Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանը 2017 թվականին «ԵԼՔ» դաշինքի համակիրների հետ ունեցած միջադեպի գործով դատարանի վճռով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, նրա նկատմամբ կիրառվել է համաներման վերջին ակտի համապատասխան դրույթը եւ ազատվել է ազատազրկման ձևով պատժից:
Ըստ դատավճռի՝ Արթուր Այվազյանը կատարել է իրեն մեղսագրված երկու հանցավոր արարքները: ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի՝ խուլիգանության համար նա ենթակա է քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատման՝ վաղեմության ժամկետը լրանալու հետ կապված:
Այվազյանին մեղսագրված երկրորդ արարքի՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներման վերջին ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է ազատազրկման ձևով պատժից:
Արթուր Այվազյանի պաշտպանը բողոքարկել է դատարանի վճիռը:
Կարդացեք նաև
«Մեզ չգոհացրեց այն, ինչ գրված է, խուլիգանություն, որպես այդպիսին չկա, որովհետեւ եթե ինչ-որ մի հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, փոխադարձ հարվածներ կամ քաշքշուկ են հասցրել միմյանց, դա դեռ խուլիգանություն չէ, խուլիգանությունն ունի անհրաժեշտ բաղադրիչներ, որոնք այս դեպքում գոյություն չունեն: Ինչ վերաբերում է զենքին, զենքի հետ կապված կտրականապես համաձայն չենք դատարանի գնահատականների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Մեր հարցին՝ այսինքն, Այվազյանը զենք չի՞ կրել, փաստաբանը պատասխանեց. «Ես այնտեղ չեմ եղել, որ իմանամ, ունեցել է, թե՝ ոչ: Ինքը պնդում է, որ չի ունեցել, ապացույցներ, որի հիման վրա դատարանը նման վճիռ կայացրեց, ես այս գործով չեմ տեսնում»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Այվազյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, 2017 թվականի մարտի 31-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում Երևանի Անդրանիկի փողոցի 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքվորված ինքնաշեն, ակոսափող, թմբուկավոր՝ հրազեն հանդիսացող ատրճանակ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ