Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհարգալից վերաբերմունք է դրսևորվել կրթության նախարարության կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ». Անահիտ Բախշյան

Օգոստոս 15,2020 21:40

«Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է չափորոշչի փակ քննարկմանը՝ մինչև հանրայնացումը»,- Aravot.am-ին գրավոր այսպիսի պարզաբանում ներկայացրեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը:

Հիշեցնենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձանագրեց, որ «հակառակ ԿԳՄՍ նախարարության հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, Հայոց եկեղեցին գործնականում որևէ կերպ չի ընդգրկվել չափորոշիչների մշակման գործընթացում: Ավելին` հրապարակված չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ և ժամանակագրական սխալներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումներին ու պնդումներին` տարրալուծման ճանապարհով դուրս է բերվել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի գերակշիռ մասը»:

Օֆելյա Կամավոսյանը նշեց, որ եկեղեցուն մինչև հանրայնացումը տրամադրվել է չափորոշչի նախագիծը՝ դիտարկման համար։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին նաև տեղեկացվեց, որ Հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ առկա մտահոգությունները ենթախմբի կողմից 2020 թվականի հուլիսի 10-ի  թվակիր նամակով փոխանցվել են ԿԳՄՍ նախարարությանը, որը, սակայն, առ այսօր մնացել է անպատասխան: Այս առիթով Օֆելյա Կամավոսյանի գրավոր պարզաբանման մեջ նշված է. «Ինչ վերաբերում է Ձեր նշած գրությանը, ապա դրան օգոստոսի 10-ին պաշտոնապես պատասխանվել է։ Եթե կարիք կա, կարող ենք վերջին փաստը հավաստող սքրինշոթեր տրամադրել Ձեզ»:

Օֆելյա Կամավոսյանը նաև ներկայացրեց սքրինշոթը:

Aravot.am-ը Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց՝ եկեղեցու՝ այս մակարդակով ներգրավվածության պարագայում հնարավո՞ր է ակնկալել, որ առարկայական այս չափորոշիչը բավարար կլինի դպրոցում Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման համար, նա պատասխանեց. «Բավարար համարել չի կարելի, և Հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ ուսումնական պլանից հանելու այդ սևեռուն գաղափարը իրականացվել է՝ փաստորեն շրջանցելով եկեղեցուն: Ես չեմ կարող կասկածի տակ դնել եկեղեցու հայտարարության մեջ գրվածը, որ իրենք չեն եղել այդ հանդիպումներում, իսկ եթե դրանք չեն եղել, այդտեղից եզրակացություն, որ դա եղել է սևեռուն նպատակ հայ եկեղեցու պատմություն առարկան անկախ ամեն ինչից հանել, որին անձամբ դեմ եմ եղել: Այդ սևեռուն գաղափարը ինչով է պայմանավորված՝ դա արդեն պետք է նախարարին, նախարարությանը հարցնել»:

Անահիտ Բախշյանը հայտարարեց՝ դեմ չէ, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի բովանդակությունը իրոք շատ ճշգրտորեն այն չէր, ինչ մեր երեխաներին պետք էր տալ: Նա նշեց՝ միշտ ասել է, որ դրա բովանդակության մեջ փոփոխություն պետք է լինի ու մանրամասնեց. «Եվ այս առարկան, որ մտցրին Հայոց պատմություն առարկայի ծրագրի մեջ, ես նայել եմ 7-9-րդ դասարանների հայոց պատմություն առարկայի չափորոշիչները: Այդ չափորոշիչներով Հայ եկեղեցու պատմությանը նվիրված ընդամենը յոթ ժամ կա: Իսկ Հայ եկեղեցու պատմություն առարկան շատ ավելի համապարփակ էր անդրադառնում և′ մեր դավանանքին, և′ մեր ինքնությանը, հատուկ արժեքներին, և′ մեր քրիստոնեական տոներին, դրանց մեկնաբանությանը, նշանակությանը և այլն: Ես կարծում եմ, որ պարզապես անհարգալից վերաբերմունք է դրսևորվել կրթության նախարարության կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»:

Փաստեցինք, որ ԿԳՄՍՆ-ից պարզաբանում են, որ չափորոշչի փակ քննարկմանը եղել է Հայ եկեղեցու ներկայացուցիչ և հարցին՝ դա բավարա՞ր ներկայացվածություն է, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ես էլ եմ եղել այդտեղ և տեսել եմ, որ Հայր Զաքարիան էլ է ներկա: Բայց այդ քննարկմանը տրվում է մեկ- երեք րոպե, և մենք քննարկեցինք չափորոշիչների մասին փաստաթուղթը, ոչ թե առարկայական չափորոշիչները: Դա հիմնական փաստաթուղթն էր, որտեղ չափորոշիչների նոր տրամաբանությունն է դրված, կարողունակությունների հիման վրա գրված չափորոշիչները: Դա այն տեղը չէր, որ հայր Զաքարիան բարձրացներ այդ հարցը՝ հայ եկեղեցու պատմություն առարկայական չափորոշիչը կա, թե՝ ոչ, չնայած ինքը կարող էր այդ հարցը տալ, բայց ինքը ոչինչ չի խոսել: Կարծում եմ՝ դա այն տեղը չէր և նպատակահարմար չէր, որ հայր Զաքարիան բարձրաձայներ այդ հարցը: Դա միակ անգամն է եղել, որ Հայր Զաքարիան հրավիրվել է. նախորդ հանդիպումներին էլ եմ ես եղել, բայց նա չի եղել»:

Հստակեցմանը՝ ինչպիսի՞ն պետք է լինի եկեղեցու ներգրավվածությունը, որ դա լինի բավարար և արդյունք տա, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Մեկ անգամ չէ, որ եկեղեցին հայտարարել է՝ եկեք նստենք սեղանի շուրջ և քննարկենք հայ եկեղեցու պատմության առակայի ճակատագիրը: Նրանք նույնիսկ առաջարկել են՝ եկեք սեղանի շուրջ նստենք, քննարկենք, գուցե մեր առաջարկները, մտահոգությունները և այն գաղափարները, որ ուզում ենք դնենք, բերենք մի այնպիսի ընդհանուր հայտարարի, որը ոչ սա լինի, ոչ նա, բայց լինի ավելի կարևոր, արժեքավոր երեխաների համար: Այդ համատեղ քննարկումը անձամբ նախարարի հանձնարարությամբ պիտի լիներ նախարարության և եկեղեցու միջև և օրակարգում հարցը, թե հայ առաքելական եկեղեցու պատմությունը ինչպես պիտի մատուցվի մեր երեխաներին: Այդ քննարկմանը պիտի որոշվեր՝ դա առանձին առարկայով մատուցել, թե՞ հայոց պատմության մեջ, ինչպես, ինչ ծավալով, ինչը կարևորվի, ինչը ինչից հետո, ժամանակագրությունը: Եթե այդ քննարկումը լիներ, եկեղեցին այդ գործընթացից այդպես վիրավոված չէր լինի»:

Հարցին՝ ի՞նչ կարելի է անել, որ ի շահ դպրոցի, աշակերտի այս իրավիճակից դուրս գանք, և բոլոր կողմերն էլ գոհ լինեն, նա պատասխանեց. «Ուշ չէ, քանի դեռ առարկայական չափորոշիչներն էլ հաստատված չեն, գալ մի սեղանի շուրջ՝ նախարարություն և եկեղեցի և ասել՝ եկեղեցին ինչպես է տեսնում այս առարկայի դասավանդումը, չափորոշիչը կամ առարկայի հետ կապված ինչն է կարևորում, որ պիտի մտնի դպրոց, ինչ դասագիրք, ինչ չափով, հայոց պատմության մեջ երբ մտնում է՝արդյոք դրա հետ եկեղեցին համաձա՞յն է, թե՝ ոչ կամ ինչի՞ հետ համաձայն չէ և ինչ փոփոխություններ է առաջարկում: Պիտի նստեն մեկ սեղանի շուրջ, որի մասին ինչքան ժամանակ է լսում եմ եկեղեցու կողմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31