դեպքում առողջ մարդկանց մոտ կարող է առաջանալ արյան ճնշման անկում, իսկ զարկերակային գերճնշում ունեցողների մոտ արյան ճնշումը կարգավորվում է։ Նատրիումի ավել քանակները, անշուշտ, օրգանիզմին կարող են վնաս պատճառել, քանի որ այդ պայմաններում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, առաջանում են այտուցներ, արյան ճնշման բարձրացում, նյարդային գրգռված վիճակ, ծարավի անհագ զգացում։

Կալիում

Հասուն մարդու օրգանիզմում պարունակվում է 160-180 գրամ կալիում, որը գտնվում է հիմնականում բջիջների ներսում, ինչպես նաեւ օրգանիզմի հեղուկներում։ Այն, լինելով էլեկտրոլիտ, փոխանցում է էլեկտրական իմպուլսներ, որոնք խիստ անհրաժեշտ են սրտի, մկանների եւ նյարդերի նորմալ գործունեության համար։ Կալիումը կարեւոր նշանակություն ունի նաեւ օրգանիզմի ջրա-աղային հավասարակշռությունը պահելու գործում։ Կալիումի օրվա պահանջը օրգանիզմի համար կազմում է միջինում 2-3 գրամ։ Վտանգավոր է ինչպես կալիումի պակասը (հիպոկալեմիա), այնպես էլ ավելցուկը (հիպերկալեմիա)։

Հիպոկալեմիա.- Կալիումի պակասը օրգանիզմում կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։ Կալիումի անբավարարությունը օրգանիզմում հաճախ լինում է ոչ ճիշտ սնվելու հետեւանքով կամ էլ չափից շատ աղի կերակրատեսակներ օգտագործելու պատճառով։

Նատրիումը եւ կալիումը օրգանիզմում գտնվում են ֆիզիոլոգիական հակազդեցության մեջ։ Որքան շատ է նատրիումի քանակը (օրինակ՝ կերակրի աղի), այնքան պակասում է կալիումը, որի հետեւանքով խանգարվում է նյարդային իմպուլսների հաղորդելիությունը, ինչպես նաեւ հեղուկ է կուտակվում օրգանիզմում, որն էլ բերում է արյան ճնշման բարձրացման։ Այլ պատճառներից են.

v երիկամային հիվանդությունները,

v որոշ դեղամիջոցների օգտագործումը (միզամուղներ, հակաբիոտիկներ),

v օրգանիզմի ջրազրկումը առատ քրտնարտադրության, փորլուծության կամ փսխման պատճառով,

v մագնեզիումի պակասը։

Կալիումի անբավարարության հիմնական ախտանշաններն են.

v Մշտական հոգնածությունը: Նորմալ քնի առկայության պայմաններում հոգնածությունը եւ «սպառված» լինելու զգացողությունը չի անցնում։ Երբ դուք էներգիա չունեք տարրական, սովորական աշխատանք կատարելու համար:

v Արյան բարձր ճնշումը: Կալիումը գտնվում է բջիջների ներսում եւ ունի արյունատար անոթների պատերը թուլացնող, լայնացնող ազդեցություն։ Երբ կալիումի քանակը պակասում է, անոթները կարող են կծկվել, սեղմվել, որն էլ բերում է արյան ճնշման բարձրացման։ Երբ կալիումի քանակը պակասում է, անմիջապես կուտակվում է նատրիումը, որը կապում է օրգանիզմում հեղուկները, առաջացնում է այտուցներ, արյան ճնշման բարձրացում։

v Մկանային թուլությունը, դողը եւ կծկումները: Կալիումը մեծ նշանակություն ունի հարթ մկանների նորմալ գործունեությունն ապահովելու համար։ Երբ նրա քանակը պակասում է, կարող են առաջանալ մկանային կծկումներ, դող, ցավ։

v Սրտի ռիթմի խանգարումները: Սիրտը հզորագույն մկան է, որը երբեք չի հանգստանում։ Կալիումը, լինելով էլեկտրական իմպուլսների հաղորդիչ, կարգավորում է սրտամկանի ռիթմիկ աշխատանքը։ Կալիումի երկարատեւ անբավարարությունը կարող է բերել առիթմիաների։

v Փորկապությունը: Լավ մարսողության համար անհրաժեշտ է մկանների ճիշտ աշխատանք։ Երբ կալիումը պակաս է, թուլանում է մարսողական համակարգի աշխատանքը։ Առաջանում է փքվածության զգացում, փորկապություն։

v Թմրածության եւ ծակծկոցների զգացում վերջույթներում: Քանի որ թուլանում է նյարդային ազդակների փոխանցումը։ Օրգանիզմում մշտապես գործում է յուրահատուկ մի պոմպ՝ կալիում-նատրիումական մղիչ պոմպը, որի նպատակն է բջիջներում կուտակել (+) լիցքով կալիումի իոններ եւ այնտեղից դուրս մղել (-) լիցքով նատրիումի իոնները։ Սա անհրաժեշտ է օրգանիզմի ներքին կայունությունն ապահովելու համար։ Երբ այս հավասարակշռությունը խախտվում է, առաջանում է նյարդային ազդակների հաղորդելիության խանգարում, ինչն էլ բերում է թմրածության առաջացման։

v Գլխապտույտներ.- Կալիումի պակասը բացասաբար է անդրադառնում արյան շրջանառության վրա, որն էլ կարող է վատ սնուցել գլխուղեղը։ Նման ախտանշաններ ունենալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի, հանձնել արյան անալիզներ։

Երբեք չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ։ Կալիումի պակասը կարելի է լրացնել սննդամթերքի միջոցով, որոնք բազմազան են։ Դրանցից են՝ ավոկադոն, կանաչեղենը, բազուկի ճավը, գազարը, կարտոֆիլը, ոլոռազգիները (ոսպ, ոլոռ, լոբի), սունկը, բանանը, ցիտրուսները, ծիրանաչիրը, սալորաչիրը, չամիչը։ Հարկավոր է խուսափել աղի կերակրատեսակները չարաշահելուց։

Հիպերկալեմիա.– Կալիումի ավել քանակը նույնպես վնասակար է։ Նորմայում կալիումի քանակն արյան մեջ պետք է կազմի 3,5-ից ոչ պակաս եւ 5,0 մմոլ/լ-ից ոչ ավել։ Կալիումի քանակի ավելցուկը հիմնականում կապված է երիկամների հիվանդությունների հետ։ Վտանգավոր է, քանի որ կարող է առաջացնել սրտի աշխատանքի խաթարումներ։

Ֆոսֆոր

Ֆոսֆորը կենսականորեն անհրաժեշտ տարր է, որը մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների, առանձնապես մկանների եւ գլխուղեղի կազմության մեջ։ Այն անհրաժեշտ է ներքին օրգանների, հոդերի եւ ատամների առողջության համար, ինչպես նաեւ մասնակցում է հորմոնների մակարդակի կարգավորմանը։ Ֆոսֆորի 85 %-ը օրգանիզմում գտնվում է ոսկրերում եւ ատամներում, ինչը ապահովում է դրանց ամրությունը։ Կալցիումից հետո ֆոսֆորն իր պարունակությամբ ամենաշատն է մարդու օրգանիզմում։ Միջինում այն կազմում է 500-750 գրամ։ Ֆոսֆորի օգնությամբ օրգանիզմում առաջանում են այլ կարեւոր միացություններ, նուկլեինաթթուներ, ֆոսֆոլիպիդներ, ֆոսֆոպրոտեիդներ։ Հասուն մարդու ֆոսֆորի օրական պահանջը 800 մգ է։

Ֆոսֆորի քանակի անբավարարություն օրգանիզմում շատ հազվադեպ է հանդիպում։ Դա կարող է լինել բուսակերների մոտ, սակայն էլի շատ քիչ, քանի որ դժվար է գտնել որեւէ ուտելի բույս, որը ֆոսֆոր չի պարունակում։ Ֆոսֆորի անբավարարություն կարող է լինել, եթե կա այլ հանքային տարրերի ավելցուկ, այսինքն` օրգանիզմում կատարվում է նյութի յուրօրինակ դուրսմղում։ Ֆոսֆորի անբավարարությունը կարող է նպաստել հոդաբորբերի օստեոպարոզի զարգացմանը, մտավոր գործունեության թուլացմանը, հանգեցնել դեպրեսիաների։ Նման դեպքերում անպայման պետք է դիմել բժշկի՝ ճիշտ նշանակումներ ստանալու համար։

Ֆոսֆորի ավել քանակները պակաս խնդիրներ չեն առաջացնում։ Օրինակ՝ կարող են նպաստել երիկամաքարային հիվանդության առաջացմանը, լյարդի եւ աղիների գործունեության խաթարումների, վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման, մանր արյունազեղումների։ Օրգանիզմի համար ֆոսֆորի աղբյուր են կաթը, կաթնամթերքը, միսը, ձուկը, ձուն։ Ցավոք սրտի այժմ շատ տնտեսվարողներ սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են ֆոսֆատներ, որոնք որպես սննդային հավելումներ սննդամթերքը դարձնում են գրավիչ։ Օրինակ՝ օգտագործում են երշիկի արտադրության մեջ, այն դառնում է ավելի հյութեղ, ըմպելիքներում օգտագործում են որպես թթվության կարգավորիչներ։ Օգտագործվում են հրուշակեղենի արտադրության մեջ։ Նման սննդամթերքի չարաշահումները կարող են առաջացնել ֆոսֆորի ավելցուկային քանակներ, իսկ երբ ֆոսֆորի քանակը շատ է, այն դուրս է մղում կալցիումը ոսկրերից, բացի այդ, 2 տարրերն էլ օրգանիզմից հեռանում են երիկամների միջոցով` ծանրաբեռնելով դրանց աշխատանքը։ Ֆոսֆորի անբավարարություն կարող է լինել երիկամային հիվանդությունների, ցածր սպիտակուցային դիետաների, մեծ քանակությամբ գազավորված ըմպելիքներ օգտագործելու հետեւանքով։

Կալցիում

Օրգանիզմը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, մարդու ընդհանուր քաշի 1,2 տոկոսի չափով, որի 99 տոկոսը ոսկրային համակարգում է, 1 տոկոսը՝ արյան եւ միջբջջային հեղուկում: Կալցիումը կազմում է մեր ոսկրերի եւ ատամների հիմքը։ Մասնակցում է արյան մակարդման պրոցեսին, առանց կալցիումի պրոտրոմբինը չի վերածվում տրոմբինի, եւ արյունը չի կարող մակարդվել։ Կալցիումն անհրաժեշտ է կմախքային բոլոր մկանների, սրտամկանի կծկումների, ինչպես նաեւ նյարդաթելերով իմպուլսների փոխանցման եւ բջիջներում էներգիայի առաջացման համար։ Հասուն մարդը օրվա ընթացքում սննդի միջոցով պետք է ստանա 800-1100 մգ կալցիում, իսկ երեխաները, հղիները եւ կերակրող մայրերը՝ 1500 մգ։

Կալցիումի մեծ աղբյուր է կաթնամթերքը՝ կաթը, կաթնաշոռը, պանիրը, յոգուրտը, ինչպես նաեւ ընկուզեղենը եւ սերմերը. օրինակ՝ քունջութի, արեւածաղկի սերմերը, նուշը մեծ քանակությամբ կալցիում են պարունակում: Համեմատաբար կալցիումի պակաս քանակ են պարունակում միսը, կանաչեղենը։

Ի դեպ, կալցիումը դժվար յուրացվող տարր է, եւ օրգանիզմը կալցիումով ապահովելու հարցում ոչ թե կալցիումի բացարձակ քանակը նշանակություն ունի, այլ՝ թե ինչպիսի քանակական փոխհարաբերության մեջ է մյուս հանքային տարրերի, օրինակ՝ ֆոսֆորի եւ մագնեզիումի հետ: Մարդը կարող է սննդով կալցիում շատ ստանալ, բայց զարգանա կալցիումական անբավարարություն, նաեւ կարող է կալցիումի քիչ քանակ ստանալ եւ ընդհակառակը՝ անբավարարություն չառաջանա: Օրգանիզմում լավագույնս յուրացվում է կաթնամթերքում պարունակվող կալցիումը, քանի որ կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում փոխհարաբերությունն այնպիսին է, որն անհրաժեշտ է կալցիումի լիարժեք յուրացման համար: 0,5 լիտր կաթը կամ 100 գրամ պանիրը ապահովում են հասուն մարդու 1 օրվա կալցիումի պահանջը (800 մգ): Ընդհանրապես կալցիումի յուրացման համար անհրաժեշտ է վիտամին D, ֆոսֆոր, սպիտակուցներ, ճարպաթթուների եւ լեղաթթուների որոշակի համամասնություն։ Ոչ բավարար ճարպային սննդի կամ ընդհակառակը՝ շատ ճարպոտ սննդի դեպքում կալցիումի յուրացումը զգալիորեն տուժում է։ (Օպտիմալ համադրությունը սննդում համարվում է՝ 1 գրամ ճարպ- 10 մգ կալցիում)։

Կալցիումի յուրացման աստիճանը նվազեցնում են նաեւ որոշ օրգանական թթուներ, օրինակ՝ թրթնջկաթթուն, որը պարունակվում է թրթնջուկի եւ սպանախի մեջ։ Այն միանալով կալցիումին՝ առաջացնում է կալցիումական անլուծելի աղեր։ Կալցիումի յուրացման հարցում կարեւոր են հացազգիները եւ ոլոռազգիները, որոնք պարունակում են ֆիտիններ կոչվող նյութը: Դրանք օրգանիզմում միանալով կալցիումին՝ առաջացնում են չլուծվող միացություններ, եւ կալցիումը հեռանում է օրգանիզմից: Որպեսզի ֆիտինների քանակը նվազեցվի, հաճախ խորհուրդ է տրվում հացազգիները եւ ոլոռազգիները թրջել եւ ենթարկել ջերմային մշակման:

Կալցիումը օրգանիզմում գտնվում է 3 ձեւով՝ ազատ կալցիում, որը կոչվում է իոնիզացված կալցիում եւ կազմում է ընդհանուր կալցիումի 50%-ը, երկրորդ՝ արյան սպիտակուցների հետ կապված կալցիում՝ 40% եւ անիոնային կոմպլեքսների մեջ՝ 10%: Օրգանիզմում ամենակարեւոր ցուցանիշ է իոնիզացված կալցիումի քանակը, որը շրջանառվում է արյան մեջ եւ ակտիվորեն մասնակցում է բջիջներում կալցիումի փոխանակությանը: Կալցիումի ընդհանուր քանակը արյան մեջ նորմայում կազմում է 2,2-2,5 մմոլ/լ, իսկ իոնիզացված կալցիումը 1,15-1,12 մմոլ/լ:

Կալցիումի պակաս

Եթե օրգանիզմում կալցիումի քանակը պակասում է, ապա նա չի կարող չարձագանքել դրան։ Օրգանիզմն ինքը ամեն ինչ վերահսկում է։ Երբ կալցիումի քանակը արյան մեջ պակասում է, նա «բացում է իր պահեստները», այսինքն՝ սկսում է ոսկրերից կալցիում տանել, որ լուծի իր կենսագործունեության համար առավել առաջնային հարցեր։ Եվ ամենացավալին այն է, որ սա հնարավոր չէ անմիջապես նկատել, իսկ հետեւանքներն աղետալի են՝ ոսկրային հյուսվածքի եւ ատամների թուլացում, օստեոպարոզ, մազերի եւ եղունգների շերտազատում, նյարդային եւ սիրտ-անոթային համակարգի գործունեության վատացում, ալերգիկ ռեակցիաների հաճախացում, անքնություն։

Կալցիումի պակասի պատճառ կարող են լինել.

v Երբ օրգանիզմը սննդով քիչ է կալցիում ստանում: Օրինակ՝ այդ առումով վտանգի տակ են բուսակերները, վեգանները, ովքեր հրաժարվում են կաթնամթերքից, ինչպես նաեւ կաթնաշաքարի (լակտոզա) հետ անհամատեղելիություն ունեցող անձինք, ովքեր չեն կարողանում մարսել կաթ, պանիր։

v Վիտամին D-ի պակասի դեպքում, քանի որ կալցիումի յուրացումը կախված է վիտամին D-ի քանակից։ Վիտամին D-ի բնական աղբյուրները շատ քիչ են, ոչ մի բուսական սնունդ վիտամին D չի պարունակում։ Միակ աղբյուրը կենդանական ծագման սննդամթերքն է՝ ձկան յուղ, ձվի դեղնուց, կաթի ճարպ, լյարդ։ Եվ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնց ազդեցության տակ օրգանիզմում առաջանում է վիտամին D։ Այդ իսկ պատճառով ելնելով իրավիճակից, բժիշկները նշանակում են վիտամին D։

v Երեխաների եւ դեռահասների մոտ մեծանում է կալցիումի պահանջը, քանի որ գտնվում են աճի եւ զարգացման ակտիվ փուլում։ Նրանց կալցիումն անհրաժեշտ է ոսկրային համակարգի, ատամների եւ եղունգների ձեւավորման համար։

v Կանանց դաշտանադադարի շրջանում, երբ օրգանիզմում պակասում են էստրոգեն հորմոնները, համապատասխանաբար ոսկրերից հեռանում է կալցիումը եւ դժվարանում է նրա յուրացումը։ Այս ընթացքը վտանգավոր է օստեոպարոզի առաջացման առումով եւ հարկավոր է գտնվել բժշկի հսկողության տակ։ Կալցիումի քանակի մասին պատկերացում կազմելու համար հարկավոր է դիմել բժշկի եւ հանձնել արյան անալիզ։

v Եթե սկսել եք վատ քնել, մտածեք կալցիումի մասին։ Այն մասնակցում է քնի հորմոնի՝ մելատոնինի սինթեզին։ Քնի խորը փուլի ընթացքում մեծանում է կալցիումի պահանջը։ Հետեւեք սննդի ռացիոնին եւ հանձնեք արյան անալիզ։

Պակաս վտանգավոր չէ նաեւ կալցիումի ավել քանակը՝ հիպերկալցեմիան։ Դրան կարող են նպաստել.

v երիկամային հիվանդությունները, երբ կալցիումն օրգանիզմից քիչ է արտազատվում, եւ արյան մեջ քանակը բարձրանում է,

v կալցիումի պրեպարատների երկարատեւ օգտագործումը,

v հարվահանաձեւ գեղձի մեծացումը։ Կալցիումի բարձր քանակների պատճառով կարող են առաջանալ սրտի ռիթմի խանգարումներ, սրտխառնոց, փորկապություն, հաճախամիզություն, գերհոգնած վիճակ, երիկամաքարային հիվանդություն։

Մագնեզիում

Մագնեզիումը օրգանիզմում ավելի քիչ քանակությամբ է գտնվում, քան կալցիումը։ Մագնեզիումի ընդհանուր քանակը մեր օրգանիզմում կազմում է մոտ 25 գրամ։ Այն մասնակցում է բազմաթիվ բիոքիմիական պրոցեսների։ Պատասխանատու է սրտամկանի եւ արյունատար համակարգի անխափան գործունեության համար։ Առանց մագնեզիումի կալցիումը եւ B խմբի վիտամինները չեն յուրացվի օրգանիզմում, իսկ կալցիումի աղերը կնստեն արյունատար անոթների պատերին՝ դժվարացնելով նրանց աշխատանքը։ Մագնեզիումն օգնում է յուրացնել գլյուկոզան, մասնակցում է սպիտակուցների սինթեզին, ունի անոթալայնիչ հատկություն, կարգավորում է նյարդային համակարգի հաղորդչականությունը։

Մագնեզիումը համարվում է սրտի համար ամենակարեւոր հանքային տարրը։ Ունի արյան ճնշումն իջեցնող ազդեցություն, խոչընդոտում է աթերոսկլերոզի առաջացմանը։ Ունի հակառիթմիկ հատկություն։ Մասնակցում է խոլեսթերինի քանակի կարգավորմանը։ Թուլացնում է մկանային լարվածությունը։ Մագնեզիումով հարուստ է բուսական սնունդը՝ դդումի կուտերը, քունջութը, լոբին, ոլոռազգիները, հնդկացորենը, բրինձը, մուգ կանաչ գույնի բանջարեղենը, բանանը, սեւ սալորաչիրը, ծիրանաչիրը։ Մարդու համար օրվա պահանջը 350-400 մգ է։ Սննդից մագնեզիումը օրգանիզմում յուրացվում է առավելագույնը 30-40 %-ով։ Մագնեզիումի յուրացմանը խանգարում են գազավորված ըմպելիքները, ինչպես նաեւ կոֆեին եւ ալկոհոլ պարունակող ըմպելիքները, որոնք ունեն միզամուղ ազդեցություն եւ օրգանիզմից հեռացնում են հանքային նյութերը:

Ցինկ

Հասուն մարդու օրգանիզմում պարունակվում է 2-3 գրամ ցինկ, որի մեծ մասը կենտրոնացված է ոսկրերում եւ մկաններում։ Ցինկի քանակը համեմատաբար բարձր է սերմնահեղուկում եւ շագանակագեղձում, ինչպես նաեւ արյան կարմիր գնդիկներում։ Որոշ տվյալների համաձայն, երկաթից ոչ պակաս ցինկի մասնակցությունը մեծ է արյունաստեղծման գործում։

Ցինկն անհրաժեշտ է.

v մոտ 300 ֆերմենտների գործունեությունն ապահովելու համար,

v մասնակցում է սպիտակուցների, սպեցիֆիկ հորմոնների (ինսուլին, կորտիկոստերոիդներ, տեստոստերոն) բիոսինթեզին,

v մասնակցում է իմուն համակարգի լիարժեք պատասխանին, ուժեղ իմունոխթանիչ է,

v ապահովում է նորմալ աճի եւ զարգացման պրոցեսները։ Անհրաժեշտ է սեռական գեղձերի նորմալ ֆունկցիայի համար,

v ուժեղ հակաօքսիդանտ է, v մասնակցում է ոսկրերի, մաշկի, մազերի, եղունգների առողջության պահպանմանը։

Ցինկի օրվա պահանջը կազմում է 10-15 մգ, միջինում օրգանիզմը սննդի միջոցով ստանում է մինչեւ 30 մգ ցինկ, քանի որ տարբեր սննդամթերքներ՝ միսը, բանջարեղենը, հացամթերքները, պանիրը, ձկնեղենը, ձուն, ընկուզեղենը ցինկ են պարունակում:

Սովորական սննդակարգի դեպքում ցինկի անբավարարություն գրեթե չի հանդիպում։ Առաջին անգամ ցինկի անբավարարություն նկարագրվել է 1960-ական թվականներին Հարավ-արեւելյան Ասիայում եւ Աֆրիկայի հարավում։ Հիմնականում դա կապված է չբալանսավորված սննդի հետ, երբ ռացիոնում գերակշռում են հացամթերքները, որոնց պարունակության մեջ գտնվող ցինկը դժվար է յուրացվում օրգանիզմում։

Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ

Հոդվածը լույս է տեսել «TV ալիք» շաբաթաթերթի թիվ 28-29 համարներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31