Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» կառավարման խորհուրդը, տնօրենը և մանկավարժական խորհուրդը՝ 250-300 հոգանոց և Մխիթար Սեբաստացի կրթական համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը և տեղեկացրել են կառավարությանը, որ կրթահամալիրի իրավակազմակերպական ձևը ցանկանում են փոխել: Հիմա կրթահամալիրը պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ՊՈԱԿ), ցանկանում է դառնալ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամ: Նշենք, որ այս օրերին ֆեյսբուքյան օգտատերերը մտահոգություն են հայտնում այն առիթով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով պահանջել է, որպեսզի Աշոտ Բլեյանը 65-ամյակը նշելուն պես հեռանա տնօրենի պաշտոնից: Ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների» ՊՈԱԿ մասին օրենքի՝ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին»:
Aravot.an-ը այս առիթով պարզաբանում ստացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Մեզ ուղարկված գրավոր պարզաբանմամբ նշվում է. «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Բլեյանին օրենքով սահմանված կարգով ուղարկվել է ծանուցում բոլոր այն դեպքերի պես, երբ պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Հարկ ենք համարում նաև նշել, որ վաղը խորհրդի անդամները և պարոն Բլեյանը հրավիրվել են նախարարություն և կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ