«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները նստացույց են սկսել Կենտրոնական բանկի դիմաց։ Նրանք եկել են քնապարկներով, և պատրաստվում են այդտեղ մնալ մինչև խնդրի լուծում ստանալը։
Նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք ամիսների ընթացքում պահանջ են ներկայացրել, սակայն որևէ տեղաշարժ չկա․ «Մենք պետք է վճռական կերպով գնանք մինչև վերջ, և այստեղ լինելու ենք օրը 24 ժամ, և մեր նստացույցը նույնպես անժամկետ է՝ մինչև մեր հարցի լուծումը վերջնական ստանանք։ Նստացույցի նպատակը հետևյալն է, որ այս տարածքում հավաքվեն հազարավոր մարդիկ և ապացուցեն, որ վարկային այդ թալանը միասնական կարողանալու ենք կանգնեցնել։ Այսօր մարդիկ կորցնում են տներ, մեքենաներ, և անտարբերության է մատնված այդ հարցը։ Դիմել ենք նամակներով և դիմումներով, բայց չկա կոնկրետ տեղաշարժ, գործողություն։ Սպասելու տեղ և ժամանակ չկա, որովհետև մարդը չի կարող առանց տուն ապրել, մարդը չի կարող իր երեխայի հացի գումարը տալ վաշխառուներին և տանը պարապ նստել»։
Նրա խոսքով՝ ժողովուրդը պարտավոր չի մնալ վարկային բեռի ծանրաբեռնվածության տակ, մանավանդ կորոնավիրուսի պայմաններում․ «Ամենակարևոր և առաջին պահանջը՝ մեկ տարի վարկային արձակուրդն է։ Քաղաքացին այսօր շատ ծանր իրավիճակում է, և նրան ուշքի գալու համար ժամանակ է պետք։ Հետո, այն վարկային կազմակերպությունները, որ այս արտակարգ դրության ժամանակ ժողովրդին հոգեբանորեն ճնշել են, և իրենց բարձր տոկոսների արդյունքում մարդկանց թալանել են, դրանք պետք է միանշանակ փակվեն»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ