Լրահոս
Օրվա լրահոսը

Հիալուրոնաթթու․ «կենսատու ջուր»՝ մաշկի, աչքերի, հոդերի համար

Օգոստոս 15,2020 22:00

Հիալուրոնաթթուն մուկոպոլիսախարիդ (բազմաշաքար) է, որը պարունակվում է մեր մարմնի գրեթե բոլոր հյուսվածքներում, մաշկում, ձուսպային հեղուկում, ձվաբջիջների թաղանթներում, տարբեր բակտերիաների պատիճներում։ Շարակցական հյուսվածքի հիմնական նյութի բաղադրամասն է, ապահովում է հյուսվածքային տարրերի և բջիջների սոսնձումը։
Հիալուրոնաթթվի հիմնական գործառույթը հոդերում շփման նվազեցումն է, աչքի խոնավության պահպանումը։
Այն մեր մաշկի կարևորագույն բաղադրամասերից է, որն օգնում է պահպանել մաշկի խոնավությունն ու սննդանյութեր է փոխանցում մաշկին։

Օրգանիզմն այն արտադրում է հիալուրոնաթթվի սինթազ ֆերմենտի օգնությամբ, որը խառնում է երկու շաքարները՝ Դ-գլյուկուրոնաթթուն և N-ացետիլ-գլյուկոզամինը՝ հիալուրոնաթթու ստանալու համար։
Օրգանիզմը հիալուրոնաթթու կարող է ստանալ նաև սննդի միջոցով։ Այս թթվով հարուստ են տավարի, խոզի, թռչնի միսը։ Տավարի ոսկորի արգանակը հիալուրոնաթթվի լավ աղբյուր է։

Դրանից բացի որոշ մթերքներ նպաստում են օրգանիզմում հիալուրոնաթթվի սինթեզին։ Այդպիսիք են վիտամին C-ով հարուստ մթերքները, համեմունքները։ Օգտակար են նաև մագնեզիումով հարուստ սննդամթերքները։ Օրգանիզմը հիալուրոնաթթվով հարստացնելու լավ տարբերակ են մուգ կանաչ մթերքները, ընդեղենը, լոբազգիները, ավոկադոն, բանանը։ Ահա թե ինչու մագնեզիումի պակասը կարող է առաջացնել հիալուրոնաթթվի մակարդակի խանգարումներ։

Հիալուրոնային թթվի պատմությունը

Հիալուրոնաթթուն հայտնաբերվել է 1934 թ․-ին կենսաքիմիկոս, Կոլումբիայի համալսարանի դոկտոր Կարլ Մեյերի կողմից՝ կովի աչքի ապակենման մարմնում։ Փորձարկումների ժամանակ նա բացահայտել է, որ հենց այդ նյութն է օգնում աչքին պահպանել իր ձևը։ Կարլ Մեյերը կիսվել է իր ենթադրություններով, որ հիալուրոնաթթուն կարող է օգտագործվել որպես բուժամիջոց։
20-րդ դարի 40-ական թվականներին պարզվեց, որ աքլորակատարներն հարստանում են հիալուրոնաթթվով ի պատասխան տեստոստերոն հորմոնի։
Այդ բացահայտումը կատարել է Կոլումբիայի համալսարանում աշխատող հունգարացի գիտնական Անդրե Բալաժը, որն ակնաբուժության ոլորտում առաջատար գիտնականներից էր։
Եվ քանի որ աքլորակատարներն ավելի մեծ ծավալով էր հնարավոր ստանալ, քան տավարի աչքերը, դրանք դարձան հիալուրոնաթթվի ավելի նախընտրելի աղբյուր՝ ելնելով տնտեսական պատճառներից։

Կարլ Մեյեր

Հիալուրոնաթթվի արտադրության ևս մեկ տարբերակ են բակտերիաները։ Գիտնականները պարզել են, որ A և C խմբի ստրեպտոկոկերն օժտված են հիալուրոնաթթու արտադրելու ունակությամբ։
Այս բացահայտումից հետո գիտնականները ֆերմենտացնելով միկրոբները՝ դրանցից հիալուրոնաթթու էին ստանում։ Ժամանակի ընթացքում պարզվում է, որ
Agrobacterium, E.coli, Bacillus և Lactococcus մանրէների շտամները նույնպես կարող են օգտագործվել հիալուրոնաթթու ստանալու համար։

Հիալուրոնաթթվի օգտագործումը որոշ հիվանդությունների ժամանակ

Հետազոտողները ենթադրում են, որ տարիքի հետ մեր օրգանիզմն ավելի քիչ է արտադրում հիալուրոնաթթու, սրա հետ կապված էլ մեծանում է այդ միացության հետ կապված հիվանդությունների ռիսկը։
Այդպիսի հիվանդություններից են՝

  • Ֆիբրոմիալգիա-Այդ հիվանդությունը երբեմն բնորոշվում է արյան մեջ հիալուրոնաթթվի բարձր մակարդակով, հատկապես օրվա առաջին կեսին։ Սա որոշ մասնագետների հիմք է տալիս ենթադրելու, որ ֆիբրոմիալգիայի ախտորոշման միջոցներից մեկն էլ արյան մեջ հիալուրոնաթթվի մակարդակի չափումն է։
  • Օստեոարթրոզ-օստեոարթրիտի բուժման միջոցներից մեկն էլ հիալուրոնային թթուն է, որն օգնում է թեթևացնել այս հիվանդության ախտանշանները։
  • Չոր աչքի համախտանիշ– Օպտոմետրիայի ամերիկյան ակադեմիայի ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ գիտնականները ենթադրում են, որ հիալուրոնաթթուն կարող է հնարավորինս թեթևացնել չոր աչքի համախտանիշը, հատկապես ծանր դեպքերում:
  • Մաշկային խնդիրներ– Հիալուրոնաթթուն պաշտպանում է մաշկի խոնավությունը, դարձնում այն ավելի առաձգական ու հարթ։ Ահա թե ինչու է այն ներառվում մաշկի խնամքի համար նախատեսված բազմաթիվ միջոցների կազմում։
  • Գլաուկոմա – Molecular Vision ամսագրի տվյալներով՝ հիալուրոնաթթվի մակարդակի նվազեցումը կարող է մեծացնել նախագլաուկոմայի զարգացման վտանգը։
  • Միտրալ փականի պրոլապս-արտահայտվում է նախասրտի և ձախ փորոքի միջև գտնվող փականի գործառույթի խանգարմամբ։ Թեև հիվանդությունը կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարող է կրծքի շրջանում ցավեր, հոգնածություն ու գլխապտույտ առաջացնել։
    Հիվանդությունը, որպես կանոն, կապված է մագնեզիումի անբավարարության հետ․ մագնեզիումի մակարդակի բարձրացումը, որն էլ իր հերթին նպաստում է հիալուրոնաթթվի մակարդակի ավելացմանը, կարող է նպաստել Միտրալ փականի պրոլապսի ախտանշանների թեթևացմանը։

Մթերքներ, որոնք կարող են ավելացնել հիալուրոնաթթվի արտադրությունն օրգանիզմում

Ակնհայտ է, որ հիալուրոնաթթուն կարևոր դեր է խաղում օրգանիզմի ամենօրյա կենսագործունեության մեջ։ Սննդակարգն այս կարևոր միացության բավարար քանակ ստանալու լավագույն միջոցն է։
Որոշ մթերքներ հիալուրոնաթթվի հարուստ աղբյուր են, մյուսներն էլ նպաստում են օրգանիզմում վերջինիս սինթեզին։

  • Գյուղատնտեսական միջավայրում պահվող անասունների միսը, ինչպես նաև թռչնամիսը մեծ քանակությամբ հիալուրոնաթթու են պարունակում։ Այս նյութի հարուստ աղբյուր է ոսկորներից, աճառներից պատրաստված մսային արգանակը։
  • Արմատապտուղներ– համարվում է, որ Տոկիոյի մերձակա գյուղերից մեկի երկարակյացներն իրենց առողջությամբ պարտական են արմատապտուղներին, որոնք կազմում են գյուղի բնակիչների սննդի գերակշիռ մասը։
  • Վիտամին C-ով հարուստ մթերքներ-ասկորբինաթթուն կարևոր դեր է խաղում հիալուրոնաթթվի արտադրության գործում։ Սյդպիսի մթերքներ են, օրինակ, կարմիր, նարնջագույն ու դեղին պղպեղները, ցիտրուսային մրգերը, մաղադանոսը, համեմը և այլն։
  • Մագնեզիումով հարուստ մթերքներ-ինչպես արդեն նշեցինք, այդ հանքանյութը նպաստում է հիալուրոնաթթվի արտադրությանը։ Լավագույն տարբերակ են խնձորը, բանանը, ավոկադոն, սեխը, տանձը, դեղձը և մագնեզիումով հարուստ այլ մթերքները, որոնք մագնեզիումից զատ ներառում են առողջությանն օգտակար այլ սննդանյութեր։

Եթե անհրաժեշտություն է առաջացել հիալուրոնաթթվի հավելումներ ընդունելու, ապա պետք է հաշվի առնել հետևյալ հակացուցումները․

Հիալուրոնաթթու պետք չէ ընդունել․

  • Եթե ունեք ալերգիա հավի մսից կամ ձվից։
  • Եթե ներկա պահին ընդունում եք արյան մակարդելիության վրա ազդող դեղամիջոցներ։
  • Եթե տառապում են արյան մակարդելիության խանգարումներից։
  • Եթե ախտահարված հոդի շրջանում առաջացել են մաշկային խնդիրներ։

Հիալուրոնաթթվի հավելումներ ընդունելուց խորհուրդ է տրվում խուսափել հղի կանանց ու կերակրող մայրերին, քանի որ շատ քիչ են տվյալները, թե ինչ ազդեցություն ունի հիշյալ միացությունը երեխայի կամ կրծքի կաթի որակի վրա։

Հիալուրոնաթթուն կոսմետոլոգիայում

Որպես կոսմետիկ բաղադրամաս հիալուրոնաթթուն սկսել է գործածվել 1980-ական թթ․-ից․ այժմ այն օգտագործվում է գերազանցապես երկու եղանակով՝ որպես խոնավեցնող կոսմետիկ միջոց կամ որպես ֆիլլեր՝ դեմքի եզրագծային պլաստիկայի համար։
Հիալուրոնաթթուն օժտված է խոնավությունը քաշելու ու պահելու բացառիկ ունակությամբ, ինչով էլ պայմանավորված է այս միացության նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրությունը կոսմետոլոգիայի բնագավառում։ Պատկերավոր ասած՝ հիալուրոնաթթվի յուրաքանչյուր մոլեկուլը նման է մանրագույն սպունգի, որն իր մեջ է պահում ջուրը։ Այդ պատճառով էլ հիալուրոնաթթուն մաշկի ու հյուսվածքների խոնավեցման հարցում շատ մեծ դեր ունի։

Այսօր կարելի է գտնել մաշկի՝ հիալուրոնաթթու ներառող խնամքի ամենատարբեր միջոցներ՝ մաշկը մաքրող փրփուրներից մինչև խոնավեցնող շիճուկներ ու քսուկներ, որոնք, սովորաբար, կողմնակի ազդեցություններ չեն թաղնում մաշկի վրա,  չափազանց հազվադեպ են հիալուրոնաթթվի պատճառով առաջացած մաշկի ալերգիկ երևույթները։

Ինչպես նշվեց, տարիքի հետ օրգանիզմում հիալուրոնաթթվի սինթեզը նվազում է․ այդ փաստը գիտնականների համար առիթ էր հիալուրոնաթթվի՝ հակատարիքային ազդեցությունն ուսումնասիրելու համար։ Ինչպես հաստատում են գերմանացի մաշկաբանները, իսկապես, հիալուրոնաթթվի շիճուկի արտաքին օգտագործումը զգալիորեն նվազեցնում է կնճիռներն ու բարձրացնում է մաշկի առաձգականությունը։
Հարավային Կարոլինայի մաշկաբանության և լազերային կոսմետոլոգիայի կենտրոնի ուսումնասիրություններն ապացուցել են, որ հիալուրոնաթթվի աղերն արդյունավետ են սեբորեական դերմատիտի և գրգռված մաշկի բուժման համար։

Ծանուցում․ Հիալուրոնաթթվի ներարկումները կատարվում են միմիայն բժշկի ցուցումով ու մասնագետի միջամտությամբ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ բժիշկ Ջոզեֆ ՄԱՐԿՈԼԱ, wonderzine.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31