Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զավեշտալի է նման նվնվոցը՝ հաշվի առնելով ՝ ինչ չափի սպառազինություն է Ադրբեջանը ստացել Ռուսաստանից». Կարեն Վրթանեսյանը՝ Իլհամ Ալիևի դժգոհության առիթով

Օգոստոս 16,2020 14:31

«Սա նվնվոց է Իլհամ Ալիևի կողմից, որի նպատակն է իր դժգոհությունը հասցնել ռուսական կողմին, փորձել ինչ-որ չափով հաջորդ անգամ գուցե հայ-ռուսական՝ նման համագործակցությանը խանգարել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհության արտահայտմանը, թե վերջին շաբաթներին Ռուսաստանի կողմից Հայաստան 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարվել, այսպիսի կարծիք հայտնեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք՝ այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների հարցը քննարկելու նպատակով, մինչդեռ Կրեմլի մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, սպառազինության մատակարարումների շուրջ քննարկումները հիշատակված չեն։

Կարեն Վրթանեսյանը վստահեցրեց՝ չի կարծում, որ Իլհամ Ալիևի՝ այդպիսի դժգոհությունն ինչ-որ լուրջ ազդեցություն կթողնի ռազմական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Ալիևի նման դժգոհությունն սպառազինությունների մատակարարման շուրջ ադրբեջանա-ռուսական նոր գործարքի քաղաքական հիմնավորումը լինել, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Նախ 400 տոննան մեծ, ահռելի բան չէ, եթե անկեղծ լինենք: Ինչ- որ համագործակցություն է, ի դեպ վստահաբար չի կարելի պնդել, որ նման համագործակցությունը որևէ կերպ կապված էր հուլիսյան մարտերի հետ: Կարող է կապված էր, կարող է՝ ոչ: Նման նվնվոցը շանտաժի տեսակ է, որի նպատակը հետո բոնուսներ քաղելն է: Առավել ևս, զավեշտալի է նման նվնվոցը՝ հաշվի առնելով ՝ ինչ չափի սպառազինություն է Ադրբեջանը ստացել ՌԴ-ից, ու մինչև հիմա էլ ստանում է ռազմամթերք: Հիշեցնենք՝ այդ ստացած զենքի խմբաքանակն իրենք ցուցադրաբար մի քանի անգամ մամուլով շրջանառում են ամեն կերպ՝ մեզ ուղերձ հասցնելով, թե տեսեք՝ ՌԴ-ն մեզ զենք է վաճառում: Այդ ֆոնին այսպիսի դժգոհությունները ինչ-որ ֆարս են իրականում, որի նպատակն այդ նվնվոցով ինչ-որ բոնուսներ ստանալն է»:

Ըստ ռազմական հարցերով փորձագետի՝ հայ-ռուսական հարաբերությունները ռազմական ոլորտում ավելի շատ կախված են ՀՀ-ի ու ՌԴ-ի քայլերից, քան ռուսների՝ Ալիևին հաճոյանալու մղումից: Մեր զրուցակիցը չի կարծում, որ այս դեպքում Ալիևի դժգոհությունները շատ մեծ դեր են խաղում: Առավել ևս, ինչպես տեսել եք՝ Կրեմլի կայքում այդ խոսակցությունը լրիվ այլ շեշտադրումներով է ներկայացված և, օրինակ, այնտեղ ընդհանրապես Ալիևի դժգոհությունը սպառազինության մատակարարումից նշված չէ:

Ամփոփելով Կարեն Վրթանեսյանն ասաց, որ ուսական կողմը, եթե անգամ լսել է այդ դժգոհությունները, գոնե հայտարարության մակարդակով դրանց լուրջ արձագանք չի տվել: Դրանք բավականաչափ ծանրակշիռ չի համարել գոնե հայտարարությունների մակարդակով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31