Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երևանը չի անում անհետաձգելի դիվանագիտական, ռազմաքաղաքական քայլեր, որոնք կամրապնդեին Հայաստանի դիրքերը, կնպաստեին հավասարակշռության պահպանմանը. Այլընտրանքային նախագծեր

Օգոստոս 17,2020 11:18

Հայաստանի մասին՝ առանց  Հայաստանի. Ինչպես են ձևավորվում պատմական ռիսկերը

 Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունները տարածաշրջանում նոր պրոցեսների սկիզբ են դրել։ Իշխանության անլրջության պատճառով Հայաստանը վերածում է սակարկության առարկայի։

Սրանք շատ ավելի երկարատև ազդեցության են և ռիսկերի շատ ավելի զգալի պաշարով, քան՝ մեկ բարձունքի թեման։ Ցավոք, Հայաստանում գրեթե չկա խնդրի  ամբողջական ընկալման լրջությունը։ Համենայնդեպս չկա որևէ ցուցիչ, թե իշխանությունը համարժեքորեն ընկալում է իրականությունը, նույնը, իհարկե, վերաբերում է լայն զանգվածներին, որոնց ոչ ոք չի բացատրում ռիսկերը։Ամենամտահոգիչն այս պայմաններում Հայաստանին վերաբերող զարգացումներում Հայաստանի բացակայությունն է։ Հետևենք փաստերին.

Հուլիս 17-ին Վլ.  Պուտինը հրավիրում է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները ծայրահեղ անհանգստություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների կապակցությամբ։ ՌԴ նախագահը չի շփվում ռազմական բախման մեջ գտնվող իր ռազմավարական գործընկերոջ հետ։

Նույն նիստի ժամանակ Վլ.Պուտինը տեղեկացրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Դժվար չէ ենթադրել, որ ՌԴ և Իրանի նախագահների օրակարգում եղել է (կամ՝ եղել է նաև) հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Ռուսաստանը հուլիսի 17-ին սկսում է զորքերի հանկարծակի ստուգումներ, մարտական վիճակի են բերվում մի շարք զորամիավորումներ, որոնց մեջ ներառված են նաև Հարավային օկրուգի զորամիավորումները։

Հուլիսի 18-ին Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը հեռախոսազրույց է ունենում ՌԴ ՊՆ Շոյգուի հետ՝ հավաստիանալու համար, որ ռուսական զորքերի հրատապ մարտական վիճակի բերվելը ընդդեմ Ադրբեջանի չէ։

Հուլիսի 24-ին ևս մեկ անգամ Պուտինը հրավիրում է ՌԴ անվտանգության խորհրդի նիստ, և դարձյալ օրակարգում հայ-ադրբեջանական սահմանի վիճակն է։

Վլ. Պուտինը  երկու անգամ՝ հուլիսի 13-ին եւ 27-ին հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ չի կարելի թույլ տալ, հանդուրժել գործողություններ, որոնք կհանգեցնեն հակամարտության թեժացմանը:

Հուլիսի 29-ից Նախիջևանում՝ Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա, սկսվում են աննախադեպ ծավալի թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժություններ։

Հուլիսի 12-ից սկսած Թուրքիային նախագահը և պաշտպանության նախարարը պարբերաբար հայտարարում են, որ Թուրքիան բոլոր միջոցներով 24 ժամ Ադրբեջանի կողքին է։Նախիջևանում թուրքական մշտական ռազմաբազայի հնարավորությունը այլևս խիստ իրատեսական է։  Թուրքիան անթաքույց և ագրեսիվ  հայտ է ներկայացնում՝ ուղղակիորեն ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում։

Զուգահեռաբար՝ Ադրբեջանը սկսում է անթաքույց ճնշումներ այն երկրների վրա, ովքեր Հայաստանին զենք են վաճառել։ Հիմնական ուղղությունները՝ Սերբիա և Ռուսաստան։

Օգոստոսի 7-ին Ալիևը հեռախոսազրույց է ունենում Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի հետ։ Սերբիան բարձրաստիճան պատվիրակություն է ուղարկում Ադրբեջան։

Օգոստոսի 12-ին Պուտինը հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական լարվածությունը։ Ուշագրավ է, որ հեռախոսազրույցի վերաբերյալ ռուսական և ադրբեջանական հաղորդագրություններում կան էական տարբերություններ։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Ալիևը իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարման հարցում։

Ամփոփում

Հուլիսի 12-ից սկսած մեր շուրջը իրադարձությունները զարգանում են աննախադեպ ինտենսիվությամբ։ Ակնհայտ է, որ մեծ լարվածություն է կուտակվում մեր շուրջը։ Հայաստանն այս ամեն ինչից բացակա է։

Հայաստանը ակնհայտորեն չունի Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության լիարժեք խողովակ։ Սա երևում է անզեն աչքով։ Եթե այս լարվածության պահին չկա առաջին դեմքերի միջև կոնտակտ, դա նշանակում է, որ գործ ունենք խորը ճգնաժամի հետ։

Հայաստանում այս ողջ ընթացքում չի հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ, ինչը չափազանց կարևոր է թե արտաքին աշխարհի,թե սեփական հասարակությանը լուրջ ուղերձներ հղելու համար. սա կարևոր է իրավիճակի ողջ ռիսկայնությունը որպես օրակարգի թիվ 1 խնդիր ձևակերպելու համար։

Պաշտոնական Երևանը կորցնում է չափից դուրս թանկ ժամանակ, պաշտոնական Երևանը չի անում անհետաձգելի դիվանագիտական, ռազմաքաղաքական քայլեր, որոնք կամրապնդեին Հայաստանի դիրքերը, կնպաստեին հավասարակշռության պահպանմանը։ Իշխանական էլիտան  զբաղված է երկրորդական թեմաներով և ընտանեկան սելֆիներով։ Ստեղծվում է խիստ մտահոգիչ վիճակ, կուտակվում են մեծ ռիսկեր, և դարձյալ ողջ ծանրաբեռնվածությունը իշխանությունը  թողնում է բանակի վրա, ինչն անթույլատրելի է։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31