Կապանա իմ տունը հերթական տարեդարձն է նշում։ Արդեն 5 տարի առանց ինձ՝ անազատության մեջ գտնվող իր մեղսավոր քաղաքացու։ Ասում են՝ ծննդյան օրը հաշվում են քաղաքի հիմնադրման օրվանից, բայց Սյունիքի մարզկենտրոնը դարերի պատմություն ունի։ Շատ -շատ փորձություններ է տեսել, արհավիրքների միջով է անցել, զարկվել ու զարկել է՝ գլուխը իր անառիկ սարի` Խուստուփի նման բարձր պահելով։
Ոչ հեռավոր կամ գուցե արդեն հեռավոր 2008 թվական։ Կապանը սիրող մի քանի հոգի սրճարանում օրն էին ամփոփում ու հանկարծ մտաբերեցին, որ քաղաքի տոնը չի նշվում։ Ու դիմեցին այն ժամանակվա քաղաքապետ Արմեն Կարապետյանին. համայնքի ավագանին հաստատեց՝ հոկտեմբերին Կապանի տոնը նշել։ «Խուստուփ» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Սասուն Մանուկյանի, ռեժիսոր-օպերատոր Նվեր Զելյայի ու իմ համար օրը սկսվում, բայց չէր ավարտվում։
Կարդացեք նաև
Մշակույթի կենտրոնի այն ժամանակվա տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանի, պետարխիվի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արշալույս Փափազյանի, երջանկահիշատակ մանկավարժ Ռոբերտ Էջանանցու անմնացորդ ջանքերի արդյունքում պեղեցինք, գտանք Կապանա տան ամեն մի դրվագ, կազմեցինք, գրեցինք, տեսագրեցինք ու տոնը ստացվեց…
Արդեն 12 տարի պաշտոնապես նշվում է ծննդավայրիս օրը, մեծարում ենք նրա զավակներին, հպարտանում անվանի մարդկանցով, քաղաքի սահմաններն անառիկ պահած ազատամարտիկներով, բոլոր նրանցով, ում համար թանկ է Կապանի հողն ու ջուրը։ Ների՛ր ինձ, իմ հպարտ Կապան, որ այսօր հեռվից եմ խոսքս հղում քեզ։ Ինձ բացակա չդնես, իմ Կապան, շնորհավոր տոնդ, շատ շուտով ես կվերադառնամ ու կփարվեմ քո սար ու քարին, լեռ ու ջրին, ծառին ու հողին… Սիրում եմ քեզ, Սյունիքի անառիկ ամրոց, իմ Կապան…
Արմենակ /Արմեն/ ԴԱՎԹՅԱՆ
ԼՐԱԳՐՈՂ, ԱՅԺՄ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-Ի ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ
Լուսանկարները՝ Նվեր Զելյայի ֆեյսբուքյան էջից