Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ ձևով պատրաստվեր, շատ ավելի շահեկան տպավորություն կթողներ». Մարկ Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի «HARDtalk» հաղորդմանը մասնակցության մասին

Օգոստոս 15,2020 14:54

2003-2014 թթ․ BBC-ի լրագրող Մարկ Գրիգորյանի փաստմամբ՝ մեծ նվաճում է BBC-ի «HARDtalk» հաղորդման հյուրը լինելը, բայց նաև մեծ պատասխանատվություն:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC-ի «HARDtalk» հաղորդմանը, որից հետո քննադատություններ են հնչում ՀՀ վարչապետի՝ հաղորդման ընթացքում արված հայտարարությունների մասին: Օրինակ՝ վարչապետին քննադատում են, որ նա չօգտագործեց միջազգային հանրությանը Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը ցույց տալու փայլուն հնարավորությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերը տապալելու համար և այլն:

Մարկ Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են BBC-ում պատրաստվում HARDtalk-ին: Նա ներկայացրեց. «HARDtalk հաղորդումը գոյություն ունի արդեն մի քանի տասնամյակ: Այդ ընթացքում այդ ձևաչափը և′ հղկվել է, և′ դարձել ավելի ճշգրիտ: «HARDtalk»-ը հեռուստատեսային այն հաղորդումն է, որն աշխարհում եզակի է, որտեղ խոսում են տարբեր երկրների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների կամ շատ հայտնի բիզնեսմենների հետ, և այդ բոլոր խոսակցությունները լինում են շատ կոշտ: Եթե թարգմանենք հաղորդման անվանումը հայերեն, կլինի դժվար զրույց: Այդ դժվար զրույցի հրավիրում են տարբեր երկրների ղեկավարների և տալիս շատ դժվար հարցեր: Հարցեր, որոնց երկրների ղեկավարները պիտի կարողանան պատասխանել»:

Մարկ Գրիգորյանը պատմեց, որ հաղորդման յուրաքանչյուր թողարկմանը BBC-ում պատրաստվում են մի քանի հոգի. աշխատում է մի ամբողջ թիմ, և ցանկացած հարցազրույցի նախապատրաստվելը մի առանձին լրագրողական հետաքննություն է: Լրագրողական հետաքննության միջոցով պարզում են՝ ինչ երկիր է, ինչպես է այն ապրում, ինչպես է ղեկավարվում, որոնք են այդ երկրի ղեկավարների համար ամենահիմնական, ամենադժվար և ամենածանր խնդիրները, ինչ կարելի է խոսել այդ խնդիրների մասին և ինչ լուծումներ է առաջարկում կառավարությունը:

Իր՝ BBC-ում աշխատանքային տարիները հիշելով՝ Մարկ Գրիգորյանն ասաց. «Երբ ես աշխատում էի BBC-ում՝ Լոնդոնում, և HARDtalk-ը պատրաստվում էր մեր տարածաշրջանից որևէ մեկի հետ խոսել, իրենք անպայման զանգահարում էին այդ տարածաշրջանին ծանոթ մարդկանց, մասնագետներին, փորձագետներին և խոսում նրանց հետ: 2004-ին՝ անմիջապես ընտրվելուց հետո, երբ Միխայիլ Սահակաշվիլին հրավիրվեց HARDtalk, ինքը դա ընդունում էր՝ որպես իր երկրի մեծ նվաճում, որ ահա տեսեք՝ Սահակաշվիլին եկավ ու հասավ HARDtalk: Եվ դա իսկապես մեծ նվաճում է, բայց նաև մեծ պատասխանատվություն, քանի որ պետք է պատասխանել շատ դժվար հարցերի»:

Մարկ Գրիգորյանը հավաստիացրեց՝ դեռ հաղորդումը չեղած ոչ միայն գիտեր, թե ինչ հարցեր են տրվելու մեր վարչապետին, նույնիսկ կարող է ասել մարդկանց, որոնք խորհուրդ էին տվել, թե ինչ հարցեր կարելի է տալ Հայաստանի վարչապետին. «Այսինքն՝ գուցե և մեր երկրի ղեկավարությունը չգիտի, որ ես այդքան տեղյակ եմ, բայց Հայաստանից ոչ մեկ երբեք այդքան երկար չի աշխատել BBC-ում ու այդքան լավ ծանոթ չէ այդ կազմակերպության ամբողջ ներքին խոհանոցին, ինչպես ես: Նման հարցազրույցի պատրաստվելուց, կարծում եմ, ճիշտ կլիներ դիմել մասնագետի և հարց տալ մասնագետի»:

Մեր դիտարկմանը՝ փաստորեն այնպես է ստացվել, որ BBC-ից դիմել են սխալ խորհրդատուների՞ , Մարկ Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ընդհանրապես դիմել են, թե ոչ, չգիտեմ, որովհետև ես մուտք ու ելք չունեմ կառավարական օղակներ: Ես չգիտեմ՝ ում են դիմել և ով է խորհուրդներ տվել, բայց ես գիտեմ, որ մեծ և լուրջ մասնագետի չեն դիմել: Եվ, իհարկե, երբ դու նախօրոք գիտես` քո դիմացինն ինչ շախմատային քայլեր է պատրաստվում անել, այդ քայլերին պատասխաններ գտնելն ավելի հեշտ է»:

Մեր հարցին՝ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգլերեն էր խոսում, գուցե դա՞ խանգարեց նրան, Մարկ Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, վերջին մեկ տարվա մեջ վարչապետի անգլերենը բարելավվել է: Իր անգլերենն այս մակարդակի վրա չէր մեկ, մեկուկես տարի առաջ: Իհարկե, դժվար է խոսել մի լեզվով, որը լավ չգիտես, և դա ավելի է բարձրացնում նախօրոք պատրաստված լինելու արժեքն ու անհրաժեշտությունը: Եթե դու գիտես, որ դու արդեն մի տեղից կաղում ես, եթե մտքերդ արտահայտելու հետ խնդիր ունես, առավել ևս քո մտքերը պիտի սրված ու պատրատված լինեն, և դու պիսի կարողանաս պատրաստված լինել ցանկացած վիճակի: Ես համոզված եմ, որ վարչապետի հարցազրույցը կարող էր և ավելի լավը լինել: Վստահ եմ, որ եթե ճիշտ ձևով պատրաստվեր, ինքը շատ ավելի շահեկան տպավորություն կթողներ»:

Փաստելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ է լրագրող, BBC-ի նախկին լրագրողն ասաց. «Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի հարցազրույցին պատրաստվելու արժեքը, անհրաժեշտությունն ու նշանակությունը: Եվ համարել, որ HARDtalk-ի խոսակցությունը կլինի նույն մակարդակի, ինչ մեր հեռուստատեսային հարցազրույցներն են, դա նշանակում է թերագնահատել աշխարհի ամենահայտնի հետուստատեսային հաղորդումներից մեկը»:

Մեր հիշեցմանը՝ այս հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած քննադատությունները շատ են և հարցին՝ իսկ ո՞րն էր այս հարցազրույցում նրա ուժեղ կողմը, Մարկ Գրիգորյանը պատասխանեց. «Ուժեղ կողմը կասեի ներքին քաղաքականության մասն էր, բայց երբ խոսում էր Ղարաբաղի խնդրից, այնտեղ թերությունենրն այնքան էին, որ այդ ուժեղ կողմը չհնչեց պատշաճ ձևով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31