Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին

Օգոստոս 16,2020 15:30

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Պատարագիչ Սրբազանը, ներկայացնելով տոնի խորհուրդը, ընդգծեց, որ դեռատի օրիորդ Մարիամն իր կամքը հնազանդեցրեց Տիրոջ հորդորին, և երբ ժամանակը եկավ, դարձավ Աստվածամայր, լույս աշխարհ բերեց մարդկության Փրկչին՝ կրելով բոլոր դժվարությունները, և յոթ վերքերը չսպիացած, ապրեց մեր փրկության համար իր զավակի խաչ բարձրանալու առաքելության գիտակցումով։

«Մարդկային կյանքը գեղեցկանում և իմաստ է ստանում հիշողություններով` բարի, արժանավայել կյանքի և գործերի մասին վերապրումով։ Աստվածապարգև կյանքը երկրային բարիքների վայելքը չէ միայն, այլ դրանք ստեղծելու և բացառապես ի բարիս գործածելու կարողությունն ու կամքը։ Աստծու առաջ ամենքս, բոլորս հավասար ենք, սակայն տարբեր է մեր առաքելությունը` ուսուցանել, քարոզել, ստեղծել, կռվել, բժշկել, ղեկավարել, որից չպետք է շեղվենք՝ գայթակղվելով փառասիրությամբ, հպարտությամբ, արծաթսիրությամբ։ Մաքո՛ւր պահենք մեր սրտերը և մեր աղոթքները, խնդրանքներն ու հայցվածները Նրան ուղղելիս չփորձենք «զմտաւ ածել», որ առավելության դույզն ինչ հնարավորություն ունենք։ Խոնարհենք մեր հայացքը` մտքի աչքերն առ Աստված ուղղելով։ Հնազանդեցնենք մեր կամքը, բարին, օգտակարը, ճշմարիտը կատարելու և լավը դառնալու հաստատուն համոզումով»,- ասաց Մուշեղ եպիսկոպոսը՝ հաստատելով, որ զորությունների Տերը, Արարիչն ամենայն շնչավորների ու անշունչների, խաղաղ սրտի իղձերին կյանք պիտի պարգևի և իրականություն դարձնի բոլոր աղոթքներն ու հայցվածները։

Սրբազան Հայրը խոսեց նաև Հայոց Եկեղեցում կատարվող Խաղողօրհնեքի նշանակության մասին՝ ի մասնավորի ամրագրելով. «Մենք, քրիստոնյաներս, որպես տարվա բերքի խորհրդանիշ, օրհնելու նպատակով ընտրեցինք խաղողը, քանի որ մեր Տերը, Հիսուս Քրիստոս խաղողի որթը պատվեց հայտարարելով, թե «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհաննես 15:1)։ Այդ որթատունկի պտղի՝ խաղողի հյութն էր, որ Հիսուս օրհնեց «որպես Նոր Ուխտի» Իր արյուն (Մատթեոս 26:28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից և նոր կյանք ստացանք»։
Վերջում Մուշեղ Սրբազանը հորդորեց ամենքին ապրել Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ ու հայցվածով, շարունակել հավատալ և հուսալ ու սիրել հայրենի երկիրն ու մեկս մեկու և խնդրել` «Փառավորյալ և օրհնյալ միշտ Սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»։

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի, Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:
Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31