Օրերս Covid 19-ից մահացել է Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը։
Նա ամեն տարի առնվազն երկու անգամ այցելում էր հայրենիք՝ բացառապես անվճար տարաբնույթ վիրահատություններ կատարելով։ 1988 թվականին՝ աղետալի երկրաշարժի ժամանակ բժիշկ-բարեգործն աշխատում էր Քուվեյթում, հենց այդ թվականից էլ նա սկսել է բարեգործական աշխատանքը հայրենիքում։ Բարդ ու բավական թանկ արժեցող վիրահատություններն անվճար իրականացնելուց բացի, բժիշկը նաև վերապատրաստում էր տեղի մասնագետներին։
Բազմաթիվ հիվանդների փաստմամբ, վիրահատվելուց մի քանի օր անց իրենք ընդմիշտ մոռանում էին հիվանդության ու վիրահատության մասին, նույնիսկ հետքերը չէին մնում։
Գյումրի բժշկական կենտրոնը, որտեղ նա բազմաթիվ վիրահատություններ է իրականացրել, տարածել է մամլո հաղորդագրություն․
Կարդացեք նաև
«Հիվանդության պատճառով կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ, սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը:
Ջանի Հադաթը 1988 թվականից իր բժշկական թիմով բարեգործական վիրահատություններ է կազմակերպել Գյումրիում եւ Հայաստանի ու Արցախի բժշկական կենտրոններում՝ առողջապահության նախարարության թույլտվությամբ։
Ջանի Հադաթը շուրջ 40 բարեգործական ծրագիր է իրականացրել, որոնց մեծ մասը Գյումրու բժշկական կենտրոնում: Դրանց արդյունքում հնարավոր է եղել փրկել տասնյակ կյանքեր։
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը եւ աշխատակազմը խորապես ցավում են անվանի բժշկի անժամանակ մահվան կապակցությամբ։ Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավարությունը մշտապես բարձր է գնահատել Ջանի Հադաթի հայրենանվեր գործունեությունը, քանի որ բարեգործական ծրագրերի շրջանակում Գյումրիում անվճար բուժզննում են անցել եւ վիրահատվել հարյուրավոր քաղաքացիներ։
Եվս մեկ անգամ ափսոսանք հայտնելով բարերարի անժամանակ մահվան կապակցությամբ՝ ցավակցում ենք Ջանի Հադաթի ընտանիքի անդամներին, գործընկերներին եւ ճանաչողներին»։
Տեսանյութը՝ «Ցայգ» հեռուստաընկերության՝ 2012 թվականի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Armenpress.am-ի