«Այս պահին թե վարակի որ փուլում ենք գտնվում, դեռ վաղ է խոսել, քանի որ առ այսօր մենք չունենք իրական թվային և որակական տվյալներ մեր հանրապետությունում և Արցախում կորոնավիրուսային հիվանդացության, մահացածության վերաբերյալ»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կենդանաբուժության և աննդամթերքի անվտանգության փորձագետ, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Գրիգորյանը: Նրա վստահեցմամբ՝ մենք խնդրի կարգավորման սկզբնագծին էլ չենք հասել:
Փորձագետը ևս մեկ անգամ շեշտեց՝ բոլոր այն խոսակցությունները, որ շրջանառվում են, թե սուտ է, այս վարակը գոյություն չունի, սա խաղ է, չեն համապատասխանում իրականությանը: Նա հավաստիացրեց՝ այս վարակը գոյութուն ունի:
Մասնագետը նշեց, որ աշխարհում բժշկական հանրությունը տարբեր մոդուլներ է առաջարկում, որոնցով փորձում են բացահայտել հիվանդությունը, ախտորոշել, բայց ՀՀ-ում նման պրակտիկա չի գործում: Այս առիթով մտահոգություն հայտնեց. «ՀՀ-ում վարակի թե′ ներթափանցումը, թե′ կանխարգելումը, թե′ ներթափանցումից հետո տարածման կանխարգելումը, բուժառուների շրջանում վարակի ճշգրիտ ախտորոշումը չէր կատարվում, գործընթացը հարմարեցվում էր որոշակի քաղաքական նպատակների»:
Նա հիշեցրեց՝ դեռ հունվարին իր ելույթի ժամանակ զգուշացրել էր, որ 2020-ի հունվարին ՀՀ սահմանը հատել են 18 ՀՀ քաղաքացիներ Վրաստանից, որոնց մոտ եղել են ակնհայտ նոր կորոնավիրուսային վարակի ախտանշաններ. «Այն ժամանակ այդ խոսակցությունները, զգուշացումները կամ անտեսվեցին, կամ ներկայացվեցին որպես դավադրության տեսություն»:
Կարդացեք նաև
Հիշեցմանը՝ պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից՝ ուսումնական տարվա մեկնարկը տալով առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ, մասնավորապես երեխաները պետք է դիմակներ կրեն և հարցին՝ արդյոք սա ա՞յն լուծումն է, որը կարող է զսպել վարակի հետագա տարածումը, Գրիգոր Գրիգորյանը պատասխանեց. «Ի սկզբանե պարետատան բոլոր որոշումները՝ սկսած առաջինից, ներառյալ այս արտակարգ դրության երկարացումը, սահմանափակումները, բոլոր էլ անհիմն էին, շատ դեպքերում նաև հակասում էին ԱՀԿ խորհուրդներին, հորդորներին»:
Երեխաների՝ դիմակների կրման հետ կապված հարցին էլ Գրիգոր Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Մասնագիտական կարծիքներ կան, որ դիմակի կրումը վատթարացնում է մարդկանց առողջությունը, իսկ երեխաների օրգանիզմն ավելի քան զգայուն է, իմունային համակարգը դեռ ձևավորման շրջանում է: Այդ շրջանում դիմակ կրելը թուլացնելու է երեխաների դիմադրողականությունը: Անթույլատրելի է, և ես ծնողներին կոչ կանեմ խուսափել նման ճանապարհով դիմակներ պարտադրելը երեխաներին: Դա համարում եմ անթույլատրելի: Իմ սպասելիքն այն է, որ ծնողները, հանրությունը կհամախմբվեն և կպահանջեն չեղարկել այդ անհեթեթ որոշումը»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկի Հայաստանը օդային փոխադրումները վերականգնելու պարագայում, Գրիգոր Գրիգորյանն այս առիթով ասաց. «Մի շարք միջոցառումներ կան նրա համար, որոնք միայն կորոնավիրուսային վարակի հետ չեն կապված, այլ ընդհանրապես համաճարակային հսկողության հետ: Այն սահմանին պարտադիր է: Կան մի շարք այլ վարակներ: Այսօր կա տեղեկատվություն մեր երկրում որոշ դեպքերի մասին, որոնք հատուկ վտանգավոր վարակների տեսակետից շատ վտանգավոր են և դրանց մասին չի խոսվում պետական լիազոր մարմնի կողմից: Պարտադիր պետք է ուժեղացնել կարանտինային ծառայությունը սահմանի վրա, պետք են տարածքներ, որտեղ մենք կկարողանանք վարակիչ հիվանդության կլինիկական նշաններով ուղևորներին մեկուսացնել: Մենք չպետք է նույնականացնենք մեր ռեժիմը, գործողություններն այս ոլորտում որևէ մեկի հետ: Մեր բոլոր որոշումները պետք է ընդունենք՝ ելնելով Հայաստանի և Արցախի համաճարակային վիճակից ու շահերից, մեր ռեսուրսներից և այն վիճակից, որը ստեղծվել է ռիսկերի վերլուծությունից»:
Պատվաստանյութի օգտագործման մասին էլ նշեց, որ այս փուլում անթույլատրելի է պատվաստանյութի կիրառումը ու մանրամասնեց. «Ցանկացած պատվաստանյութ պետք է կիրառվի միայն երկարատև փորձարկումներից հետո և ակնհայտ գիտական տվյալերից հետո, որ այդ պատվաստանյութն անվտանգ է և չունի նույնիսկ հեռավար ազդեցություն մարդու օրգան համակարգերի գործունեության և կենսունակության վրա՝ անկախ նրանից, թե այդ պատվաստանյութը ստեղծվել է Ռուսաստանի, Չինաստանի, թե այլ երկրի կողմից: Այս պահին անթույլատրելի է պատվաստանյութի կիրառումը ՀՀ-ում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ