Որոշ բնակիչներ որոշել են, որ կարելի է աղբավայր «ստեղծել» ու պարբերաբար այրել աղբը
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-2 թաղամասում գտնվող «Սիրո եւ հավատի» զբոսայգու տարածքում՝ դպրոց եւ մանկապարտեզ տանող ճանապարհին, տեւական ժամանակ է, ինչ բնակիչների մի մասն աղբ է լցնում եւ այրում:
Ինչպես հայտնեցին «Առավոտ»-ին դիմած մի խումբ բնակիչներ, խոսքը թիվ 77 եւ 74 մանկապարտեզների միջեւ ընկած հատվածի մասին է:
«Պարբերաբար աղբն այրելու փորձեր եմ կանխում: Քանի որ տարածքն անբարեկարգ է, որոշ բնակիչներ որոշել են, որ կարելի է աղբավայր «ստեղծել» ու պարբերաբար այրել աղբը: Հավաքված աղբը տանող չկա, մարդիկ էլ այրում են: Ամբողջ ծուխը լցվում է տուն, թունավորվում ենք այրված աղբի ծուխը շնչելուց: Մայիսից ահազանգում եմ խնդրի մասին»,-նշեց տարածքի բնակիչներից մեկը:
Կարդացեք նաև
Ահազանգողները քաղաքային իշխանությանը խնդրում են դպրոց ու մանկապարտեզ տանող ճանապարհը բարեկարգել եւ մաքրել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.08.2020