Ուղիղ երկու տարի եւ երեք ամիս առաջ Հայաստանի Հանրապետութեան գործադիր իշխանութեան ղեկավարի` վարչապետի առաջարկով, նախագահի հաստատմամբ Հայաստանի կրթութեան ոլորտի պատասխանատու նշանակուեց Արայիկ Յարութիւնեանը: Կրթութեան նախարարութեան պաշտօնական էջում Արայիկ Յարութիւնեանի կենսագրականից պարզ է դառնում, որ վերջինս մասնագիտութեամբ արաբագէտ է, աւարտել է Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան համալսարանում` ստանալով պատմական գիտութիւնների թեկնածուի աստիճան: Արայիկ Յարութիւնեանը հասցրել է դասախօսել Երեւանի պետական համալսարանում, ներգրաւուած է եղել հայ-թրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնութիւններում, աշխատել է որպէս միջազգային բաժնի պատասխանատու հայկական երկու լրատուամիջոցներում: Նոյն այդ կենսագրականում վառ արտայայտիչ տառաշարով գրուած է, որ Արայիկ Յարութիւնեանը տարիներ առաջ` հեռաւոր 2010-ին, «հայերէն»-ի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնութիւնը: Համացանցում այս նախաձեռնութեան մասին յօդուածներից մի քանիսից պարզ է դառնում, որ այն դէմ է եղել այն ժամանակուայ կրթութեան ոլորտի պատասախանատուների օրակարգում գտնուող «Լեզուի մասին եւ Հանրակրթութեան մասին» օրէնքներում փոփոխութիւնների նախագծին: Նա եւ իր գաղափարակից մի շարք ընկերներ այն ժամանակ պնդում էին` այդ օրինագիծը, որը հնարաւորութիւն էր տալիս Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել, մեծ վնաս կը հասցնի հայալեզու կրթական համակարգին: Նոյն այդ հրապարակումներում աչքի դիպան մէջբերումներ, որտեղ նախաձեռնութեան անդամները խօսում են ազգային կրթութեան ռազմավարութիւնից, ձուլումից, ազգային արժէքներից եւ այլն, եւ այլն․․․
Նախարար նշանակուելուց յետոյ, սակայն, հայերէնի համար պայքարի դուրս եկած Արայիկ Յարութիւնեանը հէնց այդ «հայերէնին» սկսեց դիպչել, ոչ լաւ իմաստով: 2019-ի աշնանը իր գլխաւորած նախարարութեան մշակած «բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» օրէնքի նախագիծը ոտքի հանեց շատերին: Դժգոհութեան պատճառն այն դրոյթն էր, որով առաջարկւում էր բուհերում «հայոց լեզու», «հայ գրականութիւն» եւ «հայոց պատմութիւն» առարկաների դասաւանդումը պարտադիր չդարձնել: Այս որոշմանբ հեղինակները պնդում էին ու դեռ պնդում են դպրոցը բաւարար է հայագիտական առարկաների համար, համալսարաններում այն սովորելն անօգուտ: Դասադուլներ, բողոքի ցոյցեր, դասախօսների դժգոհութիւններ, նստացոյցեր յանուն հայագիտական առարկանների: Հէնց այս շրջանում դիտմամբ, թէ պատահմամբ Արայիկ Յարութիւնեանը իր քննադատների սկսեց արձագանքել քաղաքական գործչին ոչ վայել կեցուածքով: Երբ նախարարութիւնում նա հանդիպում էր իր վարած կրթական քաղաքականութեան դէմ գործադուլ իրականացնող դասախօսների հետ նախարարը սկսեց սպառնալ դասխօսներից մէկին, ում եղբօրորդին դաշնակացական է` նշելով, որ իբր իր եղբօր տղու կուսակցութիւնը քրէական գործերով լցուած արկղեր է ստանալու, որոնք ի դէպ դեռ տեղ չեն հասել: Զրոյցը, երբ սկսել էր թէժանալ, նախարարը առիթը բաց չթողեց յոխորտալու տարիքով մեծ կնոջ վրայ: Իհարկէ Արայիկ Յարութիւնեանի այդ յոխորտոցն ու ինչպէս ամերիկացիներն են ասում «attidude»-ն այլ առիթներով էլ աչքի ընկան, օրինակ երբ նա այցելում էր դպրոցներ, հանդիպում ուսուցիչների հետ, բայց բաւարարուենք այս մէկով:
Իր ոչ միանշանակ ընդունուած որոշումներով Արայիկ Յարութիւնեանը էլ աւելի սկսեց աչքի ընկնել, երբ կառավարութիւնում տեղի ունեցած կառուցուածքային փոփոխութիւններից յետոյ նրան յանձնուեց նաեւ մարմնամարզի եւ մշակոյթի ոլորտների կառավարումը: Այս ոլորտներում նրա գլխաւորած նախարութեան կողմից դրամական աջակցութիւն ստացած մի շարք ծրագրեր գուցէ եւ աչք չծակէին, եթէ այդ «ժամանակակից արժէքներից» բացի, նոյնքան աջակցութիւն ստանաին նաեւ ազգային ծրագրեր: Արայիկ Յարութիւնեանի գլուխգործոցները շատ են` նիւթն աւարտենք ամենաթարմով: Օրէր առաջ նրան բաց նամակ էին գրել Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի ծննդավայր Դաւիթ Բեկ գիւղի բնակիչնէըը` նախարարին մեղադրելով պատմութիւնը խեղաթիւրելու մէջ: Յիշեցնեմ, որ Արայիկ Յարութիւնեանը Դիմագրքի իր էջում գրել էր․ «Զօրավար Անդրանիկին թուրքերին յանձնող, Հայաստանի անկախութեան վերականգնմանը դէմ արտայայտուող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատուէր կատարող է յայտարարում»: Դաւիթ Բեկ Գիւղի բնակիչները հակադարձել էին իրենց նամակում․ «Արամ Մանուկեանը եղել է, կայ ու միշտ կը լինի մեծագոյն հայ,որը իր կեանքը նուիրաբերել է հայութեանը, իսկ դուք կը մնաք նրա եւ միւս մեծ հայերի ստուերում»:
Սիրուն ՍԻՐՈՒՆԵԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում